Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հրապարակում քյաբաբ կարելի՞ է պատրաստել

Մայիս 23,2017 14:41

Սահմանադրական բարեփոխումների ոգով ապրող հասարակությանը այլևս դժվար է զարմացնել, առավել ևս ապշեցնել:

Մինչև 2040թ. համար իշխանությունները լրջորեն մշակում են «իրատեսական» ծրագրեր՝ Մետաքսի ճանապարհի համար նախագծվում է գետնանցում, շինարարական վերջին աշխատանքներն են արվում Սևանա լիճը ծով դարձնելու համար, օրենքներ են մշակվում, որ պատգամավորին հարց տալը դիտվի իբրև դատապարտելի արարք, վերջին աշխատանքներն են արվում Սարի Թաղը Մոնակո դարձնելու համար: Շուտով քաղաքացիներից շատերը կունենան իրենց սուպերմարկետները, բանկերը, մայթերը և անգամ փողոցները:

Այս ամենը երազանք չէ, այլ իշխանությունների կողմից վերարտադրությունը շարունակական դարձնելու նպատակով մտքի փայլատակման դրսևորում:

Իսկ առայժմ շատ քիչ քաղաքացիներ կունենան սեփական հրապարակ, որ խորոված անեն:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում խաղաղ ցույցեր և անգամ երթեր կազմակերպելու համար մշակված են օրենքներ, որոնցում ամրագրված է, թե քանի օր առաջ կարելի է դիմել քաղաքապետարան՝ գրության մեջ նշելով երթուղին, մասնակիցների թիվը, երթի պատասխանատուի անուն-ազգանունը, ինչպես նաև շարքերի պատասխանատուների տվյալները: Այս ամենից զատ ոստիկանությունը խաղաղ երթի մասնակիցներին չի թույլատրում հանրապետության հրապարակի մեջտեղով՝ գորգի վրայով քայլել և անցնել:

Այս ամենը օրենքի պահանջ է և այն չի կարելի ոտնահարել:

Եվ հանկարծ քաղաքացիները ԶԼՄ-ներից տեղեկանում են, որ ոսկյա երիտասարդությունը «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված հարսանիքի խորովածը պատրաստել է հանրապետության հրապարակի գորգի վրա: Կատարվածը չունի վաղեմության ժամկետ:

Քաղաքացիներից շատերը ոգևորվում են և այսօր փորձում են քաղաքապետարանից թույլտվություն ստանալ, որպեսզի հանրապետության հրապարակում քյաբաբ պատրաստեն, ավելի ստույգ՝ ընտանիքը պահելու համար քյաբաբանոց դնեն…:

Մնում է հարցնել՝ ե՞րբ կլինի նամակի պատասխանը՝ թույլտվությունը, քանզի հրապարակի արևի տակ միսը փչանում է:

 

Գառնիկ Վաղարշակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031