Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Խանդոյանին խնդրել են բաց թողնել բուժքրոջը, նա ասել է. «Ստեղ էտ առիթով «հրթիռակոծություն ու սալյուտ» կանենք»

Մարտ 21,2018 12:51

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում այսօր հրապարակվում են գնդի գրավման օրերին ոստիկանների միջեւ փոխհրաձգության հետեւանքով վիրավորված խմբի անդամներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները: Այն ժամանակահատվածում, երբ բժիշկ Սալվադոր Խեչոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը եւ բժիշկ Նորայր Թեւանյանը գտնվել են ՊՊԾ գնդում, նրանց զանգել են հարազատները, գործընկերները, այդ թվում՝ «Շտապօգնություն» ծառայության տնօրենը, ընկերներն ու հետաքրքրվել նրանց վիճակի մասին:

Հարց բժիշկ Սալվադոր Խեչոյանին.-Չե՞ն թողնում դուրս գաք:

Պատասխան.-Ոչ

Հարց.-Չէ՞, մի հատ լավ «դեբոշ» անե՞նք ըտեղ:

Պատասխան-ինչ ասեմ, արեք…

Ապա «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն է զանգել խմբի անդամներից Արայիկ Խանդոյանին՝ խնդրել, որ բաց թողնեն Մալինա Մՙարգարյանին, քանի որ վերջինիս աղջկա ծնունդն է: Խանդոյանը բացասական պատասխան է տվել ու ասել. «Գիտեմ-գիտեմ, մենք ստեղ էտ առիթով «հրթիռակոծություն ու սալյուտ» կանենք»:

Մյուս բժիշկ Նորայր Թեւանյանն էլ հարցերին ի պատասխան ասել է, որ բժիշկներով հերթապահություն են իրականացնում. «Ասում են՝ թող գան ձեզ փոխարինեն, նոր դուք գնացեք»:

ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանն էլ ինչ-որ անձի հետ զրուցելիս ասել է. «Բժիշկների պարագաների մեջ ժուչոկներ են դրել, բժիշկներն էլ չեն իմացել»:

Բժիշկները մի շարք անձանց հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ նաեւ ասել են, որ ՊՊԾ գունդը գրավածներն իրենց ոչ թե պատանդ են պահում, այլ պահանջում են, որ փոխարինող-բժիշկների ուղարկեն, որպեսզի իրենք կարողանան հեռանալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031