Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին հասցրած վիրավորանքները բումերանգի նման շուռ կգան Ռուսաստանի դեմ»․ քաղաքագետ

Դեկտեմբեր 01,2017 19:22

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեկնաբանելով վերջին շրջանում ռուսական հեռուստաընկերություններով մեր երկիրը վարկաբեկելու փորձերն, ասաց․ «Ակնհայտ է, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից առաջ և հետո պաշտոնական Մոսկվան ջղաձգումների մեջ է, ընդհուպ բանը հասավ նրան, որ պետության կողմից վերահսկվող հեռուստաալիքների հաղորդումներով անցան չափ ու սահման, հայտարարեցին, որ Հայաստանը Ռուսաստանի կինն է, և հիմա դավաճանում է Ռուսաստանին, սիրեկան է փնտրում, իսկ Նժդեհին անվանեցին ֆաշիստ․․․Սպասելի էր, ես բացարձակ չեմ զարմացել այս ամենից։ Ուղղակի տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արտգործնախարարության բացարձակ չեն արձագանքում այս ջղաձգումներին։

Եթե այսպիսի վիրավորանք լիներ որևիցե այլ երկրի հասցեին, ապա համոզված եղեք, որ բավական մեծ աղմուկ կբարձրանար, բայց, ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները սա փորձում են ծածկադմբոցի անել ու ներկայացնել որպես ինչ-որ անհատների անձնական կարծիք։ Ես այստեղ մի այլ վտանգ եմ տեսնում․ ռուսական հեռուստաալիքներով բարձրացված հակահայկական հիստերիայից կարող է օգտվել ադրբեջանական կողմը։ Ցավոք սրտի, երկար տարիներ ադրբեջանական կողմը բավական աշխատել է իր դիրքերը Ռուսաստանի մեդիա դաշտում ամրապնդելու համար։ Ճիշտ է՝ իրենք չունեն շատ հայտնի ադրբեջանցի մեկնաբաններ, քաղաքագետներ հայերի նման, որոնք բավական ակտիվ մասնակցում են թոք շոուներին, բայց ադրբեջանական կողմն այլ ուղղությամբ է գնացել, իրենք գնում են քաղաքական գործիչների և ռուս քաղաքական մեկնաբանների, որոնք հիմա շատ ակտիվացել են։

Դրանց մեջ են Ալեքսանդր Պրախանովը, Ալեքսեյ Մարկովը, Մաքսիմ Շեվչենկոն, Պետդումայի պատգամավոր Սավելևը և այլք։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մեր իշխանությունները հայտարարում են, թե այդ վիրավորանքները կրում են ոչ պաշտոնական բնույթ։ Հետաքրքիր է, իսկ կա՞ Հայաստանում որևիցե մեկը, որն աշխատում է ՀՀ նախագահին կից մարմնում, ինչպես ասենք նույն Մաքսիմ Շեվչենկոն կամ նույն Ալեքսանդր Պրոխանովը, որը ՌԴ նախագահին կից «Իզբորյան» ակումբ կոչվածի ղեկավարներից է, ու կարող է Ռուսաստանի հասցեին ամենավերջին վիրավորանքները տալ։ Հույս ունեմ, որ հայկական կողմը կպատասխանի ռուսական կողմին՝ իհարկե, ոչ վիրավորանքներով»։

Ըստ մեր զրուցակցի, Հայաստանի իշխանությունները պետք է հասկացնեն պաշտոնական Մոսկվային, որ վիրավորանքները բումերանգի պես շուռ կգան ռուսների դեմ։ Գագիկ Համբարյանի մեկնաբանմամբ, Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկիրն է աշխարհում, որ գրեթե ոչինչ չպահանջելով, անում է ամեն ինչ, որպեսզի բավարարի Ռուսաստանի պահանջները։

«Այսպիսի վարվելաձևը, այսպիսի հաղորդումների հեռարձակումը, հիստերիկ արձագանքը բացարձակ չի բխում հայ-ռուսական հարաբերություններից, այս ամենը կբարձրացնի հակառուսական տրամադրությունները հայ հասարակության մոտ։ Եվ Ռուսաստանի այն բոլոր փորձերը, թե իրենք կանգնած են Հայաստանի կողքին, հայ հասարակության կողմից չեն ընկալվում որպես իրականություն։ Դրա համար տարբեր պատճառներ կան՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական։ Ռուսաստանը վերջին տարիներին Ադրբեջանին զենք մատակարարող ամենամեծ երկիրն է՝ 5-6 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ իրենք մեզ նույն զենքը փորձում են վաճառել՝ վարկեր տալով։ Դա՞ է ռազմավարական գործընկերությունը երկու երկրների մեջ։ Ռուսաստանն անընդհատ հայտարարում է, որ մեզ ամենաէժան գազն է տալիս, հայ հասարակությունը երբևիցե նրանց էժան գազը չի տեսել, Ռուսաստանը ամենաէժան գազը վաճառում է իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիային», որը մոտ 3 անգամ ավել գներով գազը վաճառում է հայ հասարակությանը։ Անընդհատ մեզ երես են տալիս, թե 600 հազարից մինչև 1 միլիոն հայ էմիգրանտներ աշխատում են Ռուսաստանում, այո՛, աշխատում են, բայց կատարում են այն գործը, որ երբևիցե ռուս տեղի բնակիչը չի կատարի այն աշխատավարձի չափով, որը տալիս են նույն հայ էմիգրանտին։

Բացի այդ, այն բոլոր գումարները, որոնք Ռուսաստանից գալիս են Հայաստան, հետագայում նույն կերպ հայտնվում են կրկին Ռուսաստանում՝ գազի, լույսի, կապի և այլ ծառայություններից օգտվելու համար։ Այդ ամենի նկատմամբ մենաշնորհային դիրք ունեն Ռուսաստանի տնտեսվարողները Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես որ, եթե ռուսական կողմն այսպես շարունակի, դա մեծ հարված կլինի Ռուսաստանին։

Վերջապես Ռուսաստանը պիտի հասկանա, եթե ինքը ոչինչ չի կարող առաջարկել մեզ, ապա իրավունք էլ չունի մեզանից պահանջելու, որ մենք ապրենք աղքատ և հեռանկար չունեցող պայմաններում։ Հայաստանի իշխանությունները, Եվրամիության հետ համագործակցելով, երբեք չեն ասել, թե իրենք հրաժարվում են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունից։ Վերջապես Մոսկվայում սա պետք է հասկանան»։

Գագիկ Համբարյանը նաև հիշեցնում է, որ ռուսական կողմը Հայաստանի տարածքում տեղադրված ռազմաբազայի համար գումար չի վճարում ու աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ռազմաբազան տեղադրեն հենց այնպես։ «Ռուսական ռազմաբազան մեզ էլ է օգուտ, բայց միևնույն ժամանակ կրկնակի օգուտ է Ռուսաստանին․ ռազմաբազա ունենալով Հարավային Կովկասում՝ ամրապնդում է իր դիրքերը ոչ միայն տարածաշրջանում, այլև Մերձավոր Արևելքում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031