Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դատավորին ինքաբացարկի հիմքեր կան եւ չի ընդունում, վաղը ինքը կենթարկվի պատասխանատվության». Կոստանյան

Հուլիս 11,2017 22:28

Սոցցանցերում եւ մամուլում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե Հայաստանում դատավորին ինքնաբացարկ են հայտնում եւ անհեթեթ է, որ իր ինքնաբացարկի մասին դիմումը քննում է հենց նույն դատավորը: Այսինքն, մարդ ինքն իր դեմ դիմում պետք է քննի:

Aravot.am-ը նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանին հարցրեց՝ Դուք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում, մարդը կարո՞ղ է օբյեկտիվ որոշում կայացնել, երբ հարցն իրեն է վերաբերում: Նա պատասխանեց. «Տարբեր մոդելներ կան միջազգային իրավունքի տեսակետից, բայց  գաղափարը հետեւյալի մեջ է՝ դատավորին հնարավորություն է տրվում անաչառ լինելու, ինքը պարտավոր է անաչառ լինել: Եթե դատավորին ինքնաբացարկ են հայտնում, ու ինքը ինքնաբացարկի հիմքերը տեսնում է, եւ ինքնաբացարկը չի ընդունում, դա մեխանիկորեն հիմք է հանդիսանալու վերադաս դատարանի կողմից այդ դատական ակտը բեկանելու համար: Դատավորն ինքն այս դեպքում պետք է մտածի՝ եթե հիմքեր կան իրեն ինքաբացարկի, եւ ինքը ինքնաբացարկը չի ընդունում, վաղը վերադաս դատարանն այդ դատական ակտը կբեկանի, ինքն էլ կենթարկվի պատասխանատվության»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, հույսը դնում ենք, որ դատավորը պետք է անաչառ գտնվի եւ ինքն իրեն ինքնաբացա՞րկ հայտնի, Կոստանյանը պատասխանեց. «Բա օրենքով ինքը պարտավոր է: Դա օրենքով իր վրա դրված պարտավորությունն է, եթե ինքը չկատարեց՝ դրա համար էլ պատասխանատվություն կկրի»:

Դատավարական կարգում ընդհանրապես մի շարք վիճելի հարցեր կան, օրինակ, ԶԼՄ-ների համար խնդրահարույց է, թե ինչո՞ւ պիտի մենք վարչական դատարանում ստիպված լինենք կողմերից մեկին խնդրենք, որ միջնորդություն ներկայացնի դատավորին՝ դատական նիստը տեսանկարահանելու կամ լուսանկարելու համար: Որ կողմին դիմում ենք, մյուս կողմը մտածում է՝ լրագրողը «նրա մարդն է»: Մենք Գեւորգ Կոստանյանին հարցրեցինք՝ չե՞ք պատրաստվում նախագիծ ներկայացնել եւ այստեղ շտկումներ անել: Նա պատասխանեց. «Դուք հիմա դիտում եք դա միայն լրատվամիջոցի տեսակետից: Հիմա պատկերացրեք դատական վեճ է, ես չեմ ուզում դա լուսաբանվի ու իմ վեճը ձեզ հետ է, դուք էլ ուզում եք լուսաբանվի, այդ դատավարությունը ինչքան ձեր իրավունքները պիտի պաշտպանի, այդքան էլ իմ: Ես ասում եմ՝ չեմ ուզում դա լուսաբանվի, որովհետեւ այդ դատավարության ընթացքում ընդունենք, իմ անձնական բնույթի, ընտանեկան բնույթի կամ այլ  բնույթի հարցեր են քննարկվելու, ես չեմ ուզում, որպեսզի դա լուսաբանվի: Հիմա եթե դատարանը հիմք ընդունի ձեր դիրքորոշումը, որ` ոչ, ես ուզում եմ լուսաբանվի, դրանով իմ իրավունքը կխախտվի: Դուք մի քիչ փորձեք երկկողմանի առնվազն նայել»:

Մեր դիտարկմանը, որ թող լրագրողը դիմի դատավորին, ոչ թե կողմերից մեկը միջնորդություն ներկայացնի, ում դիմում ենք, մյուս կողմը մեզ այլեւս անկախ ու օբյեկտիվ չի համարում, մտածում է մյուս կողմի մարդն ենք, Կոստանյանը պատասխանեց. «Չգիտեմ ով ում մարդն է, ով ում մարդը չի, բայց քանի որ վարչական դատավարությունը կողմերի համար է, ոչ թե լրատվամիջոցի, կողմերը  պիտի համաձայնություն տան՝ իրենց վերաբերյալ գործը ո՞վ է ուզում, որ լուսաբանվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31