Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Ինչո՞ւ Սերգեյ Լավրովը չասաց «միջանկյալ կարգավիճակ»

Հունվար 23,2018 17:34

«Եկեք մի քիչ շատ չխտացնենք գույները եւ սթափ մոտենանք այս ամենին»,- Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի այսօր կազմակերպած «Անվտանգային դինամիկան Հայաստանի հարեւանությամբ» թեմայով քննարկման ժամանակ հորդորեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:

Քննարկման ժամանակ անդրադարձեր էին եղել վերջերս Կրակովում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Դավիթ Շահնազարյանը հստակեցնում է`դա Հայաստանի պահանջած օրակարգն է: Նաեւ փաստում`Էլմար Մամեդյարովը հայտարարեց՝ վեց ժամ է տեւել հանդիպումը, իր տվյալներով`երեք ժամ է տեւել: Բայց այս ամենում կարեւորագույնը դեսպանը համարում է այն, որ Մինսկի խմբում կա ԱՄՆ-ՌԴ համագործակցություն ու շփման գծում լարվածության հարաբերական թուլությունը դրանով է պայմանավորված: Նա կարծում է, որ այդ հանդիպումները կշարունակվեն, քանի որ թե Վաշինգտոնը, թե Մոսկվան ձգտում են պահպանել, խորացնել այդ համագործակցությունը:

Դավիթ Շահնազարյանը կիսում է քննարկման ժամանակ հնչած բոլոր մտահոգությունները, բայց առաջիկա ամիսներին նոր ապրիլյան պատերազմի հավանականությունը շատ քիչ հավանական է համարում՝ հենց ռուս-ամերիկյան համագործակցության պատճառով:

Ի տարբերություն քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի, ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու եւ ՌԴ-ի ողմից նոր զինատեսակների հերթական խմբաքանակի մատակարարումը Ադրբեջանին չի համարում թաքնված կամ ոչ այնքան թաքնված ուղերձ Մոսկվայի կողմից: Փոխարենը, Դավիթ Շահնազարյանը հակասություն է տեսել ԼՂՀ հարցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ: Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելիս Լավրովը չօգտագործեց «միջանկյալ կարգավիճակ» դարձվածքը:

Ի դեպ, Դավիթ Շահնազարյանն էական է համարում հարցը` առանց Չինաստանի Բելառուսն իրավունք ունե՞ր Պոլոնեզները վաճառել Ադրբեջանին: Դա բելառուս-չինական արտադրանք է: Ինքը հիմա փորձում է պարզել այդ հարցը: Ասում է`կարեւոր են նաեւ Ադրբեջանի կողմից Ուկրաինայից ձեռք բերած Սկիֆները: Դա ավելի էժան է, քան իսրայելական համարժեքը` սպայկը:

Ամենով հանդերձ, Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ 2016-ին ՀՀ-Արցախ եւ Ադրբեջան սպառազինությունների ասիմետրիան բավական նվազել է: Ու չնայած մինչ այդ սպառազինությունների տարբերությանը, հիշեցնում է, որ ապրիլյան պատերազմում բլից-կրիգով Ադրբեջանը չկարողացավ մեծ տարածքներ ձեռք բերել: Դեսպանը կարծում է, որ բացի ռազմական նշանակությունից, այդ զինատեսակների գնումը Բելառուսից եւ Ուկրաինայից`Բաքվի համար նաեւ քաղաքական խնդիր է: Միջազգային հարթակներում իրեն համախոհներ է փնտրում: Դավիթ Շահնազարյանը դա ավելի կարեւոր է համարում, քանի որ երկու երկրներն էլ ոչ միայն ԵԱՏՄ, այլ ՀԱՊԿ անդամ են:

«Այլ ՌԴ մենք չունենք: ՌԴ-ն երկու կողմերին զինելու իր քաղաքականությունը շարունակելու է, որը 1905 թվականից է: Հայաստանը պետք է իր ճնշումները ՌԴ-ի վրա մեծացնի: Մենք պետք է հասկանանք`սա է իրականությունը եւ ըստ այդմ մեր անվտանգության հարցերը լուծենք»,- եզրակացնում է բանախոսը:

Նա համամիտ չէ Ռուբեն Մեհրաբյանի հետ եւ իրատեսական չի համարում առանց ՌԴ-ի կամ ի հեճուկս ՌԴ-ի լուծել Հարավային Կովկասի անվտանգության հարցերը: Հուսով է, ՀՀ իշխանությունները դա հասկանում են եւ փորձում են այդ համատեքստում իրենց քայլերն անել: Նկատում է`անգամ Եվրոպան է իր անվտանգության հարցերը ՌԴ-ի հետ փորձում լուծել: Այս իրականության հետ հաշվի է նստում նաեւ ԱՄՆ-ը: Օրինակ է բերում Վրաստանը, որը նույնպես ՌԴ-ի հետ շատ խնդիրների լուծումներ է փնտրում, թեեւ այդ երկրին ագրեսոր է համարում: Դրական է համարում այն, որ ՌԴ-ն թույլ չտվեց, որ Թուրքիան անվտանգության հարցերում կարեւոր դեր ստանձնի տարածաշրջանում:

«Միջազգային հարթակներում գործընթացները շատ ավելի ի օգուտ Հայաստանի են, քան Ադրբեջանի»,- ասում է Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ Բաքու-Անկարա հարաբերություններում էլ իրականում ցուցադրական կողմը մեծ է, նրանք կարողանում են հակասությունները քողարկել, բայց դրանք կան: Վստահ է`առանց ուժային կենտրոնների համաձայնության, Ալիեւը չի գնա նոր պատերազմի առաջիկա ամիսներին: Դա նրան կարող է իշխանություն արժենալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031