Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցով բանակցությունները եկող տարի կարող են մտնել որոշումների կայացման փուլ

Մայիս 25,2017 15:47

 

«Նախագահի խոսքը պաշտոնական տեսակետ է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է աշխատանքային համարել Կազանի փաստաթուղթը: Թեեւ մամուլում վերջին օրերին հնչում են հակառակը «հիմնավորող» տեսակետներ: Ի տարբերություն դրանց հեղինակների` գտնում եմ, որ եթե Կազանի փաստաթուղթը չի հանձնված ԵԱՀԿ-ին ի պահ, ուրեմն խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման հնարավորություն կա եւ հարկ է կենտրոնանալ այդ հնարավորությունն` ի շահ Արցախի եւ Հայաստանի օգտագործելու դիվանագիտական ջանքերի վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն`անդրադառնալով ամսի 18-ին, խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին , մասնավորաբար Արցախի հարցի կարգավորմանը վերաբերվող հատվածին:

Թե կարգավորման ի՞նչ տարբերակներ եւ ե՞րբ են եղել, Վահրամ Աթանեսյանը համարում է քաղաքագետների, նույնիսկ ապագա պատմաբանների խնդիրը: Կարծում է, քաղաքականության մեջ պետք է գործի «այստեղ եւ այժմ» սկզբունքը: «Առկա է պատերազմից արժանապատիվ դուրս գալու, Արցախի անկախությունը միջազգայնորեն լեգալացնելու հնարավորություն, եւ այն պետք է օգտագործվի: Ես այսպես եմ հասկանում եւ գտնում եմ, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ օգտին քվեարկած 700 000-ից ավելի քաղաքացիները նույնպես կողմ են միջնորդական հայտնի հայեցակարգի հիման վրա Արցախի հարցի կարգավորմանը: Իսկ հին իմաստնությունն ասում է. «Ձայն բազմաց, ձայն Աստծո»,- ասաց մեր զրուցակիցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աղմուկ հանած հայտարարությունն  էլ նա համարում է ընդամենը փաստի արձանագրում: «Ադրբեջանը չի էլ թաքցրել, որ առաջինն է հայկական ՀՕՊ կայանքի ուղղությամբ հրթիռային կրակ վարել: Այլ բան է, որ միջնորդները մերժում են խնդիրը պատերազմով կամ ուժի կիրառման սպառնալիքով լուծելու տարբերակը: Բայց թող արտառոց չհնչի, հենց դա էլ օգտագործում է Ադրբեջանը: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանը ոչ միայն հայկական կողմերին, այլեւ միջնորդ երկրներին է փորձում «ահաբեկել» պատերազմի վերսկսման հավանականությամբ»,- ասաց Վահրամ Աթանեսյանը`հավելելով, որ իր տպավորությամբ՝ դա վկայում է, որ Բաքուն դիվանագիտական ռեսուրս այլեւս չունի: Այս իրավիճակում Ադրբեջանի վարքի փոփոխություն էլ, ըստ նրա, դժվար է ակնկալել. «Եթե չասեմ, որ, ամենայն հավանականությամբ, Ալիեւը փորձելու է ստեղծել լարվածության ավելի բարձր մթնոլորտ, բայց դա, երեւի, տեւական չի լինի: Իմ մասնավոր կարծիքով, եկող տարի, Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, երբ Հայաստանում էլ լիովին անցում կատարված կլինի խորհրդարանական կառավարման համակարգին, Արցախի հարցով բանակցությունները կարող են մտնել որոշումների կայացման փուլ: Ավելի երկար ժամանակ, թվում է, տրված չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031