Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկ Լեհաստանի Կիելցե քաղաքի գեղարվեստի ուսումնարանում

Սեպտեմբեր 06,2017 21:00

Սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Կիելցե քաղաքում՝ Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը կից գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարանում, տեղի ունեցավ ամբողջությամբ Հայաստանին նվիրված 2017-2018թթ. ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողությունը: Ուսումնական տարվա ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվելու են Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոյեվոդության մարշալեկի պատվո հովանու ներքո` Վարշավայում գործող լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ուսումնական տարվա մեկնարկի արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շվիենտոկշիսկե վոյեվոդության Սեյմի կրթության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շվիերչը, Շվիենտոկշիսկե վոյեվոդության մարշալեկի խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, մարզի տարածքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ներկաներին հղած իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Կիելցեի գեղարվեստական ուսումնարանում Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկը տրվեց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակի տարում: Դեսպանի համոզմամբ՝ դա հրաշալի հնարավորություն է ուսումնարանի բոլոր սաների համար՝ առավել խորությամբ ծանոթանալու հայ ժողովրդի, Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմությանը և մշակույթին, Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած հայ մշակութային գործիչների ստեղծագործություններին:

Միջոցառմանը հայկական ժողովրդական և ժամանակակից էստրադային երգերի կատարմամբ հանդես եկավ Կիելցեում բնակվող հայազգի երգչուհի Յոաննա Բորկովսկան:

Ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողության ավարտին դեսպան Ղազարյանն ուսումնարանին նվիրեց Հայաստանի պետական դրոշը խորհրդանշող արցախյան ձեռագործ գորգ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930