47-ամյա տղամարդու առեղծվածային մահվան գործով կասկածյալին ճանաչողները չեն հավատում, որ նա կարող էր կապ ունենալ

47-ամյա տղամարդու առեղծվածային մահվան գործով կասկածյալին ճանաչողները չեն հավատում, որ նա կարող էր կապ ունենալ

«Նման միջադեպի հետ կապված ոչ մի պատկերացում չենք կարող ունենալ, որովհետեւ այդ աստիճանի համեստ ու նվիրված ամեն ինչին: Ոչ մեկի գլխում չի տեղավորվում, որ նա կարող է նման բան անել: Իր քրտինքով աշխատող, ապրող ընտանիք է, նրան ճանաչողները չեն կարողանում հավատալ: Իհարկե, չգիտենք՝ իրականում ինչ է եղել, միգուցե ինքը որեւէ կապ չունի, ավելի շատ դրան ենք հակված, որովհետեւ չենք հավատում»,-Aravot.am-ին ասաց Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը՝ անդրադառնալով Երեւանի մի քաղաքացու մահվան փաստով որպես կասկածյալ քննչական բաժին տեղափոխված իրենց գյուղի բնակիչ 36-ամյա Հրանտ Ռստակյանին:

Գյուղապետի խոսքով, վերջինս ամուսնացած է, երեք անչափահաս երեխաների հայր:

Թե ինչ առնչություն է ունեցել, Հրանտ Ռստակյանը միջադեպին, գյուղապետն ասաց՝ տեղյակ չէ:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 3-ին Գառնի գյուղի բուժկենտրոն տեղափոխված Երևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով: Վերջինս ընկերների հետ դեպքի օրը Գառնու ձորում հանգստանալիս է եղել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, այդ օրը նշված բուժկենտրոն էր տեղափոխվել Ա. Մեհրաբյանը՝ «ձախ ականջի հետնամասում կապտուկի առկայությամբ» ախտանիշով: Միևնույն ժամանակ, նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Վահե Հովակիմյանը: Վերջինս հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին հայտնել էր, որ վնասվածքը ստացել էր Գառնիում վայր ընկնելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հովակիմյանը, Ա,. Մեհրաբյանը և ևս 2 հոգի Գառնիի ձորում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել էին միմյանց հետ, որից հետո Ա. Մեհրաբյանը տեղափոխվել էր Գառնի գյուղի բուժկենտրոն՝ մահացած վիճակում, իսկ Վ. Հովակիմյանն էլ ժամեր անց՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք