Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում շուրջ 400 մարդ է ձերբակալվել և հարցաքննվել՝ Հայաստանի հետ համագործակցության մեղադրանքով

Դեկտեմբեր 12,2017 21:21

Մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր. «Հավաքված նյութերի հիման վրա՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով քրեական գործ է հարուցել դավաճանության և այլ փաստերի վերաբերյալ: Ստեղծվել է դատախազության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված քննչական-օպերատիվ խումբ, ընթանում է նախաքննություն»:

Վրացական iFact.ge կայքը պարզել է, որ այդ ժամանակ ձերբակալվել և հարցաքննվել են հարյուրավոր ադրբեջանցիներ պետական դավաճանության մեղադրանքով: Մասնավորապես, Աղդամի շրջանում ծառայած զինվորներից մեկը գործակալությանը պատմել է, որ շուրջ 400 ադրբեջանցի զինվորներ և քաղաքացիներ հարցաքննվել և/կամ ձերբակալվել են իբր հայկական հետախուզական ծառայության հետ համագործակցելու համար: Նրանք մեղադրվում են պետական անվտանգությունը սպառնալիքի տակ դնող գաղտնի տեղեկատվություն տրամադրելու դիմաց հայերից գումար վերցնելու մեջ:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրել է ԶԼՄ-ներին հեռացնել այս գործով իրենց հրապարակումները, որոնց համաձայն 42 մարդ ձերբակալվել է:

Իսկ ամեն ինչ սկսվել է Աղդամի շրջանում մի հովվի պատմությունից, որին անցակետում բռնել են, սակայն զորամասի հրամանատարը նրան ազատ է արձակել և թույլ տվել գնալ իր ճանապարհով: Զինվորները վիճել են հրամանատարի հետ՝ ասելով, որ հայկական կողմում կարող են տեսնել՝ որտեղ է գնում հովիվը և իմանալ, որ այդ տարածքում ականներ չկան տեղադրված: Նրանք հրամանատարին ասել են, որ այդպիսով վտանգի տակ է ենթադրվում զինվորների կյանքը:

Թշնամու հետ համագործակցելու մեղադրանքների մասին զեկուցել են մոտական վաշտի հրամանատարին, և արագ քննություն է սկսվել, որի շրջանակում հարցաքննվել են հարյուրավոր զինվորներ և քաղաքացիներ: Նրանց մի մասին ազատ են արձակել, մյուսները շարունակում են սպասել իրենց դատավճռին:

«Սահմանին կանգնած բոլոր զինվորները հարցաքննվել են,- պատմել է գործակալության աղբյուր զինվորը:- Նրանք անգամ մեզ ստորացրել են՝ ստիպելով բժիշկներին մեզ բռնաբարության թեսթ անցկացնել»:

«Բոլորը կասկածում էին միմյանց՝ զինվորները և հրամանատարները, քանի որ ոչ ոք չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Սև դիմակներով մարդիկ բղավելով հարցեր էին ուղղում մեզ: Մի վաշտի հրամանատար կար, և բոլորը գիտեին, որ նրա վաշտում միասեռական կա: Բժշկական հետազոտությունից հետո բոլորը հարցնում էին հրամանատարին՝ ինչ է կարծում՝ երբ է իր զինվորը բռնաբարվել հայերի կողմից: Բայց բոլորն էլ իսկապես գիտեին, որ նա միասեռական է»:

Աղբյուրը պատմել է, որ պայմանագրային զինվորներին ասել են, որ իրենց կտեղափոխեն սահմանից ավելի քան 100 կմ հեռավորության վրա գտնվող ստորաբաժանումներ: Բայց փոխարենը նրանցից շատերը հեռացվել են բանակից՝ պատճառաբանելով, որ նրանք չեն կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստվածության քննությունը:

Պայմանագրայիններն ունեն 3 տարվա պայմանագիր: Համաձայն զինվորական ծառայության մասին օրենքի 77-րդ հոդվածի՝ եթե պայմանագիրը խզվում է, զինվորին պետք է 2 ամսվա դիմաց վճարել:

Սակայն պայմանագրայինները ոչ մի վճարում էլ չեն ստացել: Շատերը տուն են վերադարձել բանակից հեռացված լինելու խարանով, որը գունազարդվել է բռնաբարված լինելու պատմություններով:

«Շրջաններում բոլորը մեկը մյուսին ճանաչում են,- պատմել է զինվորը:- Բանակից արտաքսվելուց հետո ոչ մեկ չի ցանկանում մեզ աշխատանքի ընդունել: Պատճառը, որ ես խոսում եմ այս ամենի մասին, այն է, որ մարդիկ մեզ՝ զինվորներիս, այլևս չեն վստահում: 2016թ. ապրիլի պատերազմից հետո մարդիկ մեր նկատմամբ շատ հոգատար էին: Այժմն նրանք անգամ չեն ցանկանում մեզ տեսնել»:

Տեղի պաշտոնյաներից մեկն էլ գործակալության հետ զրույցում ասել է, որ բամբասանքները շատ արագ են տարածվում. «Պատկերացրեք, որ մի օր առավոտյան արթնանում եք և լսում, որ ձեր հարևաններն աշխատում են հայերի համար: Դուք սկսում եք կասկածել բոլորին: Տեղի մարդիկ սարսափած են այդ պատմություններից: Մարդիկ, ում դուք երկար ժամանակ ճանաչում եք, մարդիկ, ում ամեն օր տեսնում եք, մեղադրվում են Հայաստանի համար աշխատելու մեջ»:

Պաշտոնյայի խոսքով՝ զինվորներից ու հովիվներից բացի՝ ձերբակալվել են նաև տաքսիի վարորդներ, անգամ մարմնավաճառներ: Այս քաղաքացիների և զինվորների մի մասը շարունակում է մնալ բանտերում՝ սպասելով իրենց դատավճռին:

Պաշտոնյան նշել է, որ Չամանլի գյուղից մի հովիվ է ձերբակալվել, որը մեղադրվում է հայերին օգնելու մեջ ադրբեջանական զինվորական հաղորդակցության ցանցերի հասանելիության գործում: Քննիչները պնդում են, որ նրա տանը հայտնաբերվել է 10 հազար դոլար: Նույն գյուղից ձերբակալվել է մի բուժաշխատող, ինչպես նաև նրա դուստրը և եղբայրը: Ձերբակալվել է նաև զինվորներից մեկի ընկերուհին, որը մեղադրվում է հայերի համար աշխատելու մեջ:

Պաշտոնյայի խոսքով՝ քննիչներն ասում են, որ գտել են գումար, առաջնագծի քարտեզներ, վարչական և ռազմավարական օբյեկտների գծագրեր և հստակ տեղեկատվություն՝ քաղաքացիների բնակության տեղի վերաբերյալ:

«Շատ մարդիկ են ձերբակալվել,- պատմել է պաշտոնյան:- Մեղադրյալներից մեկին՝ Մեհման Հուսեյնովին, քննիչները մահացու ծեծի են ենթարկել: Նրա ազգականները ցանկանում էին նրան հուղարկավորել հոր կողքին: Սակայն գյուղացիները բողոքել են, և նրան հուղարկավորել են ընդհանուր գերեզմանից դուրս»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031