Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ մտածելակերպով կանաչ մարդ եմ». Արմեն Սարգսյանը՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Փետրվար 16,2018 19:52

ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է քաղաքացիական հասարակության հինգ ներկայացուցիչների հետ: Մոտ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանում իրավիճակը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, արդարադատությանը, քաղբանտարկյալների խնդիրներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են քաղհասարակության ներկայացուցիչներ Բորիս Նավասարդյանը, Ավետիք Իշխանյանը, Սոնա Այվազյանը, Վարդան Հարությունյանը, Վահան Մովսիսյանը:

Aravot.am-ը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց, քանի որ դեպքեր են եղել, երբ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը բավականին կարճ է եղել, և չեն հասցրել իրենց հարցերի սպառիչ պատասխաններ ստանալ, հետևաբար այս անգամ ժամանակը բավականացրե՞լ է, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ են ասում նման հանդիպումների դեպքում, բայց ի վերջո մարդը դեռ նույնիսկ համաձայնություն չի տվել լինել թեկնածու, այնպես որ, ակնկալել՝ ինչ-որ սպառիչ պատասխաններ կամ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն, միամիտ կլիներ»:

Բորիս Նավասարդյանից հետաքրքրքվեցինք՝ նախկինում ճանաչե՞լ է Արմեն Սարգսյանին և այս հանդիպման արդյունքում ի՞նչ տպավորություն ստացավ, քաղհասարակության և Արմեն Սարգսյանը պատկերացումները գոնե մո՞տ էին, ԵՄԱ մամուլի ակումբի նախագահը պատասխանեց. «Առիթներ եղել են գործնական հարցերով շփվելու: Այն բովանդակությունից ելնելով, որ ունեցավ մեր զրույցը, համընկնում են: Բայց զրույցը մի բան է, պաշտոնյայի գործունեությունն՝ ուրիշ: Ուստի ինձ վրա համարձակություն չեմ վերցնի կանխատեսել, թե ինչպես է դա լինելու, եթե դառնա նախագահ: Այս փուլում ունենալ երաշխիքներ կամ խոստումներ մեր կողմից, ճիշտ չէր լինի սպասել»:

Հարցին՝ Ամուլսարի խնդիրը բարձրացվե՞լ է, մասնավորապես ընկերության հետ՝ Արմեն Սարգսյանի կապը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, թե պարոն Սարգսյանը կրկնել է այն, ինչ արդեն ասել էր, որ կապ չունի այդ ընկերության հետ. «Զրույց էր, ոչ թե հարցաքննում, ապացույցներ չէինք խնդրում: Արմեն Սարգսյանը հստակ ասաց՝ ինքն իր մտածելակերպով կանաչ մարդ է, և բնապահպանական խնդիրներն իրեն շատ են հուզում: Ուստի անպայման հանդիպելու է նաև բնապահպանական հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ»:

Հետաքրքրվեցինք՝ զրույցի ընթացքում ի՞նչն է մտահոգել կամ ինչը դուր չի եկել քաղհասարակության ներկայացուցիչներին կապված Արմեն Սարգսյանի դիրքորոշումների հետ, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Մտահոգություն չէր, ուղղակի ուշադրություն գրավեց, որ կան հարցեր, որոնցում պարոն Սարգսյանը կողմնորոշված չէ այնքան լավ, ինչպես տնտեսական զարգացման, ներդրումների հնարավորությունների, ՀՀ-Սփյուռք, Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, որտեղ նա շատ ավելի լավ պատկերացում ունի, քան ՀՀ պաշտոնյաներն ու փորձագետները:

Արմեն Սարգսյանը նույնքան լավ չի կողմնորոշվում քաղբանտարկյալների, արդարադատության համակարգի խնդիրների հարցում: Գուցե դրանց չի առնչվել, չի խորացել, բայց վստահ եմ, ցանկության դեպքում մանրամասները միանգամից կպատկերացնի: Պարոն Սարգսյանը շատ լավ պատկերացնում է լրատվամիջոցների դերը, բայց խոսքի և մամուլի ազատության հետ կապված կոնկրետ ՀՀ-ի իրավիճակը նույնքան լավ չի պատկերացնում, ինչպես այն ոլորտները, որոնց մասին խոսեցի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728