Կարո Եղնուկյան. «Դատարաններն իրար հետ պինգ-պոնգ խաղալով, գործը քշեցին այստեղ» (Տեսանյութ)

Կարո Եղնուկյան. «Դատարաններն իրար հետ պինգ-պոնգ խաղալով, գործը քշեցին այստեղ» (Տեսանյութ)

«Դատարաններն իրար հետ պինգ-պոնգ խաղալով, գործը քշեցին այստեղ: Քննիչն ու դատախազը ցույց են տալիս`իրենք ինչ ուզում անում են, դատարաններն էլ, ցավոք օրինականացնում են իրենց գործողությունները»,- այսօր դատարանում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Կարող Եղնուկյանը: Վերջինս Երեւանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում արդեն մի քանի ամիս է բողոքարկում է «Սասնա ծռերի» գործով քննիչի անգործությունը:

Կարո Եղնուկյանը չի հասկանում իրեն առաջադրված մեղադրանքի հիմքերը եւ դրույթները: Սույն դատարանից ակնկալում է` կամ բացատրել իրեն առաջադրված մեղադրանքը, կամ քննիչին պարտավորեցնել, որ բացատրի:

Կարող Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նկատեց` երեկ գլխավոր դատախազը հայտարարել է, եթե ՄԻԵԴ-ի գործերում պարզվի, որ մեղավոր են պետական մարմինները`կպատժենք. «Դա պետք է կիրառվի այսօրվանից: Խնդրում ենք կիրառել»:

Հիշեցնենք, սույն բողոքը մի քանի ամիս առաջ Ավան, Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավոր Կարինե Մելքոնյանը մերժել էր: Վճռաբեկ դատարանը բեկանել էր դատավորի որոշումը: Այսօր կայացավ Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ առաջին նիստը, առանց մեղադրող կողմի:

Առաջադրված մեղադրանքներով Կարո Եղնուկյանին 25 տարի ազատազրկում է սպառնում:

«Բողոքի պահանջի վերաբերյալ ո՞ր մարմինը եւ ի՞նչ պետք է անի»,- հետաքրքրվեց դատավորը:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենց կարծիքով, իր պաշտպանյալի իրավունքը խախտել է քննիչը, դատախազն էլ թույլ է տվել, որ խախտվի. «Եթե որոշում կայացնեք, որ քննիչը պարզաբանի, հետ կգնանք նախաքննության փուլ, պարզաբանելուց հետո միգուցե այնպիսի հիմքեր ենք ներկայացնում, որ գործը կարճվում է: Հիմա մենք դատարանում գործ չունենք»:

«Ինչո՞ւ չեք կարող դատաքննության ընթացքում այդ ապացույցները ներկայացնել»,- հետաքրքրվեց դատավորը:

«Կլինեն առերեսման անհրաժեշտություններ, իսկ դա քննչական գործողություններ են, դատարանում չեն կարող լինել: Դատը դռնբաց է, իսկ քննչական գործողությունների ընթացքում կարող են բաներ հնչել, որոնք հրապարակման ենթակա չեն»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Կարո Եղնուկյանն էլ հավելեց. «Դուք կարող եք այս դատարանում այս հարցը լուծել, պարտավոր եք բողոքը քննել, եթե գտնում եք, որ պետք է պարզաբանել`պարզաբանեք, եթե գտնում եք, որ քննիչը պետք է պարզաբանի, թող նա պարզաբանի: Ես համարյա մի տարի կալանավորված եմ, ես քաղբանտարկյալ եմ եւ եթե դուք հիմա այս հարցն այստեղ լուծեք, դուք ինձ հանում եք այս պիտակից, այլապես`ավելի եք բարդացնում գործը»:

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 13-ին, 14. 30-ին:

Մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բացի եթէ, յանկարծ, սարսափելի փաստեր մէջտեղ ելլեն,
    այս տղան մեղք է…

    եղաւ անխոհեմ, այո,
    եղաւ անզգոյշ,
    սխալն ալ ըրաւ ինքզինք ապահով կարծելու,
    խառնուեցաւ բաներու որոնց պէտք չէ խառնուէր,
    չափերը անցուց առանց անդրադառնալու,
    ուրեմն՝ պիտի որ վերջում գին մը վճարէր,
    սակայն քիչ մը շատ է քաշածը…

    հիմնականօրէն խաբուած անձ է,
    որուն շահագործեցին այդ միւսները

    կը հասկնամ որ զինք չճանչցողները լրիւ տարբեր պատկերացումներ ունենան իր մասին,
    սակայն եթէ իր մասին Պետութեան հաստատօրէն գիտցածը իմ գիտցածէս շատ անդին է,
    զինք այսպէս պատժում են որպէսզի օրինակ հանդիսանայ, նախազգուշացում/ազդարարութիւն ըլլայ, դաս լինի՝ նոյնանմամ ուրիշներին

    Աստուած օգնէ… մանաւանդ ընտանիքին…

    (մնացեալ մեղադրեալների հանդէպ բնաւ չունիմ այս մօտեցումը… հակառակ որ անոնցմէ ալ մի քանիսին հանդիպել եմ… թող կրեն հետեւանքները իրենց արիւնալի յիմարութեան…)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք