Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով առանց դեղատոմսի դեղ չեն տալու

Փետրվար 19,2018 17:03

Այս տարվա մարտի 1-ից Հայաստանում դեղատներից բազմաթիվ դեղեր առանց դեղատոմսերի անհնար կլինի ձեռք բերել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Ըստ նրա, մարտի 1-ից ուժի մեջ է մտնում «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգ սահմանելու մասին» կառավարության որոշումը: Ըստ այդմ` էլ մի շարք դեղեր պարտադիր է դեղատոմսով գնելը:

Խաչատրյանի ներկայացմամբ՝ Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բացթողման ենթակա են 2700 դեղեր: Մարտի 1-ից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով պետք է ձեռք բերել, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:

Դեղատոմսով եւ առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:

Ըստ էության, մինչ այս, քաղաքացիներն ասենք սովորական ցավազրկող կամ հարբուխի դեղերը ընտանեկան բժշկին զանգ անելուց հետո կարողանում էին առանց դեղատոմսի գնել դեղատներից, այսուհետ սա խնդիր է լինելու եւ պարտադիր պետք է բժշկի դուրս գրած դեղատոմսը: Եթե դեղատան աշխատակիցը առանց դեղատոմսի դեղ վաճառի, ապա պատասխանատվության է ենթարկվելու:

Խաչատրյանի ներկայացմամբ՝ կա այսպես ասած՝ բազմակի դեղատոմս. Այսինքն՝ այս դեղատոմսով հիվանդը կարող է նույն դեղը գնել ոչ ավել քան 6 անգամ: Սա նախատեսված է այն դեպքերի համար, երբ քաղաքացին թանկարժեք դեղերը չի կարողանում միանգամից գնել, այլ մի քանի անգամ մի քանի հաբ է գնում:

Aravot.am-ը պարոն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ եթե ասենք գիշերը, երբ ատամնաբուժարանները փակ են, եւ մարդու մոտ ատամնացավ է սկսում, արդյոք կարող է առանց դեղատոմսի դեղատնից մի որեւէ ցավազրկող ձեռք բերել: Պարոն Խաչատրյանն այս հարցի առնչությամբ պատասխանեց՝ նման դեպքերում անձը պետք է կամ գնա հիվանդանոց կամ շտապօգնություն կանչի:

«Ուրեմն՝ գիշերվա ատամնացավի համար կան բազմաթիվ հաստատություններ, որոնց կարելի է դիմել: Ատամնացավը պարզ խնդիր չէ, դրա տակ կարող են լինել բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող ենք բաց թողնել եթե չգնա բժշկի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ընդ որում, բանախոսը նշեց, որ պոլիկլինիկաներում քաղաքացիները անվճար են բուժում ստանում, ուստի եթե այլ բժիշկների ծառայությունները քաղաքացու համար թանկ է, դեղատոմս ստանալու համար նախ կարող է պոլիկլինիկայի բժշկին դիմի, խնդիրը պարզի ու համապատասխան դեղատոմս ստանա: Դիտարկմանը՝ մի հատ գլխացավի համար, երբ կարող է ասենք՝ «նոշպա» խմել, հիմա ստիպված է լինելու մի գլխացավի համար պոլիկլինիկայում ժամերով հերթ կանգնել, Խաչատրյանն այսպես արձագանքեց.«Իսկ եթե այդ գլխացավն առաջացել է զարկերակային բարձր ճնշումի՞ց»:

Մանրամասն՝ տեսանյութում

Խաչատրյանն ասաց, որ այս նոր կարգով հիվանդների հոսքը պոլիկլինիկաներ կշատանա: Հետեւաբար, նաեւ անխուսափելի են հերթերը:

Բազմաթիվ բժիշկներ համագործակցում են դեղագործական եւ դեղ ներմուծող ընկերությունների հետ, եւ որքան շատ են համագործակցությամբ վաճառվող դեղերը, այնքան տվյալ բժիշկը շատ գումար է ստանում: Այսինքն՝ տվյալ ընկերությունը բժիշկներին վաճառքից տոկոս է տալիս, ընդ որում, սրանք հիմնականում թանկ դեղեր են, եւ բժիշկը հիվանդին անգամ պարտադրում է՝ անպայման այս ֆիրմայի եւ այս արժեքի դեղը կգնես: Սակայն, դեղագետը քաղաքացու գրպանին համապատասխան կարող է խորհուրդ տալ, նույն դեղը այլ ընկերության արտադրության ավելի մատչելի գնով ձեռք բերել: Իսկ մարտի 1-ից պարտադիր դեղատոմսով դեղ գնելու դեպքում քաղաքացիներն այլեւս չեն կարողանալու խուսափել բժշկի գրած թանկ դեղերից: Թե այս խնդիրը պարտադիր դեղատոմսերի դեպքում ինչպե՞ս է լուծելու նախարարությունը, մեր այս հարցին ի պատասխան էլ Խաչատրյանն ասաց.«Բժիշկն իրավունք չունի նման բան անելու: Բժշկին եւ դեղատանը տուգանք նշանակելու ճանապարհ կա: Արգելվում է բժիշկը պացիենտին ուղղորդի որեւէ ֆիրմայի դեղ գնելու: Ուստի այդ տեղեկությունները մենք խնդրելու ենք ստանալ, տեսչական մարմնի՝ վարույթ հարուցելու ճանապարհով կկատարենք համապատասխան գործողություններ»:

Թե ինչպես են նման դեպքերը բացահայտելու, ըստ էության, նախարարությունը հույսը դրել է քաղաքացիների ահազանգերի վրա:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ՝ ինչո՞ւ նույն դեղը, այսինքն՝ միեւնույն ակտիվ քիմիական նյութով դեղամիջոցը մի արտադրողի դեպքում պարտադիր է դեղատոմսը, մյուսի դեպքում՝ ոչ, այս խտրականությունն ինչո՞վ է պայմանավորված, Խաչատրյանը պատասխանեց. «Դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրումը պայմանավորված է դեղի գրանցման ժամանակ արտադրողի կամ դեղի իրավատիրոջ կողմից ներկայացված «դոսեի» հիման վրա: Նման դեպքեր կան, բայց շատ չեն»: Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջիկայում այս խնդիրն էլ կլուծվի:

Մանրամասն՝ տեսանյութում

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ դեղի դոզայից կախված՝ դեղը կարող է լինի դեղատոմսով, կամ՝ ոչ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. գառնիկ says:

    Դեղատոմսով եւ առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերի ցանկի հղումը չի աշխատում

  2. armen says:

    Ուրեմն՝ գիշերվա ատամնացավի համար կան բազմաթիվ հաստատություններ, որոնց կարելի է դիմել:

    տաքսու փողն դու ես տալու?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728