Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր». Հանձնաժողովի անդամը՝ «Առավոտի» լրագրողին (Տեսանյութ)

Մայիս 14,2017 13:09

Ինչպես տեղեկացրել ենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքում 7/46 ընտրատեղամասում մեր տեսախցիկն արձանագրել է բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր: Ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցուցադրում էին քվեատուփի կողքին նստած հանձնաժողովականներին, մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանին:

Մի ընտրող էլ, երբ բերեց քվեաթերթիկը բաց տվեց տվյալ հանձնաժողովականին, նա փոխանակ կարգն ասելու եւ ընտրողին նորից քվեախուց ուղարկելու, ինքը քվեաթերթիկը ընտրողի փոխարեն դրեց ծրարի մեջ եւ գցեց քվեատուփը:

Մենք հրավիրեցինք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը, նա ընտրողին սաստեց՝ առաջին անգա՞մ եք ընտրության, ինչի՞ եք բաց քվեարկում: Մեծահասակ մարդը վստահեցրեց, որ առաջին անգամ է իր կյանքում ընտրում:

Հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը արդարացնում էր՝ ասելով, թե «մարդը շշկռվել ա»: Միջամտեց «Ելքի» վստահված անձը: Սկսեց վիճաբանություն: Հանձնաժողովի նախագահը կարգի հրավիրեց. «Մի՛ վերցրու քո ձեռքով քվեաթերթիկը դիր մեջը, ասա՝ գնա էն կողմ դիր»:

«Արա, լավ, մարդ ա, դե հիմա, այ քեզի բան արա՛»,- արձագանքում էր ՕԵԿ-ականը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ են ձեզ հատկապես բերում ցույց տալիս՝ Արայիկ Գեւորգյանը բորբոքվեց, թե շա՞ռ ես անում, նա վեր կացավ տեղից, սկսեց ձեռքերը թափահարել, գոռգոռալ ու սպառնալ. «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր»:

Նա շարունակեց գոռալ. «Տղա ըլնեիր, մի հատ բառ կասեի…»:

Ավելի ուշ, երբ ուզում էինք ճշտել այդ հանձնաժողովականին տվյալները, ով է, որ կուսակցությունից, նա նորից սկսեց սպառնալ. «Գիտեք չէ, հանկարծ մի հատ անկապ բան գրեք, ես էնքան կգրեմ, տակից չեք կարա դուրս գաք, զգույշ կլինեք»:

Երբ հորդորեցինք չսպառնալ՝ նա սկսեց վիրավորել. «Շատ անգրագետ լրագրող եք, ասեմ ձեզ: Բառերիդ պատասխան ես տալու, ազիզ ջան»:

Երբ զգուշացրեցինք, որ ԶԼՄ ներկայացուցիչ ենք, կարող եք վարչական պատասխանատվության ենթարկվել՝ պահվածքի համար, նա շարունակեց գոռգոռալ. «Տո մի վախացրու քո ԶԼՄ-ով: Որ ասիր՝ բերել են ձեզ ցույց են տալիս, պատասխան ես տալու էդ բառիդ համար, մենք էլ հեռուստաընկերություն ունենք…թուլին նայի հլը»:

Ընտրատեղամասում լարված մթնոլորտ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031