Այսօր՝ նոյեմբերի 11-ին,«Մոսկվա» կ/թ-ում տեղի ունեցավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ 5 օր շարունակ՝ նոյեմբերի 7-ից 11-ը, Երևանում, Ալավերդիում և Գավառում ցուցադրվում էին օսկարակիր ֆիլմեր, պրեմիերաներ, կազմակերպվում վարպետության դասեր։
Միջոցառման սկզբում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը և «Ռոլան» փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը պատվոգիր հանձնեցին «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում 2017-ին առաջին տեղը գրաված Էրիկ Մկրտչյանին, ինչպես նաև փառատոնին մասնակցության համար Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային համույթի ղեկավար Իրինա Գասպարյանին։
Շուրջ 57 երկրներից ստացված 950 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել էր 180 ֆիլմ։ 5 անվանակարգերում ժյուրիի անդամներն ընտրեցին լավագույններին, իսկ միջոցառման վերջում հանձնվեց «Գրան Պրի» մրցանակը։ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Դանիայից «Ալբերտ» ֆիլմը։ Այս անվանակարգի ժյուրին ներկայացնում էին Գավառի մանկատան սաները։ «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերից հաղթող ընտրվեց Ռուսաստանից «Երկուսով դաշնամուրի առջև» ֆիլմը։ «Պատիվ ունեմ» անվանակարգում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, մրցանակը հանձնեց Մհեր Մկրտչյանի «Կյանք ու Կռիվ» ֆիլմին։ Ռեժիսորի խոսքերով՝ անսպասելի և միևնույն ժամանակ շատ հաճելի էր նման մրցանակ ստանալը։ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը պաշտպանության նախարարի կողմից Մհեր Մկրտչյանին հանձնեց խորհրդանշական նվեր՝ իր կատարած աշխատանքի համար։
«Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում կարճամետրաժ ֆիլմերից հաղթող ճանաչվեց Ռուսաստանից «Կոճակ» ֆիլմը , իսկ երկարամետրաժ ֆիլմերից «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի պատանեկան ժյուրին ընտրեց երկու ֆիլմ՝«Իքբալ․մի անվախ երեխայի պատմություն»ը և «Սինբաթ․յոթ փոթորկի ծովահենները»։ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում կարճամետրաժ ֆիլմերից հաղթող ընտրվեց Ավստրիայից «Հալիմ» ֆիլմը, իսկ երկարամետրաժ ֆիլմերից հաղթանակը կիսեցին Գերմանիայից «Վենդի» և Հայաստանից «Կանչ» ֆիլմերը։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն հայտնեց անվանակարգում Գերմանիայի առաջադրած ֆիլմը հաղթող ճանաչելու համար․ «Շատ հաճելի է, որ Գերմանիայից բազմաթիվ ֆիլմերի հայտեր են ներկայացվել։ Ուրախ ենք, որ «Վենդի» ֆիլմը հաղթող ճանաչվեց։ Եվ կարծում եմ՝ սա առաջին անգամն է, որ Գերմանիան փառատոնի պաշտոնական հովանավորն է և կարող էիր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել»։
«Կանչ» ֆիլմի պրոդյուսեր Գուժ Թադևոսյանն իր շնորհակալությունը հայտնեց հաղթանակի համար՝ նշելով, որ «Ռոլան» փառատոնի հետ գործնական և բարեկամական երկար տարիների շփում ունի․«Արդեն երկրորդ անգամ եմ մրցանակի արժանանում և շատ ուրախ եմ , որ փառատոնը լուծում է այն խնդիրը , որ առկա է մանկապատենական ֆիլմերի բացի պատճառով»,-հավելեց ռեժիսորը։
Միջոցառման վերջում փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը հանձնեց գլխավոր՝«Գրան Պրի»մրցանակ։ Այն ստացավ Ռուսաստանից ռեժիսոր Վալերի Իգնատինի «Երկուսով դաշնամուրի առջև» ֆիլմը։
Նունե Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ չի հավատում՝ փառատոնի ավարտվելուն․«Բոլոր կազմակերպիչների համար սա ադրենալին է, և դրա շնորհիվ սկսում ես մտածել արդեն մյուս տարվա անելիքների մասին՝ ինչ նոր ծրագրեր կարելի է անել, ինչ նոր մտահղացումներ կան։ Այդ ամենը ես վերապրում եմ հիմա՝ փառատոնի ավարտից հետո»։ Ինչ վերաբերվում էր փառատոնի ծրագրային մասին, նախագահը նշեց, որ ինչ նախապես ծրագրված էր, արվել է ամբողջությամբ․«Որպես կազմակերպիչ կարող եմ ասել, որ ինչ մտահաղացումներ եղել են, թե ցուցադրություններ, թե պրեմիերաներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ և հանդիպումներ, բոլորը ստացվել են և մի բան էլ ավելին»,-իր խոսքն ավարտեց Նունե Մանուկյանը։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ