Հովհաննես Իգիթյան. ԵՄ-ում Հայաստանին չեն պատժելու, ինչպես ԵԱՏՄ-ում

Հովհաննես Իգիթյան. ԵՄ-ում Հայաստանին չեն պատժելու, ինչպես ԵԱՏՄ-ում

«Հայաստանին չեն պատժելու»,- այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը` հիշեցնելով, թե ինչ խնդիրների առջեւ կանգնելու մասին էին խոսում ՀՀ իշխանությունները, երբ չորս տարի առաջ պարզաբանում-մեկնաբանում էին ԵԱՏՄ-ին անդամակցելու իրենց որոշումը: Հիշեցնենք, գլխավոր կռվանն անվտանգության հարցն էր:

Ինքը ուղղակի նկատում է`եթե Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրի` կկորցնի այն հնարավորությունը, որը պարբերաբար ստանում է. «Ես զարմանում եմ այն բանի վրա, որ մենք հակված ենք համաձայնագիրը պաշտպանելուն: Մենք ասելով՝ նկատի ունեմ նրանց, ովքեր խոսում են համաձայնագրի մասին եւ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ումի՞ց ենք մենք պաշտպանվում՝ Հայաստանի իշխանությունների՞ց, նրանց համոզում ենք, որ այն օգո՞ւտ է Հայաստանի համար: Թե՞ Ռուսաստանին ենք արդարանում` նայեք, մենք որեւէ միկրոմիլիմետր չենք հեռանում ձեզնից»:

Հովհաննես Իգիթյանը կարծում է, համաձայնագրի չստորագրման հետ կապված «ինտրիգները» եկան ՀՀ իշխանությունների կողմից․«Որ ստորագրելու դեպքում ասեն, թե տեսեք, հերթական դիվանագիտական հաղթանակն ունեցանք։ Կամ եթե չստացվի ստորագրելը, ասեն՝ տեսեք, մենք ասում էինք, որ դա շատ դժվար էր»:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանն, ի դեպ, զարմացել է, որ ի տարբերություն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, այս նոր պայմանագիրը հրապարակվել է`պարզություն մտցնելով իրավիճակում: Հիշում է, այն ժամանակ համաձայնագրի տեքստի չհրապարակումը շահարկումների շատ տեղիք տվեց: Այսօրվա իրավիճակի տարբերությունը նաեւ համարում է հանրային լայն քննարկումներն այն մասին, թե ի՞նչ ենք ակնկալում ԵՄ-ի հետ համագործակցությունից: Կարծում է, այս համաձայնագիրը բավական կհետաքրքրի եւ ճկուն հնարավորություններ է տալիս Հայաստանի տնտեսության զարգացման համար, քանի որ լինելով Հայաստանը ԵԱՏՄ-ում, պարտավորություն է ստանձնում իր ապրանքների որակը ԵՄ-ի չափանիշներին հասցնել: Ստեփան Սաֆարյանը դրական է համարում նաեւ Արցախի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ պահպանելու պարտավորությունը. «Աստված տա, որ ապագայում լինի նաեւ Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը: Սա այսպիսով, Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու հավելյալ հնարավորություն է դառնում»:

Ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ Մեծամորի ատոմակայանի հետ կապված կետը. առկա ատոմակայանը նախատեսված է ժամանակից ոչ ուշ փակել`դիվերսիֆիկացնելով նոր ատոմակայանի կառուցմամբ: Համաձայնագիրը, նա համարում է հավակնոտ, բայց Հայաստանի համար՝ արդիականացման լուրջ հնարավորություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք