Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ բնապահպանի՝ հանուն ռուսական ՀԷԿ-ի՝ կառավարությունը որոշեց Սեւանից 100 միլիոն խմ ավելի ջուր բաց թողնել (Տեսանյութ)

Հունիս 23,2017 16:20

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Սեւանա լճից ջրի տարեկան բացթողման չափաքանակը փոփոխել՝ 170 միլիոն խմ-ն դարձնել՝ 270 միլիոն խմ:

Այս նախագիծը կառավարությունում ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, իսկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փորձեց միջամտել: Նա վարչապետից 2 օր ժամանակ խնդրեց՝ մինչ ԱԺ ուղարկելը նախագծի վրա աշխատելու համար: Սակայն վարչապետն անգամ չցանկացավ լսել Մինասյանին, թե ի՞նչ խնդիրներ կան նախագծում շտկելու: Վարչապետ Կարապետյանը նախարարին ընդհատեց եւ թույլ չտվեց շարունակել:

Այս նախագիծը բնապահպաններն անթույլատրելի են համարում, իսկ հիմնավորումները՝ հեքիաթ:

Նշենք, որ Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին նախագծի հիմնավորման մեջ գրված է՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Իսկ տնտեսական հիմնավորումը հետեւյալն է՝ «Լրացուցիչ մինչեւ 100 մլն խմ ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինման արդյունքում էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսման: Սեւանա լճից 100 մլն խմ ջրառ = շուրջ 60 մլն խմ Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայաններում մեխանիկական ջրարտադրություն x 22 դրամ/մ3: Մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ լճից մինչեւ լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել եւս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա»:

Լեւոն Գալստյանի նկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանն Aravot.amի հետ զրույցում ասաց՝ «Վարչապետի ներդրումային մոլուցքը հասել է Սեւանի ջրին, այդ մարդն ու իր կառավարությունն ուրիշ ոչ մի բան չեն տեսնում»:

Բնապահպանը կասկածի տակ է առնում նախագծի հիմնավորումները, եւ նշում՝ այդ հիմնավորումները միայն իրենց համար են, այդպես ցանկացած բան կարելի է հիմնավորել, բայց այդ հիմնավորման տակ հստակ նյութ չկա. «Գրել են ոռոգման ջուրը պակաս է, այսքան էլէկտրաէներգիա արտադրելու համար է. սա կոնկրետ մեզ՝ բնապահպաններիս չի հետաքրքրում: Այսքան անձրեւ ու ձյուն եկավ, ուրեմն՝ էլի ջուր չկա՞ ջրամբարներում: Իրենց նպատակը իրենց ռուսական ՀԷԿ-ի ՝ Սեւան-Հրազդան կասկադի, այն ՀԷԿ-ի, որ նվիրեցին ռուսներին, այդ ՀԷԿ-ի՝ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումն է, ռուսական ՀԷԿ-ի համար Սեւանին են կպնում: Ռուսական ՀԷԿ-ի շահերն են սպասարկում : Բացի այս, այս տարի Սեւանի մակարդակը բարձրացավ, դե իրենք էլ մտածում են իրենց օբյեկտների մասին, հանկարծ չմնան ջրի տակ»:

Բնապահպանը նաեւ նկատեց՝ հիմնավորվել է, թե Սեւանի մակարդակի բարձրացման, այսպես ասած՝ իրենց հորինած գրաֆիկից առաջ են ընկել. «Մոռացել են, որ Սեւանի մակարդակը վերջին 5 տարում չի բարձրանում, միայն այս վերջին մի տարում է բարձրացել: Մոռացել են, որ 10 տարի է Սեւան-Արփա թունելը միտումնավոր չեն աշխատեցնում, որպեսզի Սեւանի մակարդակը չբարձրանա, իբր թե թունելում վերանորոգման աշխատանքներն են անում: 10 տարի է թունել են վերանորոգում: Մոռացել են, որ Սպանդարյան-Կեչուտ թունելը սարքեցին, 2004-ին շահագործման հանձնեցին, ու մի կաթիլ ջուր չտեղափոխեցին Սեւան: Այս ամենը մոռացել են, միայն կարող են հանձնարարականներ ու որոշումներ տալ: Իրենք միայն բիզնես շահ հետապնդող են, ընդ որում, ոչ Հայաստանի, այլ՝ բոլորն էլ գիտեն, թե՝ ում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930