Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «վալկիրիաները»

Օգոստոս 16,2017 10:00

Գերմանասկանդինավյան դիցաբանության մեջ կան կերպարներ, որոնք կոչվում են «վալկիրիաներ»: Այդ մարտնչող կանայք սովորաբար պատկերվում են զենք ու զրահով, եղջյուրներով զարդարված սաղավարտներով, նիզակներով եւ վահաններով, որոնց մեջ արտացոլվում է Հյուսիսափայլը: Գերմանացի կոմպոզիտոր Ռիխանդ Վագները, հավանաբար, շատ էր հավանում այդ ագրեսիվ տիկնանց եւ այդ անունով օպերա էր գրել, որի ամենահայտնի սիմֆոնիկ հատվածը կոչվում է «Վալկիրիաների թռիչքը»:

Երաժշտական այդ հրաշալի դրվագն է հնչում իմ ականջներում, երբ ես մտածում եմ հայոց կանանց մասին, որոնց ժամանակին ընդունված էր անվանել «բետեէռ»: 1988-90 թվականներին նրանք պատրաստ էին հանել բոլոր նրանց աչքերը, ովքեր, իրենց կարծիքով, պաշտպանում էին «գող, ավազակ եւ թալանչի» կոմունիստներին, եւ ի վերջո ջարդեցին Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը: 1996 թվականին նրանք նույն խանդավառությամբ պատրաստ էին հանել բոլոր նրանց աչքերը, ովքեր, իրենց համոզմամբ, ուզում էին պաշտպանել «գող, ավազակ եւ թալանչի» Լեւոնին, եւ ի վերջո, ջարդեցին ԱԺ նախագահի եւ փոխնախագահի գլուխները (բռնությունը բումերանգ է, բարեկամներ): 2008 թվականին նրանք պատրաստ էին հանել բոլոր նրանց աչքերը, ովքեր, նրանց կարծիքով, կասկածում էին, որ նույն Լեւոնը եկել է ազգը փրկելու: Եվ այսպես շարունակ: Չեմ կարող ասել՝ արդյոք 30 տարի մենք գործ ունենք նո՞ւյն կանանց հետ: Հավանաբար, ոչ: Պարզապես դա մեր քաղաքական կյանքի ավանդույթն է, որը կայուն տեղ ունի մեր կյանքում:

«Տարիներն անցան», ինչպես ասվում է հայտնի երգում, եւ հիմա ամենաարմատական ուժն են ներկայացնում նրանք, ովքեր զինված հարձակում են գործել ոստիկանական գնդի վրա: Բնական է, որ «հայկական վալկիրիաները» պետք է լինեն հենց այդ խմբի կողքին, իրենց փոքրիկ խմբով դուրս գան փողոց, հայհոյեն եւ անիծեն բոլոր նրանց, ովքեր իրենց դուր չեն գալիս. ոչ միայն իշխանություններին, այլեւ պատահական անցորդներին, որոնք իրենց չեն միանում («ինչո՞ւ ժողովրդի կողքին չեք, չե՞ք տենում, որ երկիրը կործանվում է») կամ ում դեմքի արտահայտությունն, իրենց կարծիքով, «սերժամետ» է: Բոլոր նկարագրած դեպքերում «բզբզողներն», իհարկե, տղամարդիկ են, բայց նրանք իրենց «սոլիդ» են պահում, «քաղաքական գործիչներին» վայել:

……Կանայք էմոցիոնալ են, նրանք սիրում են «ռոմանտիկ հերոսներին» կամ նրանց, ովքեր իրենց այդպես են ներկայանում: Ո՞վ կարող է ասել, որ դա վատ է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031