Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչի որոշմամբ սարի փլուզումից զոհվածի ավտոմեքենայի վնասի գումարը՝ Լճկաձոր համայնքից

Մայիս 23,2017 18:20

2011թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 18.50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման Մ-6 ճանապարհի 83-րդ կիլոմետրում, Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում միջպետական ավտոճանապարհի վերեւի սարը փլուզվեց, որի հետեւանքով 5 հոգի հայտնվելով հողի եւ քարի մեծ շերտի տակ, զոհվեց:

Նրանցից մեկի ՝1973թ. ծնված Արմեն Սորսումատյանի այրին՝ Աբովյանի բնակչուհի Նաիրա Սորսումատյանը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վնասի փոխհատուցման պահանջով դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ Լճկաձոր համայնքին: Ավտոմեքենան պատկանել է Ա. Սորսումատյանին, սարի փլուզումից հետո նա այդ ավտոմեքենայի մեջ է մահացել: Հայցվորը դատարանին հայտնել է, որ «Մերսեդես Բենց» ավտոմեքենան իրենք գնել են պարտքերով: Ապրանքագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 2 միլիոն 500 հազար դրամ: Ն. Սորսումատյանը հայցում նշել է, որ սարի փլուզման հետեւանքով որբ են մնացել իր մանկահասակ 3 երեխաները՝ 1996թ. ծնված աղջիկը, 1999 եւ 2005 թվականներին ծնված տղաները:

Դեպքի առթիվ 2011թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, 2012թ. մարտի 26-ին քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության պատճառով: Ն. Սորսումատյանը դատարանին հայտնել է, որ Տավուշի մարզպետարանը փլուզման հետեւանքով մարզի բնակիչների ավտոմեքենաներին պատճառված վնասի կապակցությամբ դրանց տերերին դրամական օժանդակություն է ցուցաբերել իսկ իրեն մերժել է՝ Տավուշի մարզի բնակիչ չլինելու պատճառաբանությամբ: Սորսումատյանների ընտանիքը մետաղի ջարդոն դարձած ավտոմեքենային պատճառված վնասի փոխհատուցման խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, Երեւանի քաղաքապետին, սակայն նրանց խնդրանքը չի բավարարվել:

Հայցվորը հայտնել է, որ փորձագիտական եզրակացությամբ՝ տեղի ունեցածը ոչ թե սողանք է եղել, այլ՝ փլուզում, որն առաջացել է փլված հատվածի վրա գտնվող այգիների երկար, առանց հսկողության ջրելու, 1986թ. կառուցված, 500 մմ տրամագծով ստորգետնյա վթարային ջրատար խողովակից ջրի առատ հոսքի հետեւանքով: Փլուզման համար պատճառ է եղել նաեւ այն, որ այդ ժամանակ ճանապարհի տվյալ հատվածում կուտակված է եղել բարձված 35 մեծ բեռնատար: Ավելին, նույն տեղում են գտնվել նաեւ «Արգիշտի-1» ՍՊԸ-ի 20 տոննանոց ծանր ավտոամբարձիչը, որն անկարող է եղել ձորն ընկած բեռնատարի բեռը բարձրացնել, քանի որ բեռը բարձրացնելուց հետո ծանրության տակ ճոպանները կտրվել են ու բեռը բավական բարձր դիրքից ընկել է գետին: Փլվածքը եւ ապարների հոսքը սկսվել է ավտոամբարձիչի ճոպանները կտրվելուց, բեռը ուժեղ թափով գետինին հարվածելուց անմիջապես հետո:

Վերոհիշյալ քաղաքացիական հայցով գործի քննությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2014թ. հոկտեմբերի 17-ին: 2017թ. մարտի 1-ին դատավոր Էդիկ Ավետիսյանը վճռել է հայցը բավարարել եւ Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության եւ Տավուշի մարզի Լճկաձոր համայնքից հօգուտ հայցվոր Ն. Սորսումատյանի բռնագանձել «Մերսեդես Բենց» ավտոմեքենային պատճառված վնասը՝ երկուսուկես միլիոն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությունը վերաքննիչ բողոք է բերել: Քաղաքացիական վերաքննիչ դատարանը համարել է, որ տեղի ունեցածը անհաղթահարելի ուժի հետեւանք չէ, այլ մարդկային գործոնի հետեւանք, որ Լճկաձոր համայնքը լինելով վնասի հատուցման համար պատասխանատվություն կրող սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության ժամկետներում եւ կարգով չի բողոքարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մայիսի 22-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը՝ Արմեն Մկրտչյանի նախագահությամբ, վճռել է ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մասնակիրեն բեկանել եւ փոփոխել. Տավուշի մարզի Լճկաձոր համայնքից հօգուտ Նաիրա Սորսումատյանի բռնագանձել երկուսուկես միլիոն դրամ, Ն. Սորսումատյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, մերժել: Դատարանը որոշել է Լճկաձոր համայնքից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, Ն. Սորսումատյանից հօգուտ ֆինանսների նախարարության բռնագանձել 75 հազար դրամ՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված եւ ֆինանսների նախարարության կողմից վճարված պետական տուրքի գումար:

Հավելենք, որ 2011թ. հոկտեմբերի 2-ի փլուզումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 30-ին ճանապարհի նույն հատվածում փոքր փլուզում էր եղել: Եթե այդ ժամանակ պատկան մարմինները ուսումնասիրեին այդ տարածքը, անվտանգության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկեին,գուցե կարող էր կանխվել 5 զոհի հանգեցրած մեծ փլուզումը: Ճանապարհին կից ձորից մեծ բեռնատարի մեծ վագոնի հանման փորձի ժամանակ պետավտոտեսչությունը չի փակել միջպետական ճանապարհը, ընդհակառակը՝ այդ հատվածում շուրջ 35 մեքենաների կուտակում է եղել, ինչն արագացրել է փլուզումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031