Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ փորձել են ներխուժել Արթիկի թիվ 4 դպրոց․ այն նոր գործարարի են առաջարկում

Հոկտեմբեր 14,2017 21:18

Արթիկի կենտրոնում գտնվող 4-րդ դպրոցի շենքը, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ ամիսներ առաջ, քանի որ քաղաքային իշխանություններն այն խոստացել էին շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին՝ այնտեղ «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկա հիմնելու, այժմ էլ նոր գործարարների են ցուցադրում։

Քիչ առաջ Aravot.am-ն ահազանգ ստացավ դպրոցի կոլեկտիվի անդամներից առ այն, որ երեկ ժամը 17․00-ից մինչև 18․30-ը Արթիկի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Մխիթար Վարագյանի գխավորությամբ առանց դպրոցի տնօրենի գիտության ու թույլտվության փորձել են մտնել դպրոցի շենք ու այն ցուցադրել  գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։

«Երեկ Արթիկի քաղաքապետը շքախմբով եկել ու առանց տնօրենի, Շիրակի մարզպետի իմացության ու թույլտվության ուշ ժամի դպրոցի պահակներից բանալի է պահանջել, որպեսզի Արթիկ այցելած Սամվել Ալեքսանյանին ցուցադրի դպրոցի շենքը։ Շատերին է դիմել դպրոցի շենքը բացել տալու համար, բացի տնօրենից։Այս մարդը չգիտես ի՞նչ է ուզում մեզանից, ամեն գնով ուզում է շենքը իրենով անի։ Հիշո՞ւմ եք մեկ անգամ ձեր խմբագրությանը բողոքել էինք, որ քաղաքապետը մի ժամանակ էլ հաստափոր տղամարդկանց հետ էր ներխուժում դպրոց, որ ժամին պատահեր, դասերն էր խաթարում, երեխաներին էլ «Հայր մերը» աղոթել էին տալիս, նոր գնում։ Ի՞նչ է այս մարդու ուզածը, ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել, ինչքա՞ն կարելի է աշակերտներին ու ծնողներին  սթրեսի մեջ պահել, թե էս է դպրոցը փակվելու է։ Եթե Սամվել Ալեքսանյանը հետևում է լրատվությանը, իրեն հորդորում ենք իր ներդրումը մեր դպրոցից հեռու անել, չընկնել քաղաքապետի ծուղակը, միևնույնն է մեր դպրոցը չի փակվելու, մենք դպրոցի շենք չենք զիջելու, արդեն մեկ անգամ ապացուցել ենք», -բորբոքված ասում էին մեզ ահազանգողները։

Մենք փորձեցինք կապ հաստատել թե՛ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի  և թե՛ փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ են ուզում Սամվել Ալեքսանյանին ցուցադրել դպրոցի շենքը։ Երկու պաշտոնյաների հեռախոսահամարն էլ տևական ժամանակ անհասանելի են, մենք զանգահարեցինք նաև Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանին, որը Մխիթար Վարագյանի եղբայրն է, վերջինս փոխանցեց, թե  նրանք տեղում չեն՝ չմանրամասնելով, թե որտեղ են։

Մենք, իհարկե, այս թեմայի շուրջ անպայման կլսենք քաղաքային իշխանությունների պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Բարոյազրկության հերթական ցնցող օրինակը: Նույնիսկ դժվար է խոսքեր գտնել բնորոշելու համար տեղի ունեցողը: Հիշենք մարքսիզմի հայտնի դրույթը – «կապիտալիստին տուր 7% տոկոս շահ եւ կվաճառի հարազատ մորը»: Պետք է հարցնել Արթիկի քաղաքապետին թե իր շահը որքան է: Բայց գործը չի կարող պայմանավորված լինել միայն լֆիկով ու քաղաքապետով: Դպրոցը «օպտիմալացնելու» (փակելու) խնդիր կա, շենքը կոպեկներ գնահատելու ու «բաց աճուրդով» հարկավոր անձին տալու հարց եւ այլն: Այսինքն այստեղ հզոր սիստեմն է աշխատում: Այնքան զզվելի բաներ ենք տեսնում, որ փոշմանում ենք հայ ծնվելու ու հայաստանում ապրելու համար: Պա՞յքարել, որ մեկի դեմ եւ ի՞նչպես: Խոսրովի անտառը վառեցին, երկու օր առաջ Դիլիջանում պահակատունը վառեցին: Լավ է որ մարդկանց մեջը չեն փակել: Սա ծայրահեղ հուսահատության դրսեւորումներ են արդեն եւ աստված գիտի թե ուր կհասցնեն: Իսկ հղփացած ու անպատիժ մարդիկ ասում են՝ «մեր դեմ խաղ չկա, բոլորին կպատժենք»: Էհ, երեւի իսկապես չկա արդեն, բայց գոնե աչքները բացեն ու հասկանան, թե ինչի վրա է խաղը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031