Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործով վկան պնդեց, որ դեպքից երկու տարի անց դեռ լարված վիճակում է

Մարտ 19,2018 21:11

2015 թվականին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց կուրսանտ Խաչիկ Մինասյանը:

Նա դեպքի օրը օրապահ է եղել, եւ դեռ ավելի վաղ հերքել էր իր  նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ դեպքը իր հանգստի ժամին է եղել, ինքը ոչինչ չի լսել, չի տեսել, քնած է եղել: Ամբաստանյալներից  Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ հետաքրքրվեց՝ ինչու է հերքել, ինչին ի պատասխան վկան պատասխանեց՝ նախաքննական ցուցմունքը տվել է շոկային, լարված վիճակում, պատմել է կողքից լսածը, բայց իրականում ոչինչ չի  տեսել:

Պաշտպանական կողմից նաեւ հետաքրքրվեցին՝ արդյոք նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ստիպմամբ, ինչին ի պատասխան վկան բացասական պատասխան տվեց:

Արա  Զաքարյանի հարցին, թե ինչքան է տեւել նրա լարվածությունը, վկան պատասխանեց՝ մինչեւ հիմա էլ լարված վիճակում է:

Արա Զաքարյանը միջնորդեց հրապարակել այս վկայի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ նրա դատաքննական ու նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան՝ առանց մատնանշելու կոնկրետ հակասություններ: Տասը րոպեով, դատարանի որոշմամբ, նիստը ընդմիջվեց, այդ ընթացքում ամբաստանյալներից Մովսես Ազարյանի պաշտպանի՝ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչի պատճառով նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031