«Ապրիլյան պատերազմից հետո այնպիսի պաշտպանական համակարգ պետք է լիներ, որ այդ զոհերը չլինեին». Իրավապաշտպան

«Ապրիլյան պատերազմից հետո այնպիսի պաշտպանական համակարգ պետք է լիներ, որ այդ զոհերը չլինեին». Իրավապաշտպան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր հրապարակեց «Մարդու իրավունքները Հայստանում»  ամենամյա զեկույցը:

Կոմիտեն դիտարկել է 2017-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, հնչեղ դատավարությունները, իրավապահների աշխատանքը։

«Դա վերաբերում է ընտրություններին, դա վերաբերում է դատավարություններին, դա վերաբերում է դատարանի շենքում մարդկանց նկատմամբ հաշվեհարդարին: Եվ ես համարում եմ՝ 2017 թիվը հետընթաց էր նախորդ տարիներից: Եվ քաղբանտարկյալների առկայությունը: Փաստաբանների նկատմամբ հետապնդումները․ սա նույնպես աննախադեպ երևույթ է, որովհետև փաստաբանների նկատմամբ հետապնդումներ, ես հիշում եմ, 90-ական թվականներին էր, երբ որ Ռուբեն Սահակյանի նկատմամբ բռնություն էր իրականացվել: Դրանից հետո այդպիսի բան չէր եղել: Իսկ անցած տարի փաստաբանների նկատմամբ եղան աննախադեպ ճնշումներ․ և՛ բռնություններ՝ խուզարկության անվան տակ չգիտեմ ինչեր, և՛ վարույթներ: Եվ հիմա էլ այս նոր օրենքի ընդունումը՝ տուգանքի հետ կապված հարցը», – այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել անցած տարի դատարանի նկուղում «Սասնա ծռեր» զինված խմբի չորս անդամներին ծեծի ենթարկելու դեպքին:

«Ես համարում եմ, որ ամենաաղաղակող երկու դեպք է տեղի ունեցել անցյալ տարի, որ կարելի է նույնիսկ աննախադեպ համարել: Մեկը` դատարանի շենքում ամբաստանյալների նկատմամբ ծեծ ու ջարդը: Սա աննախադեպ երևույթ է գուցե նաև համաշխարհային պատմության մեջ: Աննախադեպ մյուս դեպքը, ես կասեի, «հաց բերողի» ողբերգական մահն է»: Պարոն Իշխանյանը նկատեց, որ «Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու գործով նախաքննությունը շարունակվում է, բայց դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

Զեկույցում տեղ են գտել նաեւ սահմանը պաշտպանող զինվորների մահացության դեպքերը, պարոն Իշխանյանը շեշտեց՝ 60 մահացության դեպք. «Ապրիլյան պատերազմից հետո այնպիսի պաշտպանական համակարգ պետք է լիներ, որ այդ զոհերը չլինեին, դա նշանակում է փնթիություն: 60 դեպքից 22-ը` պատերազմի արդյունքում, իսկ 38-ը` խաղաղ պայմաններում, սա է ազգ-բանակի պատկերը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք