Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանն» իր շուրջը համախմբեց մարդկանց, որոնք անտարբեր չեն (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 17,2017 15:19

Սեպտեմբերի 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Օրրանի» ամենամյա 12-րդ բարեգործական ընթրիքը: Այդ առիթով «Օրրանի» շուրջն էին հավաքվել նոր և հին բարեկամները, որոնք ներկայացնում են հոգևոր, դիվանագիտական, գործարար և սոցիալական ոլորտները: Ընթրիքի գլխավոր նպատակն է հանրությանը տեղեկացնել կարիքավոր երեխաների և տարեցների մասին և դրամական միջոցներ հանգանակել՝ «Օրրանի» առաքելությունը շարունակելու համար:

Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան հանրաճանաչ մարդիկ: Երեկոյի վարողներն էին լինելու հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Գ. Էդգարը: Կենդանի աճուրդը վարեցին հեռուստահաղորդավարներ և դերասաններ Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանը և Արսեն Գրիգորյանը: Հյուրերի համար գեղեցիկ կատարումներով հանդես եկան օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը, երգիչներ Արթուր Իսպիրյանը և Սևակ Խանաղյանը:

«Օրրանի» տարեց և մանուկ շահառուները հանդես եկան երգով, որի ընթացքում ճանաչված արվեստագետ և դիզայներ Արև Պետրոսյանը կոչով դիմեց հյուրերին՝ ներկայացնելով իր յուրահատուկ ստեղծագործությունը, նվիրված «Օրրանին»: Այնուհետև հյուրերը լսեցին երեխաների անկեղծ խոսքն այն մասին, թե ինչպես է «Օրրանը» փոխել իրենց ճակատագրերը: Միջոցառումը եզրափակվեց աճուրդով, որի ընթացքում նվիրատուները ձեռք բերեցին խաղարկվող նմուշները՝ մեծահոգաբար դրամական նվիրատվություն կատարելով Օրրանին, որպեսզի վերջինս կարողանա շարունակել կարիքավոր ընտանիքներին օգնելու իր առաքելությունը: Եվ այս ամենը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տե Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության ներքո:

«Ես խորապես զգացված եմ բոլոր անհատների և ընկերությունների աջակցությունից, որոնք բացել են իրենց սրտերը, որպեսզի Հայաստանում սոված երեխա չմնա»,- նշեց Արմինե Հովհաննիսյանը,  որը 2000թ.-ին իր ամուսնու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հիմնադրել է «Օրրանը»:

«Օրրան» աջակիցների թվում են հետևյալ կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան, «ԷնիՌոուզ» հարսանյաց և ծաղկի սրահը, Կիլիկիա Գարեջուրը, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկը,  Ինգո Արմենիան, Գոլդն Գրեյպ ԱրմԱսը, Գրանթ Թորնթոնը, Չիվասը, Պեռնո Ռիկար Արմենիան, Վայք Գրուպը, Ասեկոսե, UWC Դիլիջանի միջազգային դպրոց, Երևանի Ավետարանական Եկեղեցին, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ԻմիջԿոդ գեղեցկության սրահը, Արգինե Դավթյան էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը և Տիգրան Մեծ հրատարակչությունը, ինչպես նաեւ անհատներ:

Ի միջիայլոց, «Օրրանը» կիրականացնի նմանատիպ ընթրիք ԱՄՆ-ում՝ հոկտեմբերի 1-ին, որտեղ բարեգործական աճուրդին կխաղարկվեն Սերժ Թանկյանի կիթառը, որով նա ելույթ է ունեցել իր վերջին շրջագայություններում, Ջոն Դոլմայանի նկարազարդ երաժշտական ափսեն, Շավո Օդադջյանի արծաթե վզնոցը: Աճուրդի արդյունքում հանգանակված ողջ գումարը նույնպես կնվիրաբերվի Օրրանի բյուջեին:

Հավելենք, որ մինչ օրս «Օրրանն» օգնել է հազարավոր երեխաների՝ նրանց մատուցելով ամենօրյա սննդի, կրթական,  սոցիալական,  հոգեբանական, բժշկական ծառայություններ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930