Նարեկ Գալստյան. «Հայտնի քաղաքական գործիչների թոշակի գնալու ժամանակն է» (Տեսանյութ)

Նարեկ Գալստյան. «Հայտնի քաղաքական գործիչների թոշակի գնալու ժամանակն է» (Տեսանյութ)

«Այսօր ոչ աշխատանքային օր է, սակայն տոնի հոտը չի զգացվում»,- ՍԴՀԿ-«Հայազն» կուսակցությունների կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ այսօր իր ելույթում նկատեց կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը: Համաժողովը նվիրված էր աշխատավորների օրվան: Հնչած ելույթները`նույնպես: Տոնի հոտն, ըստ բանախոսի, չի զգացվում այն պատճառով, որ Հայաստանում աշխատավոր մարդու իրավունքները ամեն օր ոտնահարվում են: Ըստ նրա, հայ գյուղացին ստիպված է լինում վերմակ-դոշակով արտագաղթել, «բանկային մոնստրների» դարդից, հայ ուսանողները` օտար ափերում են բախտ որոնում:

Աշխատավորների իրավունքները պաշտպանելու համար «Հայազնը» եւ ՍԴՀԿ-ն մի կողմ են դրել կուսակցական ամբիցիաները, հպարտությունը եւ միավորվում են մեկ դրոշի ներքո: Սա նախնական նպատակն է: Հետագայում, աշխատավորների շահերի պաշտպանությունը կվերաճի նաեւ քաղաքական ամբիցիաների:

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն իր ելույթում ասաց, որ ՀՀ-ում աշխատավորը վերացել է, ուստի իրենք հսկայական գործ ունեն անելու`բոլորիս շահերը պաշտպանելու համար: Ու շարունակեց, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում աննախադեպ քաղաքական գործընթաց: Դա ՍԴՀԿ-ի եւ «Հայազն»-ի միավորումն է: «Հայաստանյան քաղաքական մտքի պատմության մեջ երկու քաղաքական կուսակցություն միացել են ոչ թե նախընտրական շրջանում, ընտրություններին մասնակցելու, հետո կուլ գնալու նպատակով, այլ հետընտրական շրջանում`առաջարկելով միասնական օրակարգ: Թե 130 ամյա ՍԴՀԿ-ն, թե «Հայազն»-ը եւ այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք հետո միանալու են մեզ`ունեն մեկ ընդհանրական միասնական օրակարգ, մեկ նպատակ, որը տանելու է առաջ»,- ասաց Նարեկ Գալստյանը`հավելելով, որ հետագայում բոլորը կմիավորվեն հնչակյան դրոշի ներքո. «Հայաստանի ապագան գաղափարական կուսակցություններն են: Մենք միանում ենք, որովհետեւ մեկ տեսակ ենք, հասկանում ենք, որ Հայաստանին օլիգարխների գործիք կամ օտարերկրյա դեսպանատներին մուրացիկի հայացք ուղղող կուսակցություններ պետք չեն, այլ՝ Հայաստանի շահն առաջ տանող»:

Այս միավորման պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում ձեւավորվող «օլիգարխիկ արիստոկրատիան» իր եւ իր երեխաների ապագան Հայաստանում չի տեսնում ու ամեն պահի նրանք կարտագաղթեն`օտար ափերում վայելելու «մեզնից գռփածը»:

Այս ամենի մեղավորն, ըստ Նարեկ Գալստյանի, միայն իշխանությունը չէ, այլ նաեւ ընդդիմությունը: Դրա վառ ապացույցը նա համարում է ապրիլյան խորհրդարանական ընտրությունները, որտեղ երեւաց Հայաստանի «ողբերգական քաղաքական օրակարգը`ինձ ընտրեք ես հինգ միլիարդ եմ բերելու, չէ ինձ ընտրեք ես 15 եմ բերելու, չէ-չէ ես 100-ը կբերեմ»: Բանախոսի կարծիքով, սա էր պատճառը, որ ՀՀԿ-ն մեծամասնություն հավաքեց:

«Պետք չի պատերի տակ խոսել, թե ինչո՞ւ այդպես եղավ: Այդպես եղավ, քանի որ 500 մարդ չգտնվեց, որ դուրս գա փողոց եւ ասի, որ ընտրությունները կեղծվել են: Այդպես եղավ, որովհետեւ ընդդիմությունն ամուլ գտնվեց: Հայտնի քաղաքական գործիչներն սպառել են իրենց, իրենց թոշակի գնալու ժամանակն է»,- հայտարարեց Նարեկ Գալստյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

ՍԴՀԿ-ն եւ Հայազն-ը կձեւավորեն միասնական խորհուրդ, որի ղեկավարը Արմեն Մկրտչյանն է: Խորհրդաժողովում ընդունվեց նաեւ մանիֆեստ: Միավորման հետագա գործունեության եւ նպատակների մասին`կհայտարարվի առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք