Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասարության անհավասարությունը

Հունիս 06,2018 10:11

Կրթության պետական նորանշանակ պատասխանատուների գլխավոր թեման է դարձել կրթության հավասարությունը և այսպես կոչված պայքարն էլիտարիզմի դեմ: Խոստանում են անզիջում պայքար ծավալել հավասարությունը խախտողների դեմ, կոռուպցիոն բացահայտումներ անել, մեղավորներին պատժել ևն: Չեն խորշում անթույլատրելի անձնական վիրավորանքներից, ստուգումներն ուղղորդելուց` առանց հասկանալու, որ դա պետական դիրքի չարաշահում է և առնվազն իրավական դաշտի քննության առարկա: Կոռուպցիայի դեմ անշուշտ պետք է պայքարել և արմատախիլ անել այդ չարիքը: Եթե կատարվել են կոռուպցիոն բացահայտումներ, գործերը պետք է անհապաղ հանձնել իրավապահ մարմիններին և զերծ մնալ վաղօրոք մեկնաբանություններից:

Սակայն հարց է առաջանում. կրթությունն ուրիշ խնդիր չունի՞: Որակի և դրան հասնելու մասին ե՞րբ ենք խոսելու: Եթե կրթությունը չունենա բարձր հավակնություններ և սովորողին չընձեռի լավագույնին հասնելու հնարավորություն, ապա հավասարության հարմարավետ քարոզը տանելու է համահարթեցման և միջակության բուծման:

Իսկ կրթության ամենամեծ թշնամին մեր այսօրվա կրթական համակարգում արմատավորված միջակությունն է, որը դատապարտում է մեզ ոչ մրցունակ լինելու այսօրվա խիստ մրցակցային աշխարհում: Կրթությունն, այո՛, պետք է ապահովի իրավական և իրական հավասարություն, բայց նաև խթանի բարձր ձգտումների անհավասարություն: Մարդիկ և՛ հավասար են, և՛ անհավասար: Հավասար են իրավունքներով, անհավասար են իրենց աստվածատուր տաղանդով:

Տաղանդավոր ժողովրդին չաշխատող կրթական ծրագրեր պարտադրելը ազգային ներուժը փոշիացնելու ուղիղ ճանապարհն է: Ստեղծել ենք մի կրթական համակարգ, ուր տառապում է սովորելու ցանկություն և՛ ունեցողը, և՛ չունեցողը: Սովորելու ցանկություն ունեցողը տառապում է ցանկություն չունեցողների միջավայրում, իսկ սովորելու ցանկություն չունեցողը տառապում է, որովհետև պարտադրված է անելու մի բան, որը չի ուզում: Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը հայտնվել են անիրագործելի և անորակ կրթական ծրագրի բեռի տակ: Արդյունքում սովորողը հրաշքով սովորում է` հնարավորինս խուսափելով ժամանակակից հմտություններ չզարգացնող կրթական ծրագրից, իսկ սովորելու ցանկություն չունեցողի միակ հույսն արտագրություններ են և իր գիտելիքներին չհամապատասխանող գնահատականների կորզումը:

Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում միջին դպրոցն ավարտելուց հետո, ըստ առաջադիմության կամ քննությունների միջոցով, ոմանք գնում են ավագ դպրոց, ոմանք էլ` միջին մասնագիտական կրթական հաստատություններ: Այդպես է եղել նաև խորհրդային տարիներին, երբ գոյություն ուներ ուսումնարանների և տեխնիկումների բավականին զարգացած ցանց: Եթե մենք բոլորին ավագ դպրոցի ժամանակակից ծանր ծրագրեր պարտադրենք, շատերին կարող ենք կոտրել: Լուծումը համատարած գնահատականներ նկարելն է: Այս առումով մեր հանրակրթության կարևորագույն խնդիրներից մեկը որակյալ միջին մասնագիտական կրթության ապահովումն է: Այս խնդիրը լուծելով` մենք ավագ դպրոցը կազատենք սոցիալական խնդիր լուծելու պարտականությունից և կդարձնենք սովորելու միջավայր: Եթե, իհարկե, ստեղծում ենք մրցունակ կրթական բովանդակություն և կարողանում ենք համակարգն ապահովել որակյալ ուսուցիչներով: Այս տեսանկյունից բոլոր ավագ դպրոցները կարող ենք դարձնել գերազանցության կամ էլիտար կենտրոններ «էլիտար» բառի լավագույն իմաստով, որը նշանակում է ընտիր, այսինքն` որակյալ:

Հավասարության և անհավասարության սկզբունքների գոյակցությունը վճռորոշ է նաև հիմնական դպրոցի համար: Լավ հիմնական դպրոցն ավագ դպրոցի կայացման հիմքն է: Մենք վաղ հասակից երեխաներին պետք է տանք կրթության և՛ հավասար, և՛ սեփական տաղանդն իրագործելու անհատականացված հնարավորություն: Պետք է հիմնովին վերանայել, բեռնաթափել և արդիականացնել տարրական և միջին դպրոցների կրթական ծրագրերը: Տաղանդի բացահայտումը և իրագործումը, ժամանակակից հմտությունների ձևավորումը, արժեքների ամրագրումը և բարոյական դաստիարակությունը պետք է դառնան հիմնական կրթության հիմնախնդիրը: Այստեղ նույնպես Արարատյան բակալավրիատն ունի մի շարք նորարարական լուծումներ, որոնք կարելի է կիրառել և բարձրացնել մեր հիմնական կրթության արդյունավետությունը:

Որքան էլ լավ ծրագրեր ունենանք, եթե հասարակությունը և պետությունը չփոխեն իրենց վերաբերմունքն ուսուցչի մասնագիտությանը, կրթության որակի մասին խոսելն ավելորդ է: Իսկ ի՞նչ ունենք: Միայն քանակ ապահովող կարճատեւ վերապատրաստումներ առանց չափելի վերջնարդյունքների: Չկան ուսուցչի զարգացման արդյունավետ ծրագրեր, որակի պահանջ և դրանց իրականացման մեխանիզմներ: Ուսուցչի մասնագիտությունը դարձել է անհրապույր և ոչ ձգողական: Տաղանդավոր մարդիկ խուսափում են դպրոց մտնելուց: Դեռ հրաշքով պահպանվել են որոշ որակներ, որոնց վրա կարելի է կառուցել նոր որակներ: Հիմա «ապահանրապետականացման», կոռուպցիայի մեղադրանքներով մենք վտանգել ենք ուսուցչի առանց այդ էլ խարխլված հեղինակությունը: Անկախության այս տարիների ընթացքում բարձիթողի են արված կրթության ղեկավարների զարգացման ծրագրերը: Իսկ առանց ժամանակակից առաջնորդության և կառավարման հմտությունների զարգացման հնարավոր չէ որևէ գործ անել աշխարհում, էլ ուր մնաց կրթությամբ զբաղվել: Դպրոցները կարիք ունեն ինստիտուցիոնալ զարգացման և կառավարման արդյունավետ համակարգերի: Եվ այստեղ նույնպես անապատացած վիճակ է:

Մեր քննությունների որակը թերևս ամենածանր խոսակցության թեմա է: Մինչդեռ ընդունված է ասել` ինչպիսի քննություն ունես, այնպիսի էլ կրթություն ունես: Մենք սոսկ չափում ենք գիտելիքներ` շատ հաճախ շփոթելով գիտելիքը հիշողական տեղեկույթի հետ: Մեր քննությունները չեն չափում բարձր մտածողական հմտություններ: Խզված է քննություն-կրթական ծրագիր-կրթական ռեսուրսներ (մասնավորաբար` դասագրքեր) կապը: Մեր քննությունները` որպես որակավորումներ, չեն ճանաչվում համաշխարհային հեղինակավոր ճանաչման կենտրոնների կողմից և բավարար չեն համարվում աշխարհի առաջատար բուհեր ընդունվելու համար: Սա նշանակում է, որ մեր շրջանավարտները մեր կրթական համակարգի պատճառով ունեն անհավասար պայմաններ այլ երկրների շրջանավարտների համեմատությամբ, որոնք ունեն միջազգայնորեն ճանաչված քննական համակարգեր:

Արարատյան բակալավրիատն ունի այս համակարգային եւ բարդագույն խնդիրների պատասխանը: Այն պատրաստված և մշակված փաթեթ է կրթության բոլոր բաղադրիչներով: Եթե մենք շարժվում ենք մեր բոլոր ավագ դպրոցները գերազանցության կենտրոններ դարձնելու ուղղությամբ, ապա Արարատյան բակալավրիատը բարձրորակ կրթություն ապահովող ամբողջական լուծում է: Մեկ այլ այդպիսի ծրագրի ստեղծումը, փորձարկումը և դրա միջազգային ճանաչումը կպահանջեն տարիների աշխատանք և հսկայական ներդրումներ: Վասն ինչի՞: Որովհետև մենք համագործակցե՞լ ենք պետության հետ: Իսկ ինչպե՞ս կարելի է ազգային ծրագիր իրականացնել առանց պետության հետ համագործակցելու:

Այս պահին Արարատյան բակալավրիատը համապատասխան պետական որոշումներով ամրագրված պետական հանրակրթական ծրագիր է: Հաստատման է պատրաստ կառավարության՝ Արարատյան բակալավրիատը հանրակրթական դպրոցներում ներդնելու որոշումը: Սեպտեմբերից պիտի բացվեն Արարատյան բակալավրիատի 14 դպրոցներ մարզերում, մյուս տարի ևս 10-ը` մարզերում, այնուհետև մեկնարկելու է մայրաքաղաքի դպրոցների ներգրավման փուլը ևն: Հիմա եթե նոր կառավարությունը պատասխանատվություն է ստանձնում քաղաքական պատճառներով մերժելու այս ծրագիրը, որի շահառուները տասնյակ հազարավոր երեխաներ են, թող հստակ հայտարարի ժողովրդին: Բայց գոնե նաև ասի, թե ի՛նչ է տալու դրա փոխարեն և ե՛րբ:

Յուրաքանչյուր ծրագիր չափվում է նախևառաջ արդյունքներով: Իհարկե, արդյունք-ծախս փոխհարաբերությունը նույնպես կարևոր է: Մենք գտնում ենք, որ պետության և «Այբ» հիմնադրամի համատեղ ներդրմամբ ստեղծված է մեր կրթությանը ժամանակակից հնարավորություններ ընձեռող արժեքավոր ծրագիր: Համանման ծրագրեր ստեղծելու վրա այլ երկրներ ծախսել են տասնյակներ անգամ ավելի մեծ գումարներ: Մեր արածը դրված է սեղանին: Մինչդեռ տարիներ շարունակ պետական և վարկային տասնյակ միլիոնների փոշիացում է եղել, և արդյունք չկա:

Արարատյան բակալավրիատին քաղաքական գունավորում տալով ու խնդիրներն անձնավորելով` մարդկանց ուշադրությունը կրթության բուն խնդիրներից շեղելը, երկխոսությունից խուսափելը մտածող մարդկանց մոտ հարցեր և տարակուսանք են առաջացնում: Մեզ պետք չէ պառակտում, այլ գործ անող ուժերի համախմբում: Մի ամբողջ կրթական համայնքի հետ վերևից` այսպես կոչված «բարձր լեգիտիմության գագաթից», արհամարհական ոճով, «մենք շատ ենք և հզոր, դուք քիչ եք և անզոր» նշանաբանով խոսելը և դասեր տալը լավ նշան չէ: Նախ` մեր քանակը և զորությունը միգուցե ոմանց համար տեսանելի չեն, սակայն տեսնողը տեսնում է և գնահատում: Երկրորդ` մենք ոչ մեկի դեմ չենք պայքարում: Մենք պայքարում ենք մեր երեխաների համար և կրթության պատասխանատուների գործին իմաստ հաղորդելու համար:

«Նախորդները չարիք են, մենք ենք բարիքը» կարգախոսը վտանգում է ամբողջ կրթական համակարգը: Բան ու գործ թողած` հարձակվել են հայրենասիրական դաստիարակության, Եկեղեցու պատմության, ազգ-բանակի, Արարատյան բակալավրիատի վրա: Չեմ կարծում, որ այս ամենը պատահական է: Այս բոլոր ծրագրերն իրար հետ կապված են ազգային և հոգևոր թելերով: Ստացվում է` մենք կարիք չունե՞նք հայրենասերների, սեփական հոգևոր ակունքներին հաղորդ մարդկանց, կարիք չունե՞նք ամուր բանակի և մրցունակ ազգային կրթության:

Որևէ իշխանափոխության ժամանակ պետք է զգույշ լինել, որ պետական ինստիտուտներն անցնցում իրականացնեն իրենց գործառույթները` ապահովելով որակների և արժեքների փոխանցականությունը: Հատկապես խոսքը վերաբերում է կրթության ոլորտին:

Պետք է հասկանանք, թե ո՛րն է մեր ազգային շահը: Իշխանությունն անցողիկ է, ազգն ու պետությունը` մնայուն: Իշխանության միակ գործառույթն ազգային շահի իրագործումն է` հիմնված տվյալ ժողովրդի արժեքների և հոգևոր իդեալների վրա:

Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Բալաբեկ says:

    Նախարարի տվյալ հարցում ցուցաբերած շտապողականությունը մեղմ ասած անհասկանալի է։ Սա այն հարցն է որ անհապաղ լուծում է պահանջում? Հանգիստ խորացեք․ բազմակողմանի ուսումնասիրեք իրապես բարդ այս հարցը։ Վռազում եք որ ինչ անեք?

  2. Գալյա says:

    Տեր հայր, Ձեր հոդվածում շարունակ կրկնվում էր ՄԵՆՔ դերանունը:Մենք ասելով՝ Դուք ու՞մ նկատի ունեք՝ ԱՅԲ հիմնադրամին և Արարատյան բակալավրիատ թիմի՞ն: Իսկ ինչու՞ եք կարծում, որ հենց դուք պետք է կամ հենց դուք կարող եք լուծել մեր հանրապետությունում առկա կրթական խնդիրները, ինչու՞ է ձեզ թվում, որ ձեր թիմն ամենակարող և կատարյալ է: Ինձ շատ լավ հայտնի է, որ այդքան տարփողվող ԱԲ ծրագրից հանիրավի կերպով դուրս են մնացել բազում արժանի, բանիմաց և կոչումով ուսուցիչներ, որոնք գրքերի և հոդվածների հեղինակներ են: Կասեք՝ չեն հաղթահարել մրցու՞յթը: Իսկ ովքե՞ր էին անցկացնում այդ մրցույթը և ի՞նչ հիմունքներով: Մրցույթի հանձնաժողովը կազմված է եղել ձեր դպրոցի մասնագետներից, որոնք շարժվել են կասկածելի հիմունքներով և օրենքներով՝ գրավորը խստագույնս թաքցնել բողոքարկողից, այսինքն՝ գրավորի տիրոջից, տալ հեռակա, կցկտուր, 1-2 նախադասությունից բաղկացած մեկնաբանություն, որը միանգամայն հեռու է իրականությունից և գիտականությունից,անցողիկ համարել 3 հարցից ընդամենը մեկին պատասխանած աշխատանքներ…Ի՞նչ է սա նշանակում, որ դուք ընտրել եք լավագույնների՞ն…Ամո՛թ է:
    Եվ վերջապես, այս երկրում կա ԿԳ նախարարություն, որն ինքը կորոշի և կլուծի հանրակրթության առջև դրված խնդիրները:Ինչու՞ եք ձեզ այդքան իրավունք վերապահում: Ինչու՞ եք սեպ խրում դպրոցների, ուսուցիչների և աշակերտների միջև: Ուզում եք ծրագիր իրականացնել, խնդրեմ, իրականացրեք ձեր ԱՅԲ դպրոցում, ի՞նչ գործ ունեք մարզերի և Արցախի դպրոցների հետ:

    • Մարգարիտ says:

      Ժամանակ չունեմ ավելորդ մեկնաբանությունների։ Կարճ ուզում եմ ասել վերոհիշյալ Գալյային։ Համոզված եմ, որ այն ուսուցիչները, որոնք չեն անցել ԱՅԲ-ի մրցույթը, պարզապես չեն համապատասխանել դպրոցի խստագույն պահանջներին և, որ ձեր ճանաչած թեկնածուն բոլորովին էլ արժանի չի եղել այդ դպրոցում դասավանդելու, որովհետև, վստահ եմ, որ դուք գաղափար անգամ չունեք, թե ինչ փայլուն ուսուցիչներ ե դասավանդում ԱՅԲ-ում, մեկը-մյուսից հիանալի և արժանի։ Ես այս ամենը գրում եմ, որպես ծնող, որի երեխային ԱՅԲ դպրոցը բազմապիսի հնարավորություններ է ընձեռել՝ փայլուն կրթություն, հոգևոր և մարդկային հատկանիշները զարգացնելու հնարավորություն ընձեռել և, ամենակարևորը,, մատաղ սերնդի համար արժևորել հասարակության մեջ նրանց կարևորագույն դերն ու նշանակությունը։
      Իսկ դու ոչ մի իրավունք չունեք կասկածի տակ առնելու հոդվածագրի մասնագիտական և բարոյական հատկանիշները։ Չարացած մարդու խոսքեր են դրանք։

      • Գալյա says:

        Խոսքը միայն հոդվածագրին չի վերաբերում. շարադրանքը առավել քան հստակ է: Իսկ անվստահությունն ու կասկածը գալիս են իրական հիմքերից, որոնցից Դուք իսկապես գաղափար չունեք: Կշռադատեք Ձեր ասելիքը: Մի ծրագիր, որ հիմնված է անարդարության վրա, չի կարող երկար կյանք ունենալ: Իսկ Արարատյան բակալավրիատը հոգեվարքի մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930