Հինգ տարի հետո Հայաստանում բոլոր դեղերը կունենան հայերեն  թերթիկ-ներդիրներ

Հինգ տարի հետո Հայաստանում բոլոր դեղերը կունենան հայերեն  թերթիկ-ներդիրներ

Այդ մասին հայտնեց ՀՀ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը: Մոտակա հինգ տարիների ընթացքում  այդ ներդիրների թարգմանությունը պետական լեզվով կլինի Կենտրոնի հիմնական խնդիրներից մեկը:

Նրա խոսքով` դեռ 2001 թվականին դեղերի մասին օրինագծի մշակման ժամանակ առաջարկություն եղավ` պարտադիր  հայկական թերթիկ-ներդիրի առկայության մասին: Ցավոք, նոր օրենքը ընդունվեց միայն 15 տարի հետո: Դա էլ դարձավ այդ կարեւոր նորամուծության իրականացման հիմնական արգելակը: Սակայն կան նաեւ այլ խնդիրներ` ցանկալիին հասնելու ճանապարհին:

Լ.Ղազարյանի պնդմամբ` շատ կարեւոր է, որ տեղի սպառողը հնարավորություն ունենա մայրենի լեզվով ծանոթանալու դեղերի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը: Չէ՞ որ դեղորայքի ճիշտ օգտագործումից է կախված հիվանդի առողջությունը: Այդ իսկ պատճառով կարեւոր է, որպեսզի թարգմանությունը իրականացվի մասնագիտորեն, գրագետ` ձեւով եւ բովանդակությամբ: «Մեր առաջ բարդ խնդիր էր դրված՝ մի կողմից չստեղծել խոչընդոտներ դեղերի ֆիզիկական ներկայության համար շուկայում, իսկ մյուս կողմից՝ պահանջվում էր արեստավարժ մոտեցում տեքստերի թարգմանությանը», – ավելացրեց մասնագետը:

Նա նաեւ նկատեց, որ դեռ խորհրդային տարիներից սկսած` ամբողջ բժշկական տեղեկատվությունը տրամադրվում էր ռուսերեն: Այդ իսկ պատճառով մեզ համար խորթ է որոշ բժշկական տերմինների գործածումը հայերենով:  Օրինակ՝ մի շարք բառարաններում օգտագործվում է  «պալարախտ»  տերմինը, իսկ պաշտոնական ծրագրերում եւ իրավական ակտերում՝ «տուբերկուլյոզ» բառը: Կամ` «անտիբիոտիկ» բառը, որը հայերենով գրվում է «հակաբիոտիկ»: «Մենք առաջարկում ենք բժշկական տերմինների ժամանակավոր տարբերակ, որն ընդունելի կլինի բոլորի համար: Իսկ կյանքն ինքը կմտցնի շտկումներ այդ դինամիկ գործընթացում: Բնական է` ամեն ինչ մեկ օրվա մեջ փոխելը հեշտ չէ», – հայտարարեց Ղազարյանը:

Երկար մտորումներից հետո Կենտրոնում եկել են այն հետեւությանը, որ պետք է կենտրոնացնել թարգմանչական գործընթացը, ամեն ինչ պետք է լուծվի համապարփակ ձեւով հստակ տրամաբանական համակարգ կառուցելու նպատակով: Առաջին հերթին անհրաժեշտ է համաձայնեցված աշխատանք թարգմանիչների հետ: Դրա համար ռազմավարական խնդիր է դառնում` եռալեզու բժշկական տերմինաբանական բառարանի ստեղծումը, խմբագիրների եւ թարգմանիչների խմբի ձեւավորումը:

Ստեղծված է Խորհուրդ, որը կհաստատի բոլոր թարգմանած տեքստերը` կրկնակի ուղղումից եւ խմբագրումից հետո: Հաճախակի Կենտրոն դիմում են արտադրողներ, որոնց ձերքում արդեն կա ներդիր հայերենով: Բայց այդ փաստաթղթերը որպես կանոն լի են ոչ միայն քերականական սխալներով, այլեւ  բժշկական տերմինաբանական անճշտություններով:  Այդ փաստը նույնպես դրդեց հիմնարկի ղեկավարությանը` վերցնել տեքստերի թարգմանությունը իր հսկողության տակ: Եվ դա տրամաբանական է` հաշվի առնելով, որ այստեղ արդեն անցնում են դեղորայքների փորձաքննություններ` դրանց հետագա գրանցման նպատակով: Կենտրոնի ձեռքի տակով են անցնում բոլոր ներդիրների թարգմանությունները ռուսերեն եւ անգլերեն լեզվով մինչեւ նրանք հասնում են Առողջապահության նախարարություն:  Իսկ թարգմանության ծառայությունը մտնում է փորձաքննության եւ գրանցման ծառայության մեջ:

Ինչպես հայտնեց Լ.Ղազարյանը, ներդիրի տեքստը տեղադրվում է Կենտրոնի պաշտոնական կայքում: Իսկ քանի որ Հայաստանի բոլոր դեղատները զինված են համակարգիչներով, ապա նրանց գործառույթների մեջ մտնում է նաեւ ներդիրների տպումը հիվանդների ցանկությամբ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց մայրենի լեզվով ծանոթանալ տեղեկատվության հետ: Այսինքն օրենքը պարտադրում է, որպեսզի մեծածախ իրացման օղակում ներկայացվի պետական լեզվով փաստաթուղթ:

Բայց միեւնույն ժամանակ օրենքը խոչընդոտներ չի ստեղծի հայտատուների առջեւ` հանրապետություն ներկրել այնպիսի դեղորայքներ, որոնց  փաթեթավորումների վրա կան այլ լեզուներով գրառումներ, որպեսզի շուկայում դեֆիցիտ չառաջանա:

Միջին հաշվով տարեկան 500 հայտեր են ուղղվում Կենտրոն` արտադրանքի ներկրման վերաբերյալ: «Բնական է, տվյալ փուլում ոչ բոլոր դեղերը կունենան ներդիրներ, որոնք հաստատված են պետական հիմնարկի կողմից: Բայց եթե այդ գործընթացը  սկսվի այսօր, ապա 5 տարի հետո բոլոր դեղերը երկրի տարածքում կունենան պաշտոնական թարգմանություն, քանի որ ամեն հինգ տարին մեկ տեղի է ունենալու վերագրանցում», – հայտարարեց Ղազարյանը:

Ըստ նրա` 2020 թվականից  հետո Եվրասիական միության շրջնակներում Հայատանում պարտադիր կկիրառվեն երկու ներդիրներ՝ մեկը հայերեն, մյուսը՝ ռուսերեն:  Դա շատ արդիական է, քանի որ մենք գործ ունենք տարբեր սերունդների բժիշկների հետ:

«Մենք պատրաստ ենք գործել: Հավաքված է արեստավարժների թիմ, բայց պահանջները այսպիսին են, որ մինչեւ չհաստատվի դեղերի գրանցման նոր կանոնակարգը եւ ենթաօրենսդրական ակտերը, նախագիծը չի կարող ստանալ իր պաշտոնական գործածումը, թեպետ եւ օրենքը արդեն ընդունված է», – եզրահանգման եկավ մասնագետը:

Իլոնա Քամալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք