Սաակաշվիլիին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան

Սաակաշվիլիին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշիլին Ուկրաինայից արտաքսվել է Լեհաստան, հաղորդում է BBC-ն:

Նման տեղեկություն սկզբում տարածել է ТСН Украина հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Ըստ այդ տեղեկության՝ Սաակաշվիլին Կիևից հեռացել է տեղի ժամանակով 16:00-ի չվերթով: Տեղեկատվությունը հաստատել են նաև Ուկրաինայի սահմանային ծառայությունից: Ավելի ուշ գերատեսչությունից տեղեկացրել են, որ նա հասել է Լեհաստան:

«Սաակաշվիլին ընդունվել է Լեհաստանի տարածք… Նրան ընդունելու համար հիմք է ծառայել ուկրաինական կողմի հայտարարությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինքը՝ Սաակաշվիլին, իր արտաքսումը որակել է որպես «ծայրահեղ թուլության և ծայրահեղ վախկոտության դրսևորում» Ուկրաինայի իշխանությունների կողմից:

«Ձերբակալությունից հետո ինձ նստեցրին ավտոբուս, հետո տարան ու նստեցրին ուղղաթիռ: Ուղղաթիռը, որքան հասկանում եմ, որոշ ժամանակ պտտվում էր Կիևի վրայով: Դրանից հետո վայրէջք կատարեց Բորիսպոլում, որտեղ ինձ, թևերս ոլորելով ու կոշտ ուժ կիրառելով, նստեցրին ինքնաթիռ»,- պատմել է նա:

Ավելի վաղ Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հայտնել էր, որ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել իրեն արտաքսել Լեհաստան: «Ինձ ցանկանում են հեռացնել Ուկրաինայից: Մենք կպայքարենք մինչև վերջ: Չեմ պատրաստվում հանձնվել»,- ասել էր նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք