Գյուղացիներն այլեւս «ապառիկով» սերմացու կամ պարարտանյութ չեն կարող ձեռք բերել. դադարեցվում է նաեւ դիզվառելիքի սուբսիդիան. (Տեսանյութ)

Գյուղացիներն այլեւս «ապառիկով» սերմացու կամ պարարտանյութ չեն կարող ձեռք բերել. դադարեցվում է նաեւ դիզվառելիքի սուբսիդիան. (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց գյուղացիներին ներել այն պարտքերը, որոնք կուտակվել են պետական ծրագրով սերմացուների եւ պարարտանյութի ձեռք բերման արդյունքում:

Նիստին վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք եթե այս անգամ պարտքերը ներում են, նման խնդիր կրկին չի՞ առաջանա: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ պատասխանելով վարչապետի հարցին, վստահ հայտարարեց՝ նման խնդիր չի առաջանա:

Այսօր կառավարության նիստից հետո Aravot.am-ը նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե որքան է կազմում այն պարտքը, որը ներվել գյուղացիներին: Ըստ Առաքելյանի, գյուղացիներին ներված պարտքը կազմել է՝ 642 միլիոն դրամ՝ որպես սերմացուների գումար, 148 միլիոն դրամ էլ՝ պարարտանյութի պարտք:

Նախարարին խնդրեցինք մանրամասնել, թե ինչպես է երաշխավորում, որ այլեւս գյուղացիները պարտքեր չեն կուտակի: Պարզվում է, կառավարությունը դադարեցնում է, նախարարի խոսքերով ասած՝ ապառիկով դիզվառելիք կամ պարարտանյութ տրամադրելը: Այսինքն՝ գյուղացիները միայն նախապես վճարելու դեպքում կարող են պետական ծրագրով ձեռք բերել պարարտանյութն ու դիզվառելիքը, հետեւաբար պետությանը պարտք չեն մնա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարն ասաց, որ այս տարվանից գյուղացիներին դիզվառելիք կամ պարարտանյութ տրամադրում են միայն նախապես վճարման դիմաց: Սրա արդյունքում արդյոք պահանջարկի նվազեցում չի եղել, եւ եթե եղել է, որքան է այն կազմել, մեր այս հարցին ի պատասխան նախարարն ասաց՝ «Պարարտանյութի առումով քանակի նվազեցում այս տարի չկա նախորդ տարվա համեմատ: Դիզվառելիքի դեպքում կա պահանջարկի նվազեցում անգամ սուբսիդավորման պարագայում, մոտ 30%-ի չափով նվազել է պահանջարկը: Սերմերի առումով աշնանացան սերմ չենք բերել, իսկ գարնանացան սերմը բերել ենք ըստ մարզպետարանների կողմից հաստատված վճարման պահանջարկի: Հետո այդ վճարունակ պահանջարկի տերը չի եկել ներկայացել, որ գնի սերմը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից դադարեցնելու են գյուղացներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերը սուբսիդիայով տրամադրելու ծրագիրը շարունակվելու է:

Ըստ նախարարի, այս տարվա աշնանցանի սերմացուների տրամադրման դեպքում գյուղացիները չեն սուբսիդավորվել, քանի որ տեղական սերմեր են ձեռք բերել, որոնց գինն ու որակը մրցունակ էր եւ սուբսիդավորման կարիք չի եղել:

«Եթե կարողանանք արտադրել այնքան, որ պահանջարկը բավարարենք, ապա դրսից սերմացուի ներմուծման խնդիր չի լինի»,-ասաց նախարարը:

Թե որքան էր պետության աջակցությունը՝ սուբսիդիան մեկ գյուղացիական տնտեսությանը, որը կառավարությունը կրճատում է, մեր այս հարցին ի պատասխան նախարարն ասաց՝ «Ամեն գյուղացուն այս տարի 1000 դրամ սուբսիդիա ենք հատկացրել ազոտական պարարտանյութի 1 պարկի համար (50 կգ), կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութի դեպքում՝ 6500 դրամ, նույնքան էլ գյուղացին էր վճարում այն ձեռք բերելու համար: Եթե ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութի սուբսիդիայի ծրագիրը շարունակելու ենք մյուս տարի, ապա ազոտականը դադարեցնելու ենք: Մենք կարծում ենք ազոտականի դեպքում այդ գումարը գյուղացուն տալով՝ խթան չէ: Կարելի է ավելի արդյունավետ ծախսել: Այդ 1000 դրամը օգնություն չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք