Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ կարող է «Ելքը» պաշտպանի Արմեն Սարգսյանին». Նախկին նախարար

Հունվար 19,2018 20:50

Տրանսպորտի եւ հաղորդակցության նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի կարծիքով, ՀՀԿ-ն այնպիսի նախագահի թեկնածու է առաջադրել, որը մրցակից չի ունենա: Հիշեցնենք, որ նա նախարար է աշխատել նաեւ Արմեն Սարգսյանի կառավարությունում:

Պարոն Քոչինյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին, մրցակից չէ նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության թեկնածուն՝ առողջապահության նախկին փոխնախարար Արտակ Զեյնալյանը. «Արտակ Զեյնալյանին էլ վաղուց եմ ճանաչում, երեւի 1992 թվականից, որպես մարդ, անձնավորություն բարձր կարծիքի եմ նրա մասին: Նա այն ժամանակ դեռ նոր-նոր բժշկական համալսարանն էր ավարտել, գնաց Ղարաբաղ, վիրավորվեց, ազնիվ տղա է, բայց օրինակ դրսի հետ հարաբերություններում ինքը Արմեն Սարգսյանի կշիռն ու ուժը չի կարող ունենալ: Միգուցե ներքին իրականության մեջ կարող են համազոր լինել, շատ բան կարող է անել իր կերպարով, բայց կարծում եմ, որ մեր սփյուռքի, դրսի աշխարհի հետ, չի կարող աշխատել:

25 տարուց ավելի է՝ չեմ զգացել, որ ինքը հայկական սփյուռքի հետ ակտիվ աշխատանք տարած լինի, նա ավելի շատ երեւացել է ներքին կյանքում: Իմ կարծիքով, ՀՀԿ-ն այնպիսի թեկնածու է առաջադրել, որ նրա հետ մրցակցելը լուրջ հարց կլինի, նույնիսկ կարող է «Ելքը» պաշտպանի Արմեն Սարգսյանին, առողջ դատողությունը դա պետք է հուշի: Պարտադիր չէ ընդդիմությունն ասի՝ քանի որ սա ՀՀԿ-ն է առաջադրել, ես դեմ եմ, նրանք պետք է նայեն՝ ոչ թե ով է առաջադրել, այլ՝ ով է թեկնածուն: Եթե փաստարկներ կունենան, որ դեմ են կամ անպայման ուզում են, որ իրենց թեկնածուն անցնի, դա ուրիշ խնդիր, բայց եթե ծանրակշիռ փաստարկ չունենան, ճիշտը այն կլինի, որ իրենք էլ ՀՀԿ-ի թեկնածուին պաշտպանեն, այդ դեպքում նախագահը կդառնա բոլորի նախագահը»:

Հենրիկ Քոչինյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ճանաչում է 1984 թվականից. «Նա համալսարանում էր դասախոս, ես՝ պոլիտեխնիկում, շատ բարձր կարծիքի եմ, բարձր ինտելեկտով մարդ է»:

Անդրադառնալով Սահմանադրությամբ սահմանված նախագահի փոքր լիազորություններին՝ պարոն Քոչինյանը չհամաձայնեց, որ Սարգսյանի գործունեությունը սահմանափակ կլինի, նա չի կարողանա երկրում փոփոխություններ անել. «Ինչքան էլ նախագահի լիազորությունները սահմանափակված լինեն, բայց նկատի ունեցեք, որ միջազգային ֆինանսական կառույցների հետ ինքը կարող է շատ լավ աշխատել իր լիազորությունների շրջանակում: Ոչ մեկ չի ասի, որ երկրի նախագահը բացի իր ուղիղ լիազորություններից չի կարող նաեւ լոբբինգ անել հանուն երկրի տարբեր միջազգային կառույցներում, ինչը ինքը շատ լավ կանի, մասնավորապես Համաշխարհային բանկի հետ, Եվրոպական զարգացման բանկի հետ»:

Անդրադառնալով այս օրերին մամուլի հրապարակումներին՝ Արմեն Սարգսյանի բիզնեսների վերաբերյալ, պարոն Քոչինյանն ասաց. «Ոչ մեկին էլ արգելված չէ բիզնեսով զբաղվել, առավել եւս, որ ինքը երկար տարիներ 1997 թվականից այս կողմ, ազատ մարդ է եղել, կարող էր իր բիզնեսներն ունենալ, դա խանգարող գործոն չէ: Եթե ինչ-որ ձեւով բիզնես է արել, դրսում է արել, ինչ-որ մեկից կաշառք չի վերցրել ու բիզնես դրել»:

Վերջում պարոն Քոչինյանը հավելեց. «Ինչու չեք մտածում, որ ՀՀԿ-ն առողջ է մտածում, ճիշտ է մտածում, եթե ընդունենք, որ Արմեն Սարգսյանը լավ թեկնածու է…եթե Արմեն Սարգսյանն ընդունվում է հանրության կողմից, ապա պետք է շնորհակալ լինենք առաջադրողին, եթե չի ընդունվում, ապա այդ դեպքում առաջադրողին պետք է ասենք՝ սխալ առաջադրում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031