Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ ապրանքը միանգամից 10 անգամ թանկացնեն մինչեւ գնաս բժշկի մոտ, ռեցեպտ տա, ընդունելությունն էլ փողով ա». վանաձորցիները՝ դեղատոմսով դեղ ձեռք բերելու մասին (Տեսանյութ)

Մարտ 03,2018 16:07

Մարտի 1-ից Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից 2700-ը բնակչությանը վաճառվում է միայն դեղատոմսի առկայության դեպքում: Այսուհետ՝ հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը կարող ենք ձեռք բերել միայն դեղատոմսով, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:

«Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգ սահմանելու մասին» կառավարության այս որոշումը բնակչությանը գցեց խուճապի մեջ: Մինչ մարտի 1-ը Վանաձորում գործող ցանկացած դեղատանը կարելի էր հանդիպել մարդկանց կուտակումների: Վերջիններս դեղատոմսի պահանջի մասին լսելուց հետո փորձում էին հնարավորության դեպքում պահեստավորել առաջին անհրաժեշտության դեղերի մի որոշակի քանակ:

«Հաճախորդներ ունեինք, որ մի քանի ամսվա համար դեղորայք են վերցրել: Դեղատանը հերթեր էր առաջանում: Հիմնականում հորմոնային պրեպարատներ են առնում, որ այդ մարդկանց ամբողջ կյանքի ընթացքում է անհրաժեշտ: Օրինակ, փորացավի կամ մյուս դեղերը, որ մշտապես առել են, հիմա դժգոհուոթյուն է առաջանում, քանի որ մի մասն արդեն առանց դեղատոմսերի չեն կարող գնել, դրա հնարավորության չկա: Գոնե ճնշման, սրտային հիվանդությունների համար անհրաժեշտ դեղերը չդարձնեն դեղատոմսով, մարդիկ ամեն օր են առնում այդ դեղերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դեղատան աշխատակից Անահիտ Գրիգորյանը:

Համլետ Խաչատրյանը, որը վիրահատված է, եւ իր առողջությունը վստահել է մայրաքաղաքի բժիշկներին, ասում է, նոր օրենքի պատճառով խնդիրներ կառաջանան: Ինքն օրինակ ամեն անգամ Երեւան հասնել չի կարող. «Ոնց որ ապրանքը միանգամից 10 անգամ թանկացնեն, մինչեւ գնաս բժշկի մոտ, ռեցեպտ տա, ընդունելությունն էլ փողով ա, դրանից հետո արդեն կամ կառնես, կամ չես առնելու: Ես պետք է Երեւան գնամ, իմ բժիշկը Երեւանում է, որտեղ վիրահատվել ես, դեղատոմսն էդտեղից են տալիս»:

Տիկին Զառան եւ՛ կողմ է նոր որոշմանը, եւ՛ դեմ: Ասում է որոշումն ունի իր դրական ու բացասական կոմերը. «Օրինակ «Գլորիայի» աշխատողներն ամեն օր չեն կարող գնալ բժշկի, իրենց չեն թողնելու, բայց բոլորը ճնշում ու տարբեր հիվանդություններ ունեն: Իսկ այն ժամանակ կարողանում էին դեղ առնել: Ժողովրդի համար շատ դժվար վիճակ է ստեղծվել, չգիտեն՝ ոնց կլինի: Մեր ջահել երեխաները, որ անընդհատ լուծողականով, հորմոնալ ու այլ դեղերով, որ ուզում են անընդհատ նիհարեն, այդ առումով այո՛ պետք էր այս որոշումը»:

Դեղատների աշխատակիցներն ասում են, որ հիմա էլ քաղաքացիների հոսքը չի դադարում: Նրանք գալիս են, ոչ միայն դեղ ձեռք բերելու, այլեւ հենց «առաջին ձեռքից» իմանալու կատարված փոփոխությունների մասին:

«Եկել եմ, որ տեղեկանամ, ո՛չ հեռուստացույցով, ո՛չ ռադիոյով կարգին չեն ասում: Ուղղակի ժողովրդից լսել եմ, որ անտիբիոտիկները չեն տալիս: Ու նաեւ հաղորդագրություն էր եկել հեղախոսին, թե չէ կոնկրետ բան չգիտեմ փոփոխության մասին»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Նարինեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031