Երեխան կացնահարված մոր կողքը կանգնած՝ անընդհատ ղժժում էր. Թագուհի Մանսուրյանի հարեւանը ցուցմունք տվեց

Երեխան կացնահարված մոր կողքը կանգնած՝ անընդհատ ղժժում էր. Թագուհի Մանսուրյանի հարեւանը ցուցմունք տվեց

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվեց նախկին զոքանչին, կնոջն ու աներոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի գործը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել՝ Կարինե Մանսուրյանը փորձել էր աղջկան՝ Թագուհի Մանսուրյանին պաշտպանել վերջինիս նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի բռնի արարքներից. նա մահացել էր՝ Մարտիրոսյանի հասցրած կացնի հարվածներից:

Դատական այս նիստում հարցաքննվեցին Մանսուրյանների հարեւանները, որոնք դեպքի օրը օգնության էին հասել: Դիմացի հարեւան Լիլիթ Հարությունյանը պատմեց.  «Գիշերը ձայներ եմ լսել, դուրս եկա, տեսա՝ արդեն ամեն ինչ վերջացած էր, տեսել եմ՝ երեքն էլ ընկած էին»: Նա ասաց, որ երեխան կացնահարված մոր կողքը կանգնած՝ անընդհատ ղժժում էր, տարել է իրենց տուն, մինչեւ շտապօգնությունը գա:

Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեք Մանսուրյանների ընտանիքի մասին՝ նա պատասխանեց, որ կռիվներ միշտ եղել են, միշտ ձայներ ենք լսել:

Հարեւանը պատմեց, որ կացինը տեսել է աստիճաններից ներքեւ ընկած:

Տուժողի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը հարցրեց՝ անախորժություններ եղե՞լ են՝ հարեւանը պատասխանեց, որ երեխու համար միշտ եղել են. «Նա գալիս էր, գոռում էր, որ ուզում եմ երեխուս տեսնել»:

Ամբաստանյալը հարցրեց վկային, ես ի՞նչ տպավորություն եմ թողել, մեր վեճերի հրահրողն ո՞վ է եղել, ըստ ձեզ, ես ընդունա՞կ էի նման բան անելու: Հարեւանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չէի մտածում, էդ աստիճանի կհասնի, բայց դե եղավ, էլի, չգիտեմ: Ինչքան տեսել եմ՝ նորմալ է եղել»: Դատավորը հարցրեց՝ հիմա նորմալ չէ՞՝ նա պատասխանեց. «Հիմա էլ է նորմալ»:

Ցուցմունքում ասել է, որ Վլադիկը հայտարարել է, որ ցանկանում էր նրանց սպանել:

Վկան ասաց. «Ես տենց բան չեմ ասել, ե՞ս: Ես չեմ գրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք