Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլն արդեն քաղաքական իրավիճակ փոխել է». Կարեն Քոչարյան

Ապրիլ 16,2018 20:07

«Ե′վ իշխանությունն է գանդիականություն դրսևորում, և′ ընդդիմությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես «Իմ քալը» նախաձեռնության գործողություններին և իշխանության արձագանքին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ պարոն Քոչարյանի՝ իրավիճակի հանգուցալուծման բազմաթիվ սցենարներ կան՝ սկսած նրանից, որ ոստիկանությունը կցրի ցույցը, կդառնա երկրորդ մարտի 1, վերջացրած նրանով, որ ոչ մի բան էլ չի լինի: Պարոն Քոչարյանը չի բացառում, որ կարող է ոստիկանությունն ինքը բացել ճանապարհը, և Նիկոլը կմտնի Ազգային ժողով:

Հետաքրքրվեցինք՝ մարտի 1-ի կրկնության վտանգ կա՞, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե, կա մարտի մեկի վտանգ: Մինչև այսօր իշխանությունն ամեն ինչ արել է, որ չկրկնվի, նույնը ընդդիմությունը: Ոչ ուժային կիրառումն առայժմ փոխադարձ է: Թեև երկուստեք էլ կան հայտարարություններ՝ ոստիկանությունն ասում է՝ կցրենք, Նիկոլն ասում է բաց ձեռքերով ենք, պիտի գնանք, մտնենք մեր աշխատավայր, բայց գործողությունների առումով երկուստեք շատ զուսպ են»:

Հարցին՝ այս ճանապարհով հնարավո՞ր է հասնել փոփոխությունների, պարոն Քոչարյանը չբացառեց և′ դրական, և′ ելքերը ու հիշեցրեց, որ իրենց սերունդն ականատես է եղել վարդերի և տարբեր տեսակի ծաղիկների հեղափոխությունների: Բայց տարբերակները շատ-շատ են:

Հետաքրքրվեցինք՝ այս օրերի ցույցերը նախորդներից ինչո՞վ են տարբերվում, պարոն Քոչարյանն ի պատասխան վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ գրագետ է գործում. «Տեխնոլոգիաները Նիկոլի կողմից առավելագույնս գրագետ են օգտագործվում՝ սկսած քայլարշավից վերջացրած իր հայտարարություններով, թե անգամ այդ ամենից հետո ոստիկանները մեր եղբայրներն են, ես էի մեղավոր, որ ձեռքերս վնասեցի: Նրա կողմից ամեն ինչ արվում է շատ գրագետ: Առաջին անգամ է, որ ընդդիմությունը նման կոչեր է անում: Ո′չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո′չ Ստեփան Դեմիրճյանը, ո′չ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ չէին անում չբռնության: Սա առաջին անգամն է, որ ամեն րոպե, վայրկյան ֆիքսվում է՝ անգամ, եթե մեզ ծեծեն մահակներով, մենք չենք պատասխանելու: Սա գանդիզմ է երկուստեք»:

Մեր հարցին՝ ո՞վ է այս իրավիճակում ավելի շահում, պարոն Քոչարյանը պատասխանեց՝ շահել է Նիկոլը և հավելեց. «Ոչ ոք չէր հավատում, որ Նիկոլը տոտալ ապատիայից կկարողանա հանել հանրությանը և շարժել ու քաղաքական իրավիճակ փոխել: Միայն այն, որ նա ինչ-որ բան կարողացավ շարժել ու փոխել, դա նշանակում է, որ առայժմ այս պահին ինքը գրագետ է գործում»:

Մեր հստակեցմանը, բայց արդյոք քաղաքական իրավիճակ փոխե՞լ է Նիկոլ Փաշինյանը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ արդեն քաղաքական իրավիճակ փոխվել է: Անգամ, եթե ոչինչ չլինի, և հետո իշխանությունը կընտրի Սերժ Սարգսյանին վարչապետ, միևնույն է, չի լինի այն ցինիզմը, որը գալիս է իշխանության մոտ տոտալ ապատիայի պայմաններում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Պարոն Քոչարյանը չի բացառում, որ կարող է ոստիկանությունն ինքը բացել ճանապարհը, և Նիկոլը կմտնի Ազգային ժողով: »

    Disneyland կ’աշխատի այս մարդը մարդը… ?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30