Թակա՞րդ վարորդների համար

Թակա՞րդ վարորդների համար

Դիլիջան քաղաքի  հարավային ծայրին  գտնվող «Հաղարծին» ռեստորանային համալիրից մինչեւ Սեմյոնովկա գյուղ  տանող հին ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայք, շուրջ 5կմ ավտոճանապարհի մեջտեղը  ներկված է  հոծ գծով: Նշված ճանապարհի միայն մի փոքր հատվածում հոծ գիծն ընդհատվում է: 5 կմ ճանապարհին հոծ գծի  առկայությունը նշանակում է, որ այդ հատվածում ավտոմեքենաների վարորդների կողմից վազանցն արգելվում է, վազանցի դեպքում  այն  կատարած վարորդին սպառնում է տուգանք:

2016թ. սեպտեմբերի 14-ից մինչ օրս  վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածը: Արտերկրից Բագրատաշենի մաքսակետով Հայաստան  բեռներ ներկրող  եւ նույն մաքսակետով Հայաստանից բեռներ արտահանող խոշոր բեռնատարները Երեւանից մեկնում կամ Երեւան են հասնում Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհով:  Հաճախ  Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենաների առաջ հայտնվում է բեռնված «ֆուռ», որը երթեւեկում է շատ  ցածր արագությամբ: Մարդատար ավտոմեքենաների վարորդները կամ պետք է ցածր արագությամբ մոտ 5 կմ  հետեւեն խոշոր բեռնատարին կամ էլ դրան վազանցելով՝ խախտեն հոծ գիծը, ինչը կարող է նկատվել ճանապարհային տեսուչների կողմից:

Տավուշի մարզի վարորդները  մեզ  բողոքել են այդ իրավիճակից: Նրանք կարծում են, որ 5 կմ  հատվածում ճանապարհին միայն հոծ գծի առկայությունը թակարդ  է  ավտոմեքենաների վարորդների համար, որպեսզի նրանք ստիպված խախտեն հոծ գիծը եւ տուգանվեն պետավտոտեսուչների կողմից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք