Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդառուի հետ հատուկ մասնագետներ չեն աշխատել. Փաստաբան

Օգոստոս 31,2017 19:44

«Անկախ նրանից, թե անձն ինչպիսի անցյալ ունի, դատապարտված է, թե՝ ոչ, տառապում է  որեւէ հիվանդությամբ, թմրամոլ է, թե՝ ոչ, ոստիկանությունը շատ հստակ պետք է պատասխան տար այն հարցին, թե արդյոք անհնար էր այլ ճանապարհով վնասազերծել պատանդառուին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով նախօրեին խաղատներից մեկում երիտասարդ կնոջը պատանդ վերցնելու դեպքին:

Փաստաբանը պատմեց, որ պատանդառուին վնասազերծելու տեսանյութերը դիտելիս հասկացել է, որ հատուկ մասնագետներ չէին աշխատում տվյալ անձի հետ. «Մինչդեռ ամբողջ աշխարհում հատուկ բանակցություններ վարող անձինք գոյություն ունեն, որոնք փորձում են տարբեր միջոցներով ու մեթոդներով այնպես անել, որ ե՛ւ պատանդի վիճակը ծանր չլինի եւ նրան որեւէ վնաս չպատճառվի, ե՛ւ, իհարկե, չխլեն պատանդառուի  կյանքը: Դա շատ լուրջ հարց է, դու նրան կյանքի իրավունքից կարող ես զրկել բացառիկ դեպքերում, եթե այլ ճանապարհով հնարավորություն չունես կանխելու վտանգը: Տվյալ պարագայում, անձը պահանջել էր փաստաբան, ցանկացել էր՝ տարբեր անձինք գային, մենք չտեսանք՝ բացի ոստիկաններից նրա հետ կոնկրետ  անձինք զբաղվեին, որոնք հատուկ այդ բանակցությունների համար փորձառություն ունեն: Ես վստահ եմ, որ եթե նորմալ ճանապարհներով փորձեին բանակցություններ վարել նրա հետ, ապա նրան կյանքից զրկելու անհրաժեշտություն չէր ծագի»:

Ըստ Լուսինե Սահակյանի՝ եթե անձը պահանջում է փաստաբան, ուրեմն նրա հետ խորհրդակցելու անհրաժեշտություն ունի. «Ոչ մեկ իրավունք չունի նրան այդ իրավունքից զրկել: Ընդ որում, իմ փորձառությունից  ասեմ՝ մեր շատ պաշտպանյալներ ուղղակի կլսեին մեր հորդորները, գուցե նա էլ իր պաշտպանի հորդորները լսեր, իսկ միգուցե նա ուզում էր հանձնվել, բայց չգիտեր՝ ինչպես դա անել: Հստակ էր, որ պետք է հրավիրեին փաստաբան, փորձեին կապնվել նրա հարազատների հետ, մարդկանց հետ, որոնց խոսքը նրա համար կլիներ ընդունելի: Այն, ինչ կատարվեց, շատ լուրջ խնդիր է երկրի համար: Ընդ որում, այդ ժամանակահատվածում նույնիսկ փողոցը փակված չէր, մարդիկ կային, որոնք դեպքին, վնասազերծմանը ականատես էին: Իսկ  դիպուկահարը փոխանակ վնասազերծեր պատանդառուին  այնպես, որ նա վիրավորվեր, բայց չսպանվեր, ուղղակի դիպուկ կրակոցով մահ պատճառեց, ինչն անընդունելի է, որովհետեւ եթե վտանգ կար, որ նա դանակով կարող էր վնասել, մասնագետները, պրոֆեսիոնալները կարող էին այնպես անել, որ ձեռքը վնասվեր, դանակը վայր կընկներ, ոչ մեկին մահ չէր պատճառվի, կամ էլ մասնագիտացված մարդիկ գուցե այլ ճանապարհ ընտրեին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031