Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը Ադրբեջանի զորավարժությունների եւ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի մասին

Մարտ 15,2018 13:11

«Բնական է, պետք է բողոքեր՝ ինչ պետք է աներ»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելուն ԱՄՆ-ին, որը վիզա է տրամադրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Պարոն Քոչարյանի խոսքով՝ «Արցախը վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում, բայց ամեն դեպքում՝ այցը չափազանց կարեւոր է»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի վաճառքին եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը, թե իրենք հետեւություններ արել են 2016 թվականի ապրիլյան պատերազմից եւ պակասեցնելու են Ադրբեջանին մատակարարվող զենքի ծավալները, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետեւություններ անել. «Տպավորություն այն է, որ ինչ-որ հետեւություններ արվում են Ռուսաստանի կողմից»,-ասաց նա: Հարցին, թե հավատում է նրա հայտարարությունը, նա ասաց, որ արտաքին քաղաքականությունում հավատալ-չհավատալ չկա, պարզապես արձանագրում է այն, ինչ ասվել է:

Այն հարցին էլ, թե ՀԱՊԿ անդամ երկրները չեն ընդունում, բայց Արեւմտյան երկրներն ընդունում են, Շավարշ Քոչարյանը նկատեց, որ ԱՄՆ-ն այդ տեսակետից իր ուրույն մոտեցումը ունի, դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին հատկացվում է իրենց կողմից համապատասխան օգնություն. «Դա նշանակում է, որ Ամերիկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններին, ինչը պայմանավորված է եւ Կոնգրեսի ինքնուրույնությամբ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակի համար՝ շատ այլ երկրներում չենք տեսնի, կոնգրեսականները կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ անգամ չեն համընկնում Սպիտակ տան հետ, այսինքն` այդ տեսակետից այդ երկիրը ավելի ճկուն է, սակայն կարեւորը դառնում է Սպիտակ տան դիրքորոշումը»:

Հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնապես չեղյալ հայտարարելու եւ դրա վերաբերյալ Թուրքիայի արձագանքի առնչությամբ էլ պարոն Քոչարյանն ասաց. «Կատարվել է նախագահի հանձնարարականը առ այն, որ թուրքական կողմը տեղեկացվել այդ մասին եւ դա բխում է միջազգային իրավունքից: Միանշանակ հիշեցնեմ, որ հայկական կողմը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է բանակցությունների կարգավորելու հարաբերությունները, բայց առանց նախապայմանների, այդ ուղղությամբ մենք որեւէ առաջարկ չենք ստացել»:

ԱԳՆ փոխնախարարը խոսեց նաեւ Ադրբեջանի մեծ զորավարժություններից, որոնք, ըստ որոշ մեկնաբանությունների, իրենց մեջ պատերազմի վերսկսման վտանգ են պարունակում: Պարոն Քոչարյանն ասաց, որ այդ ամենին հետեւում են եւ միշտ պետք է պատրաստ լինեն ցանկացած քայլին. «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել եւ նաեւ նախընտրական շրջան, բայց պետք չէ միայն դրանով բացատրել, պետք է միշտ ուշադիր լինել նրա գործողություններին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031