Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ վիրակապելուց Մալինա Մարգարյանն ասում էր, որ բժիշկները ՊՊԾ գնդում պատանդ չեն եղել». Ղուկասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2017 17:18

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ նրանց միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր վերջինիս պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ որոշ տուժողների չհարցաքննելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ տուժողները չեն առնչվում Անդրիաս Ղուկասյանի գործի հետ, ուստի դատարանը չի կարող իրեն թույլ տալ նրանց հարցաքննելով ծանրաբեռնվել:

Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց այդ անձանց, որոնք իր գործով որպես տուժող են ճանաչվել. «Վալերի Օսիպյանը եւ գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, ըստ մեղադրանքի, մի քանի օր պատանդ են պահվել, բայց դա եղել է մինչեւ հուլիսի 29-ի դեպքը, այսինքն, մինչեւ՝ հուլիսի 23-ը: Օսիպյանի՝ պատանդ լինելն առհասարակ հարցական է…Խաչատուր Մուրադյանը ՊՊԾ պնդում եղել է հերթապահ եւ ազատ է արձակվել: Տիգրան Դանիելյանը եւս: Արթուր Հարությունյանը, Դավիթ Գեւորգյանը, ըստ մեղադրանքի, կրկին պատանդ են եղել: Վիգեն Մարտիրոսյանն էլ ոստիկանության այլ գնդի ծառայող է: Սալվադոր Խեչոյանը ՊՊԾ գնդի տարածքում վիրավորներին օգնություն ցուցաբերած բժիշկն է: Դավիթ Տոնոյանը եւս բժիշկ է, որը մի քանի ժամ է եղել ՊՊԾ գնդում: Նորայր Թեւանյանը մինչեւ հուլիսի 30-ն է մնացել ՊՊԾ գնդում: Մալինա Մարգարյանն էլ, որը եւս որպես բժիշկ եղել է ՊՊԾ գնդում, երբ վիրակապում էր ինձ, հայտնել է՝ բժիշկները պատանդ չեն եղել, այլ իրենց պարտականությունն են կատարել եւ վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերել»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հուլիսի 29-ի գիշերը, իր պնդմամբ, վնասվածք է ստացել քաղաքացիական հագուստով ոստիկանի մահակի հարվածից, եւ այդ առթիվ նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ապա Երեւանի փոխոստիկանապետ Վարելի Օսիպյանի առնչությամբ Անդրիաս Ղուկասյանը հավելեց. «Հուլիսի 29-ին նա եղել է Խորենացի փողոցում եւ այդտեղ է կազմակերպել քաղաքացիներին ծեծելու գործողությունները»: Այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ նշյալ անձինք պահվել են պատանդի կարգավիճակում: Դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց, որ միջնորդությունը հիմնավոր չէ, ուստի այն մերժվեց:

Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպանը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը դատարանի որոշման դեմ առարկեց՝ ասելով. «Եթե անգամ Անդրիասը մեղքն ընդուներ եւ ասեր, որ ցանկացել է  միանալ «Սասնա ծռերին» եւ շարունակել իրականացնել այդտեղ գտնվող անձանց պատանդառությունը, ինչպես մեղադրական եզրակացությունում է նշված, մեղադրանքը չէր լինի, որովհետեւ այդ մարդիկ այդ ժամանակ պատանդ չէին արդեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930