Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ իր վարչապետ դառնալու հավանականության մասին. «Եթե ժողովուրդը իմ վրա դնի այդ պարտավորությունը, ես կստանձնեմ այն»

Ապրիլ 24,2018 21:38

Ապրիլի 24-ին կայացավ Նիկոլ Փաշինյանի մեկ ժամանոց ասուլիսը արտասահմանյան լրատվամիջոցների համար: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպես է հանդես գալիս ողջ ժողովրդի անունից, երբ խորհրդարանում յոթ տոկոս ձայն ունի, Փաշինյանը պատասխանեց, որ այդպես էր ասում նաեւ Սերժ Սարգսյանը:

«Հիմա Հայաստանում կատակում են, որ յոթ տոկոսն ավելի կարեւոր է, քան 90 տոկոսը, մեր շարժումը վայելում է բնակչության 90 տոկոսի եւ Սփյուռքի աջակցությունը: Ոչ ոք, որեւէ ՀՀԿ-ական չի լինելու ՀՀ վարչապետ, Հայաստանում ՀՀԿ-ական կառավարման ժամկետը վերացել է, ցանկացած փորձ վերածնել այդ կուսակցությունը, ոչ մի բանի չի բերի»,-ասաց նա:

Հարցին՝ այսինքն ի՞նքն է պատրաստվում դառնալ վարչապետ, Փաշինյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդը իմ վրա դնի այդ պարտավորությունը, ես կստանձնեմ այն: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի…Ամենակարեւորը, սակայն այն է, որ մենք առաջիկայում կարողանանք ապահովել օրինական եւ արդար ընտրություններ, քանի որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին չվստահել ընտրությունների արդյունքներին»:

Նա նաեւ հավելեց, որ ընտրական օրենսգիրքը եւ համակարգը կարիք ունեն բարեփոխման: Մեկ այլ հարցի՝ որեւէ երաշխավորություն ունի՞, որ ՀՀԿ-ական իշխանությունը կհեռանար, Փաշինյանը պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ ՀՀԿ-ական իշխանություն գոյություն չունի, մնացել է նրա ուրվականը: Ես ՀՀԿ-ից երաշխավորության կարիքը չունեմ, դա Հայաստանի եւ Սփյուռքի երաշխավորությունն է: Ես չեմ տեսնում որեւէ ուժ, որ կարող է դիմադրել ժողովրդին; Ես որեւէ մեկից երաշխավորություն չեմ սպասում, Հանրապետության հրապարակը եւ այն մարդիկ, որոնք հրապարակում էին, իրենք են իրական ուժը Հայաստանում, ոչ ոք չի կարող հերքել սա:

Մենք պատրաստ ենք մեր երկիրը առաջնորդել դեպի ապագա եւ վստահ ենք դրանում: Այսօր խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, միակ պարտականությունը, որ այն պետք է ունենա, արդար եւ ժողովրդավար ընտրությունների անցկացումն է: Մեր թավշյա հեղափոխությունը մեծ ուժ ունի»,-շեշտեց նա: Հավելեց, որ բաց ենք բանակցությունների համար, եթե որեւէ լավ առաջարկ ստանան որեւէ ուժի կամ կուսակցության կողմից, կքննարկեն, կներառեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Մենք տիրապետում ենք իրավիճակին եւ վայելում ենք ժողովրդի վստահությունը: Ոչ մեկը չպետք է փորձի այս կարեւոր հաղթանակը նրա ձեռքից տանել»,- ասաց Փաշինյանը:

Հատուկ ընդգծեց, որ օտարերկրյա ուժերի հետ որեւէ բանակցություն չեն ունեցել, ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ էլ Ռուսաստանի, սակայն դա չի նշանակում, թե փակ են որեւէ բանակցության համար: «Չկա որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ մեր շարժման մեջ…. Պատրաստ ենք խոսել Հայաստանի եւ Ռուսաստանի, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-Վրաստան հարաբերությունների մասին պատրաստ ենք խոսել, որտեղ մեզ համար ամենակարեւորը Հայաստանի ազգային շահն է: Մենք ցանկանում ենք ծառայել Հայաստանի շահերին: Ուզում եմ պնդել նաեւ Արցախի Հանրապետության շահը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30