Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծեռնակաբերդը սուրբ վայր է». «Ավրորա»-ի հավակնորդները Ծիծեռնակաբերդում էին

Հունիս 07,2018 19:15

«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի երեք հավակնորդներն այսօր այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր: Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիրն է, որն ապաստան եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների:

Մեքսիկացի վանահայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է Ծիծեռնակաբերդում ու շատ տպավորված է: «Ծիծեռնակաբերդը սուրբ վայր է: Ամենաուժեղ փաստն այն է, որ հայ ժողովուրդը կարողացավ վերածնվել»,-ընդգծեց նա:

Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, որը 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին: Նա էլ ասաց, որ Մյանմայում ռոհինջաները ցեղասպանության վտանգի առջեւ են կանգնած. «Ցավոք, մենք չենք կարող ունենալ Ծիծեռնակաբերդի պես հուշահամալիր, ինչպիսին հայերն ունեն»:

Նա բարձր գնահատեց հայ ժողովրդի հյուրընկալությունը:

«Ավրորա» մրցանակի երրորդ հավակնորդը՝ Սունիտա Քրիշնան էլ Հնդկաստանում զբաղվում է սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհ դարձած կանանց փրկությամբ՝ իր հիմնադրած վերականգնողական կենտրոնում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո նա նշեց, որ դա իր համար կարեւոր եւ տպավորիչ առաքելություն էր:

Presentation of Hayk Demoyan’s book entitled the ‘Armenian Legacy in America. 400 Years of Heritage’ took place at the Armenian Genocide Museum-Institute

Ապա` հյուրերը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայկական ժառանգությունը Ամերիկայում: Ժառանգության 400 տարիները» գրքի շնորհանդեսը։ Այն տպագրվել է «Ավրորա» մրցանակի հիմնադիրների նախաձեռնությամբ եւ ներկայացնում է ցեղասպանությունից փրկված եւ ԱՄՆ-ում հաստատված հայերի պատմությունը:

Հավելենք, որ «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհնչեցվի հունիսի 10-ին: Նա կպարգեւատրվի ինչպես 100,000 ԱՄՆ դոլար պարգեւով, այնպես էլ 1,000,000 դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930