Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու 3 միլիոն դրամանոց մարտի 8-ը (ֆոտոշարք)

Մարտ 08,2018 16:16

Ինչպես հայտնի է՝ Գյումրու քաղաքային բյուջեից 3 միլիոն դրամ հատկացվեց մարտի 8-ը նշելու համար։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն այն ավագանու հաստատմանը ներկայացնելիս, ասաց. «Նախագիծը կայք տեղադրելուն պես՝ սկսվեց քննադատություն, ինչո՞ւ պետք է 3 միլիոն ծախսենք մարտի 8-ին։ Ընկերնե՛ր, մեր ավագանին, մեր քաղաքապետը իրավունք ունեն քաղաքում աշխատող բոլոր կանանց գոնե տարին մեկ անգամ հիշեցնելու, որ իրանք կին են։ Կոնկերտ ես ինձ լավ եմ զգում, որ ուշադրության կենտրոնում եմ, նաև լավ են զգում դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, ինստիտուտներում աշխատող կանայք, մենք ինչ-որ նախատեսում ենք մարտի 8-ի համար, ընդամենը 3 միլիոն դրամ է։ Փառք Աստծո, մենք մեր ազատ միջոցները լրիվ տրամադրում ենք քաղաքի շինարարությանը, բարեկարգմանը, մենք իրավունք չունե՞նք 3 միլիոնի ուշադրություն դարձնել տարին մեկ անգամ քաղաքում աշխատող կանանց»,- ասաց ֆինանսիստը։

Սամվել Բալասանյանն էլ, «ավելորդ խոսակցություններից» խուսափելու համար, առաջարկեց, որ ավագանու կին անդամները որոշեն՝ ի՞նչ գնել՝ բացի՞կ, քաղցրավենի՞ք…

«Ես ոչ թե 3, այլ 10 միլիոն կտայի մեր քաղաքի կանանց, իրենք արժանի են, բայց կանենք էնպիսի բան, որ կարողանանք, ասենք ձեզ ուշադրություն ենք դարձնում, գոնե ընդամենը էդքան բան»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Ինչևէ, ավագանու հաստատած 3 միլիոն դրամով երեկ Գյումրու քաղաքապետարանի կողմից տորթեր ու շամպայներ են ուղարկվել տարբեր կառույցների կին աշխատակիցների (ի դեպ, տորթ ու շամպայն նվիրելն արդեն ավանդույթ է դարձել, մի քանի տարի է՝ ուղարկվում են), այսօր էլ փողոցներում կակաչներ էին բաժանում կանանց ու աղջիկներին։

Այսօրվա տրամադրություն փչացնողը թերևս հորդառատ անձրևի պատճառով անմիջապես ցեխի մեջ թաղվող ու անանցանելի դարձող Գյումրու փողոցներն են, որոնց ֆոնին թե՛ կանանց գեղեցկությունն է խամրում, թե՛ ծաղիկների։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031