Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Ինչքան գնում ես զիջումների, ՌԴ-ն այնքան շատ է ուզում (Տեսանյութ)

Հուլիս 28,2017 14:34

Ինչի՞ համար էր ՌԴ-ին պետք ԵԱՏՄ-ն: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ի սկզբանե էլ համոզված է եղել, բայց հիմա առավել վստահ է հայտարարում`ՌԴ-ի համար առաջնայինը տնտեսական ինտեգրացիան չէր, այլ քաղաքական բաղադրիչը: Ապացույցը`վերջերս մեծ աղմուկ բարձրացրած հայկական վարորդական իրավունքների հարցն է, հայկական կոնյակի հարկումը ռուսական շուկայում եւ այլն: Այս խնդիրների մասին քաղաքագետն այսօր խոսեց «Տեսակետ» մամուլի ակումբում:

Քաղաքագետը հիշեցնում է փաստարկները, որոնք 2013-ին բերում էին ԵԱՏՄ-ի կողմնակիցները`մեզ համար ծանոթ շուկաներ են, մեր բիզնեսի համար դրական միջավայր է, լեզվի խնդիր չկա, մեր ապրանքները մրցակցությանը կդիմանան, եւ ամենակարեւորը`անվտանգության խնդիրը: Հիշեցնում է նաեւ այն մարդկանց հակափաստարկները, ովքեր այդ ինտեգրացիայի ջատագովները չէին`եթե չունես ընդհանուր ցամաքային սահման այդ ինտեգրացիոն կառույցի անդամներից եւ որեւէ մեկի հետ, ապա դա արդեն խոչընդոտ է. «Բոլորը գիտեն, որ Վերին Լարսը վստահելի ճանապարհ չէ: Վերջին երկու տարիների ընթացքում թե իշխանությունը, թե ձեռներեցները բողոքում են ճանապարհից, նաեւ, որ ՌԴ մուտք գործելու համար գումար են շորթում: ՌԴ տնտեսությունը վատ վիճակում է, կոռուպցիոն ռիսկերը բարձր են: Դա ամեն օր ասում է նաեւ ՌԴ նախագահը: Ու եթե դու կապում ես քո տնտեսությունը մի երկրի տնտեսության հետ, որը պատժամիջոցների տակ է, ճգնաժամ է ապրում, ի՞նչ արդյունք ես ուզում»:

Երրորդ, ամենակարեւոր խնդիրը, Ստեփան Գրիգորյանը համարում է խաղի կանոնները, որոնց հետ արդեն բախվում ենք եւ որոնք ուղղված են փոքր եւ միջին բիզնեսի դեմ: Խոսքը ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված սահմանափակումների գործողության մեջ մտնելու մասին է: Մասնավորաբար, հուլիսի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակների մրգերն ու բանջարեղենները:

Մանրամասները`  տեսանյութում

ԵԱՏՄ անդամներից, ըստ քաղաքագետի, Բելառուսին ու Ղազախստանին դեռ հաջողվում է դիմադրել ՌԴ-ի քաղաքական նկրտումներին: Բայց Հայաստանի դեպքում ՌԴ-ն հաջողեց թուլացնել մեր սուվերենության տարրերը. «Ու ինչքան գնում ես զիջումների`այնքան շատ է ուզում»:

Նա երեք ելք է տեսնում`մնալ ԵԱՏՄ-ում եւ շարունակել իշխանության առաջարկած տարբերակը`լուծել խնդիրները, որը նաեւ տրամաբանական ճանապարհ է համարում: Երկրորդը`Էդմոն Մարուքյանի առաջարկած ճանապարհն է`ԵԱՏՄ-ից դուրս գալ. քաղաքագետը վստահ է`ՌԴ-ն քայլեր կանի, ինչը մեր իշխանությանը կստիպի դուրս գալ այդ կառույցից: Ինքն էլ երրորդ տարբերակն է առաջարկում` թողնել ինքնահոսի: Ինքը վստահ է` ԵԱՏՄ-ն ապագայում կարժանանա ԱՊՀ-ի ճակատագրին` իրավաբանորեն կա, իրականում`ոչ: Ամենաիրական ճանապարհը քաղաքագետը սա է համարում, եթե, իհարկե, այն փոքրիկ դրական տարրերը, որ կան ԵԱՏՄ-ում, չսկսեն աշխատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31