Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկեսի մասնակցել չեմ պատրաստվում». «ծռերի» պաշտպաններն ու դատավորը կրկին վիճեցին (Տեսանյութ)

Հունվար 23,2018 12:32

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստն այսօր սկսվեց դատավոր Արթուր Օհանյանի եւ ամբաստանյալների պաշտպանների միջեւ հերթական վիճաբանությամբ:

Խնդիրն այն էր, որ դատավորը երեք հանրային պաշտպանի էր հրավիրել, որովհետեւ նախորդ նիստերից մեկում ամբաստանյալները բոյկոտել էին նիստը (ի պաշտպանություն այս գործով մյուս ամբաստանյալներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի, որոնք պահանջում են իրենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ,), առանց դատավորի թույլտվության՝ գնացել նիստերի դահլիճից եւ արժանացել սանկցիայի՝ նիստերի դահլիճից հեռացում մի քանի ժամով, իսկ այդ դեպքում պաշտպանի ներկայությունը պարտադիր է:

Քանի որ ամբաստանյալները հայտարարել էին, որ հեռանալով՝ հրաժարվում են իրենց պայմանագրային պաշտպաններից, իսկ նախորդ նիստում պաշտպաններն էլ իրենց հերթին չէին ներկայացել, դատարանն այսօր նրանց համար պետության կողմից վճարվող փաստաբանների՝ հանրային պաշտպանների էր հրավիրել:

Սա վրդովվեցրեց պայմանագրային պաշտպաններին, որոնք դատավորին մեղադրեցին պետական միջոցներն անտեղի վատնելու մեջ: «Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում…պայմանագրային պաշտպաններն այստեղ նստած՝ դուք հանրային պաշտպանների եք հրավիրում»,-դիմելով դատավորին՝ ասաց ամբաստանյալների պայմանագրային պաշտպաններից Լուսինե Սահակյանը: Նա ընդգծեց, որ պետք է վերացնել սանկցիան եւ ամբաստանյալներին դահլիճ բերել՝ պաշտպանների հարցն իրենց հետ հստակեցնելու համար, սակայն դատավոր Արթուր Օհանյանը գտավ, որ ամբաստանյալների հանդեպ իրավաչափ սանկցիա է կիրառվել:

Պայմանագրային պաշտպանները դժգոհեցին, որ դատավորն ապօրինի է գործում՝ պայմանագրային պաշտպաններին զուգահեռ՝ հանրային պաշտպան ներգրավելով: «Այսպե՞ս եք ուզում առաջ գնալ: Միեւնույնն է, Ձեր՝ ամեն կերպ առաջ գնալու ցանկությունը հետ է շպրտվելու»,-դատավորին ասաց պայմանագրային պաշտպաններից Երվանդ Վարոսյանը:

Պայմանագրային պաշտպաններից Հայարփի Սարգսյանն էլ կատարվածը «կրկես» որակեց, որին, իր խոսքով, մասնակցել չի պատրաստվում, ինչին ի պատասխան դատավորը հորդորեց կոռեկտ լինել:

Ի վերջո, բոլոր պայմանագրային պաշտպաններն առանց դատավորի թույլտվության դուրս եկան նիստերի դահլիճից եւ նստեցին քաղաքացիների համար նախատեսված հատվածում՝ այդ կերպ դժգոհելով դատարանի գործողությունների դեմ:

Դահլիճում մնացին դատավորը, դատախազներն ու հանրային պաշտպանները, որոնք էլ ներգրավվեցին գործում՝ բոլոր՝ 11 ամբաստանյալների համար միաժամանակ:

Շարունակվում է ապացույցների հետազոտման փուլը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031