«Մամ, հայրենիք վերադարձի, ինձ մենակ մի թող»․ մորը երազ գալով՝ հորդորել է Թալիշում զոհված Ռաֆիկը

«Մամ, հայրենիք վերադարձի, ինձ մենակ մի թող»․ մորը երազ գալով՝ հորդորել է Թալիշում զոհված Ռաֆիկը

Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում նահատակված ավագ հետախույզ, գնդացրորդ Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Նաիրա Հակոբյանը պատմում է, որ որդուն ընդամենը մեկ ամիս էր մնացել բանակից զորացրվելու, սակայն ապրիլյան պատերազմը խլեց նրա կյանքը։ Նա եղել է գյումրեցի ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի զինվորներից, թշնամու հատուկ ջոկատայինների դեմ կռիվ մղող 170 դիրքի 9 հետախույզներից մեկն էր։ Նրանցից 4-ը նահատակվել են՝ զինամթերքի սպառվելու պատճառով վերջին պահերին ձեռնամարտի մեջ մտնելով թշնամու հետ։

Հակոբյանները Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղից են, սակայն բնակության էին տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Մայրը պատմում է, որ որդին Ռուսաստանից հատուկ վերադարձել էր իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարելու։

«Ապրիլի 1-ն էր, խոսեցինք Ռաֆիկի հետ, շատ ուրախ տրամադրությամբ խոսեց։ Գիտեինք, որ այդ օրը սահմանում զոհ ենք ունեցել, հարցրեցի՝ Ռաֆիկ, ձեր հե՞տ է եղել այդ զինվորը, ասաց՝ չէ մամ, մեր հետ զինվոր չի եղել ու զինվոր չի զոհվել, չուզեց ասել։ Որ խոսում էինք, Հայաստանի ժամով գիշերը մեկն էր, մեր մոտ 12-ն էր, ինքը ուրախ էր խոսում, ահագին խոսեցինք, վերջում ասեց՝ մամ, որ գամ քեֆ-ուրախություն չենք անելու։ Ռաֆիկը մեր առաջին զավակն էր ու մեծ հպարտությամբ էի սպասում իր գալուն, ասի՝ Ռաֆ ջան, պատճառն ի՞նչ է, որ քեֆ չանենք, ասեց՝ մամ, պետք չէ էդքան ծախս անենք։ Ասի, Ռաֆ ջան՝ մեկ է, շատ մեծ ուրախություն ենք կազմակերպելու թե՛ Հայաստանում և թե Ռուսաստանի Դաշնությունում մեր շրջապատի հայերով։

Բայց ես մի ներքին զգացողություն ունեի, որ պիտի կորցնեի որդուս․ մարտի 30-ն էր կամ 31-ը ավտոբուսով գործի էի գնում, սիրտս ծակեց ու մի ներքին ձայն ինձ ասաց, որ քո ամենասիրելի զավակին Աստված կտանի քեզանից։ Ես երեք երեխա ունեմ ՝ երկու տղա և մեկ աղջիկ, բոլորը շատ լավ են, բայց Ռաֆիկն ամենալավն է․․․Ոչ մեկի հետ չեմ կիսվել այս զգացողությանս մասին, բայց զոհվելուց հետո էլ չէի հավատում, որ Ռաֆիկը կարող է զոհվել։ Ապրիլի 2-ին ասի երեխեն դիրքերում է, չզանգեմ, հանկարծ անհամար չլինի իրեն, ինքը թող զանգի, իսկ 3-ին, երբ լսեցինք նորությունները, սկսեցի փնտրել տղայիս։

Զանգեցի, սկզբում ոչ մեկը չպատասխանեց, տղաները մեկը մյուսի հեռախոսից օգտվում էին, հետո մի զինվոր վերցրեց՝ Նարեկ Նիկողոսյանը, հիմա ինքը կենդանի է փառք Աստծո, ասեց՝ կներեք էլի, Ռաֆը իմ հետ չէ, ես սովորական զինվոր եմ, ինքը հետախույզ է, ինքը ուրիշ դիրքերում է, ես ուրիշ նորություն չունեմ։ Ինքը ճշմարտությունը չասաց ինձ, ինքն էլ հետախույզ է եղել․ 170 դիրքի տղաներից էր։ Շատ անհանգիստ էի, և լացում էի, և աշխատում, տեղս չէի գտնում։Մի անգամ էլ զանգեցի, հեռախոսը վերցրեց ու ասաց՝ մորքուր ջան, ես հոսպիտալում եմ, Ռաֆիկից տեղեկություն չունեմ։ Ամսի 4-ին մեզ զանգահարեցին, ասացին, որ երեխեն զոհվել է։ Հետո կապ հաստատեցի տեգորս հետ, հարցնում եմ՝ ի՞նչ հանգամանքներում է զոհվել որդիս, տեգրս ասում է՝ Փառք տվեք Աստծուն, որ երեխու գլուխը տեղն է․․․ Ինքը շատ էր ուզել, որ որդուս դին մեզ հանձնեին բաց վիճակում, բայց տղայիս աջ աչքը հանել էին, ականջը կտրել էին․․․

Տղայիս վերջին անգամ տեսել եմ 2015 թվականի հունիսի 15-ին, ես այդ ժամանակ գնացի Թալիշ, տեսա։ Անցած տարի Բակո Սահակյանը մեզ հրավիրեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանով պարգևատրելու համար ու տարավ այն խրամատը, այն դիրքերը, որտեղ մեր տղաները զոհվել են։ Մենք այնտեղ խաչքար ունենք երեխեքին նվիրված։ Տղայիս մահից հետո վերադարձել ենք Հայաստան, այլևս չենք կարող գնալ, մի երկու ամիս մնացի Սանկտ Պետերբուգում, Ռաֆս երազ եկավ՝ մամ ինձ մենակ մի թող։ Արթնացա ու վերադարձա»,-արտասվելով պատմում էր մայրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք