Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան դպրոցների բանկային հաշվի ընդհանուր մնացորդը մոտ 1 միլիարդ 500 միլիոն դրամ է

Հոկտեմբեր 20,2017 15:16

«Շիրակի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի երեք դպրոցներում երկու աշակերտ է սովորում: Նպատահարմա՞ր է երկու աշակերտ ունեցող դպրոցները պահել, դա այլ հարց է, բայց, համենայն դեպս, վերաբաշխումներ անելու իրավունք կա»,-հոկտեմբերի 19-ին «Հոդված 3» մամուլի ակումբում «Հանրակրթության ֆինանսավորումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի փորձագետ Արտակ Քյուրումյանը: Նա նկատեց, որ մեկ աշակերտի համար տարեկան ֆինանսավորումը 124 հազար դրամ է: Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն էլ անդրադարձավ կրթության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին:

Հիշեցնենք, որ 2017 թվականին հաստատված պետական բյուջեով՝ կրթության ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 126 մլրդ 571 մլն դրամ, իսկ 2018 թվականին ֆինանսավորումը նախատեսվում է նվազեցնել մոտ 500 մլն դրամով: «Հայաստանի դեպքում սա քիչ է, եթե հաշվի առնենք, որ բյուջեն ազատականացվել է: Անկման ճանապարհին ենք: Ժողովրդագրական անկման դեպքում տնտեսական աճ ունենալու համար մեկ միավոր մարդը շատ ավելի արդյունք պետք է տա: Խնդրի լուծումը կրթված հասարակություն ունենալն է, ողջ աշխարհում է այդպես»,-համոզմունք հայտնեց Աշոտ Խուրշուդյանը: Նրա խոսքով՝ դպրոցները պետք է ինքնակարգավորվեն, այլապես հնարավոր չէ վերջիններիցս պահանջել շուկայական հարաբերություններ:

Տնտեսագետը նշեց, որ դպրոցների մի մասը գերֆինանսավորվում է, մյուսները՝ «նոսրանում»: Արտակ Քյուրումյանն էլ որպես օրինակ մեջբերեց Ֆինանսների նախարարության կայքում առկա՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բանկային հաշիվների մնացորդների թվերը: Ըստ այդ տվյալների՝ երեւանյան դպրոցների բանկային հաշվի ընդհանուր մնացորդը մոտ 1 միլիարդ 500 միլիոն դրամ է: Առանձին դպրոցների բանկային հաշվեհամարի մնացորդները կազմում են 10-ից մինչեւ 70 միլիոն դրամ:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն իր հերթին հավելեց, որ դպրոցներն իրենք պետք է որոշեն իրենց ֆինանսավորման չափը, եւ մարզպետն իրավունք չունի խառնվել այդ գործին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031