Այսօր Բաղրամյան փողոցում ոստիկանների հետ բախման պատճառով այլ վիրավորներ եւս կան

Այսօր Բաղրամյան փողոցում ոստիկանների հետ բախման պատճառով այլ վիրավորներ եւս կան

Մոտ մեկ ժամ առաջ Բաղրամյան պողոտայում, ոստիկանության հետ տեղի ունեցած կարճատեւ բախման ժամանակ մի քանի քաղաքացիների հետ վնասվածքներ է ստացել նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այս օրերին առաջնորդում է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը: Նա դեմքի ու ձեռքերի վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Լուրը հաստատել է Նիկոլ Փաշինյանի կինը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան Առողջապահության նախարարությունից նույնպես ասացին, որ Նիկոլ Փաշինյանը «Նաիրիի» վիրաբուժական բաժանմունքում է:

Նիկոլ Փաշինյանի վիճակը նորմալ է, այս  պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում մշակում են նրա վերքերը, Panorama.am-ի թղթակցին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Անատոլի Գնունին:

«Նիկոլ Փաշինյանը ստացել է աջ դաստակի վնասվածք, ձեռքին կան քերծվածքներ, այս պահին վիրակապարանում մշակում են նրա վերքերը, կար են դնում»,- նշել է Անատոլի Գնունին:

Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ճշգրտման փուլում է տուժած քաղաքացիների թիվը, որոնք բախման հետեւանքով վնասվածքներ են ստացել: Նրանք նույնպես օգտվել են շտապօգնության ծառայությունից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք