Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին Գյումրիում դիմավորեցին ոտքերի տակ ավլելով ու շապխները հանելով. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 18,2017 20:21

Այսօր պաշտոնապես շահագործման հանձնվեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնում տուրիզմը զարգացնելու ծրագրի շրջանակներում վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցը։ Վարչապետը մասնակցեց փողոցի բացմանը, մոտ 3 ժամ ոտքով շրջեց քաղաքի պատմական փողոցներով, հատ-հատ ուսումնասիրեց հին կառույցները՝ երբեմն անսպասելի ներս մտնելով, երբեմն էլ հիացական բացականչելով․ «Չափազանց սիրուն է»։

Կառավարության ղեկավարն իր շրջայցի ամբողջ ընթացքում ժպտում էր․ Ռուսթավելու փողոցի բացումը տոնի վերածած գյումրեցիները ստեղծել էին հին Գյումրվա կոլորիտը․ փողոցով շրջում էր ֆայտոնը, տղամարդիկ գյումրեցու ավանդական շապխները (գլխարկները) հանելով՝ բարևում էին վարչապետին, հարսները նրա ոտքերի տակ էին ավլում, փողոցով զբոսանքի էին դուրս եկել Գյումրվա ավանդական հագուստներ կրած հարսն ու փեսան։ Փողոցի ամեն հատվածում Գյումրվա ուտեստներով սեղան էր փռված, վարչապետին հյուրասիրում էին, նոր ճանապարհում։ «Պարոն վարչապետ, հլը մի հատ փորձեք, Գյումրվա քյալլա է», -ստիպում էին Կարեն Կարապետյանին, մեկ-մեկ բաժակ խփում նրա հետ, նոր թողնում էին տեղաշարժվել։

Փողոցի ամեն մի շենքի տակ մի անակնկալ էր սպասվում վարչապետին, Մհեր Մկրտչյանի թանգարանից դուրս էին հանել դերասանի հագուստը, իրերը, անգամ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «կամոդն» էին դուրս դրել։ Փողոցի կենտրոնական հատվածում վարչապետի պատվին ռոք երաժշտություն էին նվագում, մի տեղ հնդիկների ազգային պարն էր, մեկ այլ տեղ նկարների ցուցահանդես, փողոցի վերևի հատվածում դհոլներ էին խփում։ Փողոցի կենտրոնում վարչապետին կանգնեցրեցին ֆայտոնչիները՝ բարևելով ու նրա պատվին Գյումրվա ավանդական պար պարելով։

Նկատելի էր, որ կառավարության ղեկավարը փոքր-ինչ զարմացած էր․ մի կողմից պատմական շքեղ կառույցներն էին նրա ուշադրությունը գրավում, մյուս կողմից էլ գյումրեցիների ավանդական սեղաններն ու ավանդույթները։

Կարեն Կարապետյանը շրջագայեց նաև Շիրազի փողոցով, եղավ իր գնած կառույցի մոտ, հասավ Աբովյան ճեմափողոց, որտեղից կարծես չէր ուզում տեղաշարժվել, խնդրում էր իրեն հատ-հատ ներկայացնել ամեն մի շենքի պատմությունը։

Նա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ ասելով, որ Ռուսթավելու անվան փողոցը շատ է իր դուրը եկել։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե Գյումրիում միայն մի շենք է գնե՞լ իր ընտանիքը։ «Դեռ մեկ», -ասաց վարչապետը։

Այն հարցին, թե ինչո՞ւ է հիմնադրամը գաղտնի պահում Գյումրու կենտրոնում ներդրումներ կատարող անձանց անունները, վարչապետն ասաց․«Մասնավոր կյանքի իրավունքը պարտադրում է, որ որևիցե մեկը այլ անձի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրի, եթե այդ անձը չի ուզում, ճի՞շտ է»։ Արդյոք միայն հյուրատներ ու ռեստորաննե՞ր են կառուցվելու Գյումրու «Կումայրի» արգելոցում, վարչապետը տեղեկացրեց, որ «Կումայրի» արգելոցի ֆոնդը փողոցները կբաժանի հատվածների ու սեփականատերերին խորհուրդ կտա, թե որ հատվածում ինչ կարելի է կառուցել։

Կարեն Կարապետյանի ասելով, վերակառուցման, շինարարական աշխատանքների ընթացքում պահպանելու են Գյումրու կոլորիտը, ինքնատիպությունը, նույնիսկ կան հատվածներ, որոնց չեն դիպչելու։

Հարցին՝ եթե հաջորդ տարի չշարունակեք պաշտոնավարումը, Ձեր ներդրումները Գյումրիում շարունակական են լինելո՞ւ, վարչապետը պատասխանեց․ «Եթե նույնիսկ չշարունակեմ, ներդրումները շարունակական են լինելու»։

Արդյոք կշարունակի՞ պաշտոնավարել հաջորդ տարի՝ հարցին ի պատասխան վարչապետն ասաց․ «Ինչքան կարելի՞ է պատասխանել այդ հարցին, եթե ուզում եք ճշտել՝ ես համա՞ռ եմ, ապա համոզված եղեք, ես համառ եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031