Լրահոս
Օրվա լրահոսը

«50 աստիճան արեւի տակ պաղպաղակ ենք ուտում, եւ մեր օրգանիզմը սկսում է սթրես ապրել». ՍԱՊԾ մասնագետ

Օգոստոս 17,2017 21:03

Առողջապահության նախարարության մասնագետները պարբերաբար հորդորում են բնակչությանը ամռան այս տապին հատկապես խուսափել լցնովի պաղպաղակ ուտելուց, քանի որ դրանից թունավորման մեծ վտանգ կա:

Aravot.am-ը ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության  եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանին հարցրեց, թե այս ամռան ընթացքում ի՞նչ ստուգումներ են իրականացրել եւ խախտումներ հայտնաբերե՞լ են: Նա պատասխանեց, որ դիտարկումներ են իրականացրել Երեւան քաղաքում. «Եղել են մեկ-երկու դեպք, երբ պաղպաղակն իրացվել է բացօթյա պայմաններում, արգելվել է ծառայության կողմից: Ընդհանուր առմամբ ոլորտում ակնառու խնդիրներ չեն արձանագրվել: Փաստաթղթային ուսումնասիրություններ է իրականացվել հումքի հետ կապված, այն արտադրողերը, որոնք չեն ունեցել համապատասխան հումքի որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր, արգելվել է օգտագործել այդ հումքը: Այդ ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է գտնվում, հատկապես ամռանն ավելանում է դրա հետ կապված ռիսկերը»:

Վահե Դանիելյանը նշեց, որ ընդհանրապես արգելել լցնովի պաղպաղակ վաճառել օրենսդրորեն չեն կարող, բայց պետք է վերահսկել, որ տարրական սանիտարահիգիենիկ պայմաններն ունենան. «Իրենք պետք է առանձնացված տեղ ունենան վաճառքի, արեւի ուղիղ ճառագայթների ներքո չլինեն, նրանք պետք է իրենց սարքավորումները պարբերաբար լվանան, ախտահանեն, այդ ամենը պահպանելու դեպքում ես ռիսկը նվազագույն կհամարեմ: Բայց դրա հետ մեկտեղ պետք է սպառողներն էլ հասկանան՝ իրենք այդ պաղպաղակը ձեռք բերելիս անձեռոցիկո՞վ են բռնում ուտում, թե՞ իրենց ձեռքերով, իրենք կարող են գործ ունենալ երկրորդային աղտոտվածության հետ: Մենք 50 աստիճան արեւի ուղիղ ճառագայթների տակ պաղպաղակ ենք ուտում, եւ մեր օրգանիզմը սկսում է սթրես ապրել՝ մի կողմից սառը, մի կողմից 50 աստիճան ջերմաստիճան եւ ոչ ոք չի կարող ասել, որ մենք աղեստամոքսային տրակտի խանգարում չենք կարող ունենալ ու հետո ասենք, որ դա հենց կոնկրետ պաղպաղակո՞վ էր պայմանավորված»:

Մեր հարցին՝ սպառողը երբ մոտենում է լցնովի պաղպաղակի վաճառքի կետին, ինչպե՞ս վստահ լինի, թե այդ սարքը քանի անգամ է լվացվել կամ լվացվե՞լ է առհասարակ, թե՞ ոչ՝ Վահե Դանիելյանը պատասխանեց. «Դա ակնառու չէ եւ սպառողը չի կարող տեսնել, միայն մեր ուսումնասիրությունների ժամանակ կարող ենք փաստել, սպառողն ընդհանուր սանիտարահիգիենիկ պայմանները կարող է նայել՝ տվյալ տեղն ունի՞ լվացարան, ունի՞ առանձնացված տեղ, թե՞ արեւի ուղիղ ճառագայթների ներքո է դրած, արդյո՞ք աշխատակիցները իրենց սանիտարահիգիենիկ վիճակը պատշաճ են պահում, թե՞ չէ»:

Վահե Դանիելյանը վստահ է, որ հիմա արտադրողներն ամեն ինչ անում են, որ գնորդին չհիասթափեցնեն. «Դողում են իրենց հաճախորդին կորցնելուց, դրա համար այդ մի սարքավորումն ախտահանելը ընդամենը կուլտուրա է, դա իրենց համար լրացուցիչ ծախս չէ: Նրանք էլ են ձգտում, որ մրցակցությանը դիմանան, մեկ հոգի բողոքող հաճախորդը դառնալու է 20-30 հաճախորդի կորուստ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031