Լրահոս
Օրվա լրահոսը

«Խփում է, ուրեմն՝ սիրում է». ՌԴ-ում կանանց մեծ մասը չի ուզում իրեն պաշտպանեն ընտանեկան բռնությունից. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 19:01

Ռուսաստանում էլ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի դեմ ընդդիմացողներ կան: Այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալյոնա Պոպովան, որը ՌԴ-ում նշված օրենքի նախագծի համահեղինակներից է:

Այսօր Պոպովան մասնակցում էր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի՝ «Հայկական եւ վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով կոնֆերանսին:

Մեզ հետ զրույցում Պոպովան ասաց, որ ՌԴ-ում ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի հիմնական ընդդիմադիրը համառուսական ծնողական կոմիտեն է, որը նախագծի հեղինակներին նույն մեղադրանքներն է հնչեցնում, ինչ հայկական ընդդիմախոսները. «Նրանք մեզ ասում են՝ դուք չար «յուվենալիստներ եք», ձեր նախաձեռնության հետեւանքով երեխաներին են ընտանիքներից հեռացնելու են եւ այլն»:

Այժմ ՌԴ-ում էլ փորձում են նախագիծը շրջանառության մեջ դնել, եւ այն արդեն Դումայի պատգամավորներին են ուղարկել:

«Մեզ մոտ ասացվածք կա՝ «Խփում է, ուրեմն՝ սիրում է», բայց սա հասարակությունում միանշանակ չէ ընդունվում: Ասեմ, որ կանանց մի ստվար զանգված դեմ է, որ իրենց պաշտպանեն ընտանեկան բռնությունից: Այս կանայք ասում են, որ խնդիրն ուռճացված է: Բայց սրա հետ մեկտեղ հարցումները պարզել են՝ Ռուսաստանում յուրաքանչյուր 4-րդ կինն ասել է՝ ինքը վկա է եղել ընտանեկան բռնության, կամ դրա զոհն է: Ռուսաստանում 74 միլիոն կին կա, եւ հաճախ կինը դիմում է ոստիկանություն, ապա հետ է վազում ու ոստիկանություն ու ասում՝ դուք վատ մարդիկ եք, բաց թողեք իմ Վանյչկային: Սա մշակութային երեւույթ է, մի մասն էլ վախենում է: Իմ կարծիքով օրենսդրությունը ձեւավորում է հստակ, թե՝ ով ես դու նման իրավիճակում»,-ասաց Պոպովան:

Նրա կարծիքով՝ օրենքի բացակայության պատճառով չկան մեխանիզմներ ու գործիքներ, որպեսզի ընտանեկան բռնության զոհերին պաշտպանեն, դատարանում էլ կինը պետք է ապացուցի, որ զոհ է, իսկ հետո նրան ասում են՝ դե լավ, վիճել եք, եկեք հաշտվեք:

Մանրամասն՝ տեսանյութում

Պոպովայի խոսքերով՝ ըստ իրվապահ մարմինների պաշտոնական տվյալների, 2015 թվականին ՌԴ-ում գրանցվել է ընտանեկան բռնության 50 հազար զոհ, որից 36 հազարը՝ կին, 5 հազարը՝ տղամարդ, մնացածը երեխաներ. «Մեզ մոտ հստակ տերմին չկա, քրեական օրենսգրքով դա համարվում է առողջությանը վնաս հասցնել, բայց շատ հաճախ առողջությանը վնաս հասցնելն ողբերգական ավարտ է ունենում:

Օրինակ մի կին զանգահարել էր ոստիկանություն եւ օգնություն էր խնդրում: Տեսուչը նրան պատասխանել էր՝ կլինի դիակ՝ կգանք: Եւ իրոք, 3 ժամ հետո նրանք ժամանել են այդ աղջկա դիակի հետքերով: Ամուսինն էր սպանել, որը կալանավայրից էր դուրս եկել: Սա շատ հաճախ է հանդիպում, իսկ իրավապահ մարմիններն էլ չունեն պաշտպանելու մեխանիզմներ, քանի որ օրենք չկա»:

Ըստ Պոպովայի, Եվրասիական տարածաշրջանում, ՌԴ-ն, Ուզբեկստանն ու Հայաստանը չունեն ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

«Ծնողական կոմիտեն ասում է, որ ավանդական ընտանիքիներ ենք քանդում, բայց մենք չգիտենք՝ բռնությունն այդ ինչպե՞ս է ավանդական արժեք, ասում են՝ մի՛ խառնվեք ընտանիքի գործերում, բայց մենք չգիտենք, թե ինչո՞ւ չի կարելի փրկել մարդու կյանքը, եթե այն վտանգված է ընտանիքում»:

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում հայտարարել է՝ «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող գործոն»: Aravot.am-ը Պոպովայից հետաքրքրվեց՝ որն է ռուսական ընտանիքի ինստիտուտը, եւ որոնք են ռուսական ավանդական ընտանեկան արժեքներն այսօր, հաշվի առնելով, որ ՌԴ-ում ալկոհոլիզմի, այդ թվում նաեւ՝ մանկական, բարձր ցուցանիշներ կան:

«Թե ինչպիսին է ավանդական ռուսական ընտանիքը, մենք էլ չգիտենք թե ինչի վրա են հիմնվում, քանի որ մեզ մոտ կան ընտանիքներ, որոնք 2013 թվականից առաջ են ձեւավորվել, երբ դեռ փաստացի միապետություն չկար Ռուսաստանում, հետո անհասկանալի է՝ ցարակա՞ն Ռուսաստանի մոդելն է, թե ավանդական արժեքները ռուսական ազնվական ընտանիքներն են: Ռուսաստանը ամուսնալուծությունների թվով առաջատարն է: Եթե նման բան կա, ուրեմն խնդիր կա»,-ասաց Պոպովան: Նրա ներկայացմամբ՝ այսօր ՌԴ-ում սեռային անհավասարությունն էլ մեծ է՝ 66 միլիոն տղամարդ եւ 78 միլիոն կին:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է ՌԴ-ում ալկոհոլիզմի տարածվածությանը, ապա Պոպովան ասաց, որ երբ ամուսինը խմում է, որ կնոջը կծեծի՝ հավանականությունը բարձր է, ալկոհոլիզմից տղամարդկանց մահացությունն էլ այս երկրում բարձր է:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031