Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղան Մուխթարլիի անհետացման առեղծվածը. Stratfor

Նոյեմբեր 21,2017 23:24

Ամերիկյան Stratfor վերլուծական ինստիտուտը ծավալուն հոդված է հրապարակել Վրաստանում ադրբեջանցի այլախոհ լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման և Բաքվում նրա ձերբակալության վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Մայիսի 29-ին՝ երեկոյան ժամը 7-ի սահմաններում, ադրբեջանցի ակտիվիստ և լրագրող Աֆղան Մուխթարլին, որը պարտադրված վտարանդիության մեջ էր գտնվում Թբիլիսիում, զանգահարեց իր կնոջը՝ Լեյլա Մուստաֆաևային: Մուխթարլին ասաց, որ սրճարանում ընկերներից մեկին հանդիպելուց հետո արդեն տուն է ուղևորվում: Բայց նա այդպես էլ տուն չեկավ: Հաջորդ օրը, չնայած անձնագիրը մնացել էր Թբիլիսիում, սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ Մուխթարլին Բաքվում է, որտեղ ձերբակալվել է՝ սահմանն անօրինական հատելու մեղադրանքով և տուգանվել 10 հազար եվրոյի չափով:

Ահազանգ հնչեցրեցին մյուս ադրբեջանցի ակտիվիստներն ու լրագրողները: Այդ ամիս ավելի վաղ Բաքվում նախկին խղճի բանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլաևը, որն այսօր հայտնի է որպես «կառավարության հարձակվող շուն», խմբագրական հոդված էր հրապարակել Վրաստանում ադրբեջանական այլախոհ համայնքի մասին՝ ենթադրելով, որ նրանք ցանկանում են տապալել Ադրբեջանի նախագահին: Հոդվածում տասնյակ այլ ադրբեջանցիների կողքին նշվում էր Մուխթարլիի անունը: Ֆաթուլլաևը պնդում էր, որ Թբիլիսին գործում է Ադրբեջանի շահերի դեմ, և կոչ էր անում Վրաստանի կառավարությանը վտարել «ընդհատակը սեփական սահմաններից»:

Մուստաֆաևան վստահ է, որ հենց դա էլ արեցին իր ամուսնու նկատմամբ:

Մյուսները համաձայն են այդ մտքի հետ: Առնվազն 4 այլ ադրբեջանցի, որոնց Ֆաթուլլաևան նշել էր իր հոդվածում, դրանից հետո Վրաստանից հեռացան Գերմանիա կամ Նիդերլանդներ: Հաճախ հակասելով կառավարությունում իր գործընկերներին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիին նույնպես, թվում է, այնքան էլ համաձայն չէ Մուխթարլիի անհետացման պաշտոնական վարկածի հետ, չնայած առավելապես խորհրդանշանական դարձած նախագահի կարգավիճակը այս առումով նրան գործելու քիչ ռեսուրս է թողել: «Ինչպե՞ս է հնարավոր անհետանալ Թբիլիսիում և հայտնվել Բաքվում,- ասել է Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ ավելի լավ է պատասխանը ստանալ ամերիկացի իլյուզիոնիստ Դեյվիդ Կոպերֆիլդից:- Վրաստանի տարածքից անձի անհետացումը ցանկացած պարագայում լուրջ մարտահրավեր է մեր ինքնիշխանությանը և պետականությանը»:

Այնուամենայնիվ, 5 ամիս անց այդ միջադեպը շարունակում է առեղծված մնալ: Հետաքննությունը նույնպես, կարծես թե, դադարեցվել է՝ ակնհայտորեն սպասելով լսելու մեղադրյալին, որը կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում:

Արդյունքում Մուխթարլիի անհետացման մանրամասները կցկտուր են: Սկզբում ասվում էր, որ քաղաքացիական հագուստով և վրացերեն խոսող մարդիկ են փողոցում առևանգել 43-ամյա Մուխթարլիին, իսկ ավելի ուշ պնդում էին, որ այդ մարդկանցից առնվազն մեկը եղել է վրացական ոստիկանական համազգեստով: Ավելին, թեև Վրաստանի սահմանն իր հարևանի հետ տեղ-տեղ բաց է, Մուխթարլիի փաստաբանն ասում էր, որ նա Ադրբեջան է տեղափոխվել Լագոդեխիի հատվածից:

Այս հայտարարությունները ստուգելը այնքան էլ հեշտ չէ: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ Մուխթարլիի անհետացման գիշերը Ադրբեջանի սահմանին տեղադրված տեսահսկման խցիկները չեն աշխատել: «Դա շատ կասկածելի է,- ասում է Թբիլիսիում տեղակայված Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի նախագծի (OCCRP) տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսը:- Տարիների ընթացքում մեծ գումարներ են ծախսվել սահմանի անվտանգության ապահովման վրա. եթե անգամ տեսախցիկներից մեկը չի աշխատում, այն արագ նորոգում են: Ես որևէ ապացույց չունեմ, բայց վստահություն չի ներշնչում այն, որ միաժամանակ մի քանի տեսախցիկներ չեն աշխատել: Դա Ադրբեջան-Վրաստան՝ Ռուսաստանին մոտ գտնվող սահմանն է, հետևաբար խոսքը վերաբերում է և՛ Չեչնիային, և՛ Դաղստանին: Դա ռազմավարական նշանակություն ունի: Ձեր բոլոր տեսախցիկները միաժամանակ փչացե՞լ են»:

Թբիլիսիում տեսախցիկները նույնպես տարակուսանքի տեղիք ե տալիս: Բլոսն ասել է, որ OCCRP-ն գործում ներգրավել է Վլադ Լավրովին՝ նայելու, թե ինչ են արձանագրել մայիսի 29-ին Մուխթարլիի ճանապարհի վրա ընկած տեսախցիկները: Լավրովն ուկրաինացի լրագրող է, որը նախկինում օգնել էր հավաքել տեսախցիկների նկարահանությունները բելառուս լրագրող Պավել Շերեմետի գործով, որը սպանվել էր 2016թ. Կիևում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Ե՛վ Լավրովը, և՛ Բլոսը եկել են այն եզրակացության, որ Մուխթարլիի տուն գնալը մանրամասն նկարահանած կադրերը աղավաղվել են: «Երբ մենք նայեցինք այն, հաջորդականություն ենթադրող հատվածները մի քանի րոպեով կտրվում էին,- ասել է Բլոսը:- Եղանակը նույնպես հանկարծ ամպամածից փոխվում էր դեպի պարզ»:

Միջազգային հետևանքներ

Նկատի ունենալով այն շահարկումները, որ Վրաստանի պաշտոնյաները կարող էին ներգրավված լինել Մուխթարլիի առևանգման գործում՝ Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնից ազատել է սահմանային ոստիկանության և հետախուզական ծառայության ղեկավարին: «Կարնեգի» հիմնադրամի՝ կովկասյան հարցերով վերլուծաբան Թոմաս դե Վաալը հուլիսի վերջին սեփական մտավախություններն է հատնել իր հոդվածում: «Այս վիրավորական գործողությունը գրեթե ակնհայտորեն արվել է՝ գոհացնելու համար Վրաստանի հարուստ և հզոր հարևանին՝ Վրաստանի անվտանգության ծառայությունների թողտվությամբ կամ նրանց հետ լիարժեք համագործակցությամբ և առանց կառավարության առաջին դեմքերի գիտության»,- գրել է նա՝ մեջբերելով անանուն դիվանագետի, ըստ որի՝ միջադեպը ներկայացվել է որպես «անվտանգության ծառայությունների վրա քաղաքական վերահսկողության բացակայություն»: Դրանից մեկ ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ադրբեջանցի մի օրենսդիր գովերգում էր «Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների համատեղ ջանքերը»: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ արագորեն հերքեց համագործակցության մասին մեղադրանքները:

Այնուամենայնիվ, Վրաստանի ՆԳՆ-ն և Դատախազությունը հրաժարվում են Մուխթարլիին և նրա ընտանիքը ճանաչել որպես տուժած՝ Մուստաֆաևային տեղեկատվություն չտրամադրելով նրա գործի վերաբերյալ: Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ նրա գործով տեղեկություն ստանալու հայցից մեկ ամսիս անց իրենք որևէ պատասխան չեն ստացել, չնայած օրենքով պատասխան պետք է ստանային 10 օրվա ընթացքում: Գրասենյակի ներկայացուցիչը նաև ասել է, որ իրենք լուրջ մտավախություններ ունեն «կապված հետաքննության ժամկետների և արդյունավետության, գործի իրավական որակավորման և Մուխթարլիին տուժածի կարգավիճակ տալու հետ»:

Մուխթարլիի գործը չի վրիպել միջազգային ուշադրությունից: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը կոչ են արել «ժամանակին և թափանցիկ» քննություն անցկացնել՝ կապված լրագրողի առևանգման հետ: Բացի այդ, Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ խստորեն դատապարտելով «Թբիլիսիում Աֆղան Մուխթարլիի առևանգումը և դրան հաջորդած կամայական ձերբակալությունը Բաքվում» և այդ միջադեպն անվանել «մարդու իրավունքների լուրջ խախտում» և «օրենքի խախտման լուրջ գործողություն»:

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը նույնպես ընդգծել է այդ գործի կարևորությունը: «Վրաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում (հոկտեմբերին-խմբ.) ես բարձրացրել եմ Աֆղան Մուխթարլիի հարցը իշխանությունների մոտ և կոչ արել նրանց ավարտել լրագրողի առևանգման գործով քննությունը: Ես շարունակում եմ հետևել գործով հետագա զարգացումներին և ուղիներ կփնտրեմ՝ նպաստելու Մուխթարլիի ազատ արձակմանը»,- ասել է նա:

Amnesty International և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունները նույնպես բարձրաձայնել են այս գործի մասին, իր մտահոգությունն է հայտնել նաև Human Rights Watch-ի՝ Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Գիորգի Գոգիան: «Վրաստանը պետք է հավատարիմ լինի իր պարտավորություններին՝ պաշտպանելու այն մարդկանց, որոնք ապաստան են փնտրում, այդ թվում Ադրբեջանից,- ասել է նա:- Մուխթարլիի գործի և այլ զարգացումների ֆոնին հիմքեր կան մտավախությունների, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում Վրաստանի վրա, որպեսզի վերջինս դադարի լինել ապահով դրախտ ադրբեջանցի այլախոհների համար»:

Տնտեսական շահեր

Մուխթարլիի դեպքն իր տեսակի մեջ առաջինը չէ Վրաստանում: 2016թ. մեկ այլ ադրբեջանցի լրագրող Գյուլնար Քազիմովան պնդում էր, որ երկրի անվտանգության ծառայություններն իրեն հսկողության տակ են պահում, և որ ոստիկանություն ներկայացրած իր հաղորդումը փոփոխության է ենթարկվել: Հետապնդումների ենթարկվելով Ադրբեջանում և իր անվտանգության համար մտավախություններ ունենալով Վրաստանում՝ Քազիմովան իր ընտանիքի հետ Գերմանիա տեղափոխվեց նույն ամսում, երբ Մուխթարլին անհետացավ:

Մեկ այլ ադրբեջանցի ականավոր դեմք՝ Դաշգին Աղալարին ճնշումների էր ենթարկվում, երբ քաղաքական ապաստան էր փնտրում Վրաստանում: Նա այստեղ էր փախել Թուրքիայից, որտեղ նրան սպառնում էին արտահանձնել Ադրբեջանին: Այնուամենայնիվ, Վրաստանի փախստականների հարցերով նախարարությունը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել, քանի որ նրա ներկայությունը «հակասում է(ր) երկրի շահերին»:

Քննադատները պնդում են, որ այդ շահերը տնտեսական բնույթի են: Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին Ադրբեջանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 425 մլն դոլար: Ադրբեջանը նաև Վրաստանի հիմնական ներդրողն է 2017թ. առաջին քառորդի տվյալներով: Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի հետ գործընկերներ են տարածաշրջանի կարևորագույն՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում:

Կովկասագիտության միջազգային դպրոցի տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Գիա Նոդիան հարցադրում է կատարում՝ արդյոք միայն այդ կապերը կարող էին ստիպել Վրաստանին իր սահմաններում ապրող քաղաքական այլախոհին հանձնել Ադրբեջանի կառավարությանը: «Ես հասկանում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ կապերը չափազանց կարևոր են Վրաստանի համար,- ասում է նա:- Բայց ես կարծում եմ՝ չափազանցություն է ասել, որ Վրաստանն այս դեպքում այլընտրանք չուներ»: Նոդիան հիշեցնում է, որ Վրաստանն իր տարածքում փակել է թուրք վտարանդի գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված երկու դպրոց՝ ենթադրաբար Անկարայի ճնշման տակ, և ձերբակալել այդ հաստատություններից մեկի ղեկավարին: «Ադրբեջանի և Թուրքիայի համար էլ կարևոր են լավ հարաբերությունները Վրաստանի հետ, հետևաբար բոլոր կողմերն էլ լծակներ ունեն: Կասկածում եմ, որ Մուխթարլիին ստանալը կամ քոլեջի փակումը այնքան մեծ նշանակություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի համար, որ նրանք կարող էին վտանգի ենթարկել Վրաստանի հետ կարևոր աշխարհաքաղաքական գործընկերությունը»,- կարծում է Նոդիան:

Ի՞նչ կլինի հետո

Ինչ պատմություն էլ լինի Մուխթարլիի ձերբակալության ետևում, նրա դատավարությունը Ադրբեջանում նախապես նշանակված է դեկտեմբերի 20-ին: Հայտնի չէ՝ արդյոք Թբիլիսիի իշխանությունները մինչ այդ կավարտեն այդ գործով սեփական քննությունը և տեղեկատվություն կտրամադրեն: Բայց շատերը, այդ թվում Նոդիան, կասկածում են դրանում:

«Իմ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը որևէ շահագրգռվածություն չունի որևէ քննություն անցկացնել, քանի որ կամ ինքն է իրականացրել առևանգումը, ինչը ես միանգամայն հնարավոր եմ համարում, կամ չի ցանկանում բարդ հարաբերություններ ունենալ Բաքվի հետ՝ ասելով, որ Ադրբեջանի գաղտնի ծառայություններն են առևանգել նրան Թբիլիսիի կենտրոնից: Երկու տարբերակն էլ ամոթալի են և քաղաքական առումով խնդրահարույց, ուստի նրանք դեռ հապաղում են՝ հույս ունենալով, որ միջադեպը ի վերջո կմոռացվի»,- կարծում է Նոդիան:

Միջազգային հանրության արձագանքից, սակայն, երևում է, որ այդ օրը կարող է երբեք էլ չգալ: Ըստ Բլոսսի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հենց սկզբից հետաքրքրված է գործով և ուշիուշով հետևում է զարգացումներին: «Տպավորություն չունեմ, որ նրանք կմոռանան դրա մասին»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930