Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելը Լապշինի բերանով նախազգուշական մեսիջներ է հղում Բաքվին»․ քաղաքագետ

Սեպտեմբեր 22,2017 17:03

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական բանտից օրերս դուրս եկած բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումներին, որով նա բացահայտումներ է կատարում Ադրբեջանում իր ազատազրկման օրերի վերաբերյալ, ասաց․«Նախ՝ առաջինը Լապշինը բացահայտեց ադրբեջանական պետության ֆաշիստական բնույթը։ Դա շատ կարևոր է մեզ համար: Շատ դեպքերում Արևմուտքում մեզ ասում են՝ դուք նույն տարածաշրջանում եք ապրում և անպայման իրար հետ պիտի ապրեք։ Առաջ է տարվում այն թեզը, որ հայերի ու ադրբեջանցիների մեկ պետության մեջ ապրելը հնարավոր է։ Ես, իհարկե, ծայրահեղական չեմ, ոչ էլ ազգայնական եմ, բայց ամբողջությամբ պաշտպանում եմ Ռոբերտ Քոչարյանի առաջ տարած այն թեզը, որ հայերն ու ադրբեջանցիները մեկ պետության մեջ ապրել չեն կարող։ Լապշինի բացահայտումները դրա վառ ապացույցներից մեկն են, երբ որ Բաքվի բանտից ազատվելուց հետո առաջին իսկ գրառումը նվիրեց հենց էդ թեմային։ Նա բացահայտ մեզ ասաց՝ հայե՛ր, չհավատաք սրանց, սրանց գլխավոր նպատակը, ինքը ի նկատի ունի ադրբեջանցիներին, ձեզ ֆիզիկապես ոչնչացելն է։ Եթե ըստ Լապշինի, Ադրբեջանի դատախազները հայտարարում են, որ Հայոց ցեղասպանությունը կիսատ է մնացել, եթե ամբողջությամբ դա լիներ, մենք հիմա էսքան խնդիր չէինք ունենա, սա ինչի՞ մասին է խոսում»։

Ըստ մեր զրուցակցի, ադրբեջանական կողմը Լապշինին ձերբակալելով իր նպատակին չհասավ, չկարողացավ առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ այցելողներին վախեցնել։ «Առաջին հարվածը եղավ այն, որ մոտ 25-30 բլոգերներ՝ տարբեր երկրներից և հատկապես Ռուսաստանի՝ վաղամեռիկ Անտոն Նոսիկի գլխավորությամբ այցելեցին Արցախ և այդպիսով պատասխանեցին պաշտոնական Բաքվին։

Բայց միևնույն ժամանակ Լապշինի հակաադրբեջանական գրառումները ցույց տվեցին, որ Բաքվում նրա ձերբակալությունը ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցավ։ Լապշինը բացահայտեց Ադրբեջանի բռնապետությունը և նավթախավիարային դիվանագիտության մեթոդների կիրառումը։ Նա բացահայտ ասում էր, որ ինձ գնել է Բելառուսի նախագահ Բատկայից՝ Ալեքսանդր Լուկաշենկոյից։

Երկրորդը, երբ որ Լապշինը արտահանձնվեց Բաքու, և Ալիևի վարչակազմը տեսավ, որ ինքը իր նպատակին չի հասել, Լապշինին փորձեցին օգտագործել այլ նպատակով։ Իրենք կոնկրետ ցանկանում էին Լապշինին փոխանակել Շուշիի բանտում գտնվող Դիլհամ Ասկերովի հետ, որը մի քանի տարի առաջ իր երկու ընկերների հետ դիվերսիոն փորձ կատարեց Արցախի տարածքում՝ սպանելով 17 տարեկան մի երիտասարդի՝ Ցականյան ազգանունով և մեկ զինվորականի, մի կնոջ էլ ծանր վիրավորեցին։ Եվ նրանց ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը սպանվեց, իսկ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը ողջ մնացին։ Հիմա նրանք դատապարտված են և գտնվում են Շուշիի բանտում, Ադրբեջանում այդ երկու անձինք ազգային հերոսի կարգավիճակ են ստացել, և եթե նրանք հայտնվեն ազատության մեջ, ապա կունենա նոր ազգային հերոս, ճիշտ այնպիսին, ինչպիսին Ռամիլ Սաֆարովն է։ Ադրբեջանում կարևորը հայ սպանելն է, թե ինչ պայմաններում, դա կապ չունի՝ քնա՞ծ է եղել, թե՞ անչափահաս երեխա է եղել, ինչպես Ցականյանը։ Սա նրանց համար բացարձակ կարևորը չէ, կարևորը հայ սպանելն է։

Պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմը բավական ճնշումների գնաց Ռուսաստանի հանդեպ, որ այդ գործարքը տեղի ունենա, բայց Ռուսաստանի արտգործնախարարությունը, կարելի է ասել, շատ կոպիտ ձևով հասկացրեց Ադրբեջանին, որ իրենք շատ լավ գիտեն՝ իրենց քաղաքացին ում համար էր հայտնվել Արցախում և ինչ գործողություններ է նա այնտեղ կատարել։

Եվ երրորդ նպատակը՝ ադրբեջանական կողմը փորձեց օգտագործել Լապշինին որպես նվեր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ առաջին անգամ Իսրայել պաշտոնական այց կատարելուց հետո։ Ընդամենը դրանք համընկան, Բաքվում մտածում էին, թե պաշտոնական Թել Ավիվը կկարողանա զսպել Լապշինի պոռթկումները, որովհետև իրենք շատ լավ գիտեին, որ Լապշինին վերագրեցին մի բան, որ իրենք չէին արել՝ ինքնասպանության փորձ։ Եվ այն ժամանակ, երբ Զակիր Հասանովը գտնվում էր Իսրայելում, Լապշինը սկսեց հրապարակել իր գրառումները ֆեյսբուքյան իր էջում, որը ուղղակիորեն ցայտնոտ առաջացրեց Բաքվում»,-ասում է քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի մեկնաբանմամբ, սա Ադրբեջանի գաղտնի ծառայությունների, նախագահի աշխատակազմի և արտգործնախարարության երրորդ խոշոր ձախողումն էր։ «Առաջինը Հակոբ Ինջիղուլյանի դեպքն էր՝ հայ զինվորականի, որին ադրբեջանական կողմը կամ գողացել էր մեր դիրքերի մոտ գտնվող տարածքից, կամ նա իրոք վատ տեսողություն ուներ և հայտնվել էր ադրբեջանցիների մոտ։ Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանցիները երկար ժամանակ օգտագործում էին հակահայկական քարոզչության մեջ, բայց երբ որ նա հայտնվեց երրորդ երկրում ու վերադարձավ Հայաստան, շատ արագ բացահայտվեց ադրբեջանական համապատասխան ծառայությունների աշխատաոճը։

Երկրորդը հանրաճանաչ դավաճան Վահան Մարտիրոսյանի հետ կազուսն էր, երբ որ վերջինս ինքնակամ հայտնվեց Բաքվում և հետագայում օգտագործվեց նրանց կողմից, այնուհետ փախավ Ադրբեջանից և լիովին բացահայտեց ադրբեջանական համապատասխան ծառայությունների աշխատաոճը։

Լապշինը երրորդն է, եթե նա ազգությամբ հայ լիներ, կարող է և նրա գրառումներն այդքան մեծ ազդեցություն չունենային օտար հանրության մոտ։ Լապշինի պարագայում իրավիճակը լրիվ այլ է, Իլհամ Ալիևը փորձ կատարեց նույն մեթոդները կիրառել այլ երկրի քաղաքացու դեմ, Լապշինը երեք երկրների քաղաքացի է՝ Իսրայել, Ռուսաստան և Ուկրաինա, և սա բավական հարված էր ադրբեջանցիների համար։

Պիտի նշեմ, որ Լապշինը պատահական չխոսեց, ես վստահ եմ՝ եթե պաշտոնական Թել Ավիվը ցանկանար, ապա Լապշինը կլռեր։ Լապշինը խոսեց, որովհետև դա ցանկացավ իսրայելական կողմը, սա ևս Իսրայելի համապատասխան մեսիջն էր Բաքվին, որ այսուհետ չփորձի իր կեղտոտ խաղերի մեջ ներգրավել իր քաղաքացիներին։ Իսկ մենք բոլորս գիտենք, թե Իսրայելը ինչ ձևի է պաշտպանում իր քաղաքացիներին։ Սա աշխարհի եզակի պետություններից է, որ մինչև վերջ կանգնում է իր քաղաքացիների կողքին, որոնք գտնվում են այլ երկրներում և ինչ-որ խնդիրներ ունեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930