Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ից պահանջել են Խանդոյանի գործով ներպետական դատարանների բոլոր որոշումները

Հունիս 06,2017 22:12

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց, քանի որ դատարանը երեկ էր ստացել Խանդոյանի դիմումը՝ քննությանը մասնակցելու վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 13-ին, որ Խանդոյանը հնարավորություն ունենա մասնակցել:

Խանդոյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը վերաքննիչ դատարանի հետ հույսեր է կապում. «Ես միշտ էլ, երբ դատարան եմ գնում, հույս ունեմ, վերաքննիչ դատարանից ավելի օրինական որոշումներ ենք տեսել, քան առաջին ատյանի դատարաններից, քանի Արարատ Խանդոյանի գործն էլ գտնվում է մարդու իրավունքների  Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), արագացված տեմպերով է այս վերաքննիչ բողոքը վարույթ ընդունվել:

Ասեմ, որ հիմնականում, երբ գործն արդեն դատարանում է լինում, Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունում նմանատիպ վերաքննիչ բողոքները, բայց այս բողոքը վարույթ է ընդունվել, եւ երբ հետագայում որոշում կայացվեց, սա նախադեպային իրավունք կդառնա»:

Հիշեցնենք, որ Խանդոյանը ՄԻԵԴ բողոք է ներկայացրել առաջին կալանավորման որոշման օրինականության վերաբերյալ:

«Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարություն տարածեց, որ պետք է իրավապահ մարմինները հիմնավորեն, որ անձինք կդիմեն փախուստի, կխոչընդոտեն նախաքննությանը, հակառակ դեպքում կալանավորման մասին 99% որոշումները կգնան ՄԻԵԴ ու ընդդեմ Հայաստանի որոշումներ կլինեն, հիմա տեսնենք՝ արդյոք դատարանները կկայացնեն օրինական որոշում, քանի որ ցանկացած որոշում գնալու է ՄԻԵԴ: Արարատ Խանդոյանի գործով ՄԻԵԴ-ն ինձանից ուզել է ներպետական դատարանների բոլոր որոշումները»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք նաեւ, որ Արարատ Խանդոյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոցի վերաբերյալ: Ըստ նրա պաշտպանի, առաջին ատյանի դատարանը չի ապահովել Խանդոյանի մասնակցությունը, նրան թույլ չի տվել առարկություններ ներկայացնել, եւ նույնիսկ, ըստ պաշտպանի, վարույթ իրականացնող մարմինը չի միջնորդել Խանդոյանի կալանքը երկարաձգել, դատարանն է որոշում կայացրել խափանման միջոցը՝ որպես կալանք անփոփոխ թողնել:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է  հասցրել, քաշքշել է ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաեւ  փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930