Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը բողոքարկել է այծյամ սպանածի վերաբերյալ գործը կարճելու դատավորի որոշումը

Դեկտեմբեր 21,2017 23:13

Դիլիջանի տարածաշրջանի Աղավնավանք գյուղի բնակիչ Վաչագան Թավարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Հայաստանի Հանրապետության որսորդների եւ ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության անդամ, չունենալով որս կատարելու թույլտվություն, 2017թ. հունվարի 24-ին, ժամը 06. 30-ի սահմաններում Աղավնավանք գյուղում գտնվող իր տան հողամասում իր կողմից ապօրինի պահվող որսորդական ողորկափող հրացանից դիտավորությամբ մեկ կրակոց արձակելով՝ ապօրինի որսացել է այծյամ ՝ պետությանը պատճառելով խոշոր՝ 250 000 դրամի վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Վ. Թավարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ Տավուշ մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննությունը սկսվելը Վ. Թամարյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, այդ միջնորդությունը բավարարվել է:

2017թ. հունիսի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն արձանագրել է, որ ամբաստանյալն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, դեպքից անմիջապես հետո ժամանած ոստիկանության աշխատակիցներին կամովին ներկայացրել է հանցագործության գործիքն ու առարկան, ի սկզբանե տվել է խոստովանական ցուցմունքներ, կամովին հատուցել է պատճառված վնասը, ուստի որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մեղադրվող Վ. Թամարյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել`գործուն զղջալու հիմքով:

Քրեական գործով մեղադրող Ա. Մելիքբեկյանն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Սեպտեմբերի 29-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան`այլ կազմով նոր քննության:

Ներկայումս սույն քրեական գործով դատաքննությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031